ԲՀԿ-ն այն ուժը չէ, որի հետ պետք է խնդիրներ լուծել

«Իրատես de facto»-ն Ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Մանվել Սարգսյանից հետաքրքրվել է, թե ինչ արդյունք կտա Րաֆֆի Հովհաննիսյանի’ փետրվարի 25-ին ԿԸՀ-ի կողմից հրապարակված թվերը չեղյալ հայտարարելու պահանջով Սահմանադրական դատարան հայց ներկայացնելը:

««Սահմանադրական դատարան դիմելն այն քայլն է, որով ցույց ես տալիս, որ չես ճանաչում ընտրությունների արդյունքները: Րաֆֆի Հովհաննիսյանը ՍԴ է դիմել այն նույն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ պահանջում էր, որ Սերժ Սարգսյանը գա Ազատության հրապարակ եւ ճանաչի ժողովրդի հաղթանակը: Իսկ թե որքանով լուրջ կվերաբերվի ՍԴ-ն այդ հայցին, կախված է այն բանից, թե իշխանությունները ճնշումներ կգործադրե՞ն, թե՞ ոչ»,- ասաց Մանվել Սարգսյանը:

ՌԱՀՀԿ տնօրենին հարցրինք, թե որքանով են Րաֆֆի Հովհաննիսյանի’ ազատ Հայաստանի, քաղաքացիական հասարակության վերաբերյալ հնչեցրած կարգախոսները համարժեք Գագիկ Ծառուկյանի հետ հանդիպման փաստին: Հիշեցրինք նաեւ, որ Հայ ազգային կոնգրեսի’ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության հետ համագործակցության փորձերը խստիվ քննադատվում էին ՀԱԿ-ի համակիրների կողմից: Րաֆֆի Հովհաննիսյանը չի՞ կորցնի իր վարկանիշը այդ քայլով:

«Ես մնում եմ այն կարծիքին, որ ԲՀԿ-ն այն ուժը չէ, որի հետ պետք է քաղաքական խնդիրներ լուծել: Մեր քաղաքական կյանքում արդեն եղել է նման քայլ, որը հանգեցրել է լուրջ պրոբլեմների: Սոցիալական ցանցերում արդեն արծարծվում է այդ հարցը: Կարծում եմ, ինչ-որ բացատրություններ պետք է տրվեն, եթե նկատի ունենանք, որ եղել է փակ հանդիպում: Հանդիպում եղավ նաեւ Սերժ Սարգսյանի հետ:

Ցանկացած փակ քննարկում կասկածների տեղիք է տալիս: Եվ, որպեսզի կասկածներ չմնան, պետք է բացատրություններ տրվեն այդ առթիվ»,- արձագանքեց Մանվել Սարգսյանը»,- մեջբերում է«Իրատես de facto»-ն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում