Միջադեպ՝ Սահմանադրական դատարանում

Սահմանադրական դատարանի մարտի 12-ի նիստի ընդմիջման ժամանակ ակտիվիստներից մեկը’ Կարեն Հարությունյան անունով, ներխուժել էր Սահմանադրական դատարանի շենք:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ’ ակտիվիստն անդադար վանկարկում էր ու Տիգրան Մուկուչյանի հասցեին մեղադրանքներ հնչեցնում: Անվտանգության աշխատակիցները խուլիգանական արարքի հեղինակին դուրս ուղեկցեցին Սահմանադրական դատարանի շենքից:

ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 14-ին շարունակում է նախագահի նախկին թեկնածուներ Րաֆֆի Հովհաննիսյանի եւ Անդրիաս Ղուկասյանի’ ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2013թ.-ի փետրվարի 25-ի՝ «Հայաստանի Հանրապետության նախագահ ընտրվելու մասին» թիվ 62 Ա որոշումը վիճարկելու վերաբերյալ դիմումների միավորված քննությունը: Քննությունն անցկացվում է բանավոր ընթացակարգով, դռնբաց: Դատարանում նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ներկայացուցիչներն են իրավախորհրդատու Կարեն Մեժլումյանը և պատասխանատու Զարուհի Փոստանջյանը: Անդրիաս Ղուկասյանը ինքն է ներկայացնում իր դիմումը: Պատասխանող կողմ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը լիազորել է հանդես գալ ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանին, ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանին և իրավաբան Նունե Հովհաննիսյանին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում