Հարավային Կորեայի նախագահի պաշտոնակատարը հրաժարվել է երկարացնել կոռուպցիոն սկանդալի հետաքննության ժամկետը

Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնակատար, վարչապետ Հվան Գյո Անը հրաժարվել է երկարացնել իշխանությունից ժամանակավորապես հեռացված պետության ղեկավար Պակ Կըն Հեի շուրջ կոռուպցիոն սկանդալի հետաքննության հատուկ հանձնախմբի աշխատանքի ժամկետը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հայտնել է YTN հեռուստաալիքը:

«Համապատասխան որոշումն ընդունվել է այն բանից մեկ օր առաջ, երբ լրանում է հանձնախմբի աշխատանքի՝ օրենքով սահմանված 70-օրյա ժամկետը, եւ այն բանից 11 օր անց, երբ այն գլխավորած հատուկ դատախազը աշխատանքի ժամկետի երկարացման խնդրագիր էր ներկայացրել»,-նշում է հեռուստաալիքը: Հվան Գյո Անն իրավունք ուներ հետաքննության մանդատը երկարացնել եւս 30 օրով:

Կոռուպցիոն սկանդալը ծայր է առել հոկտեմբերին, երբ մամուլում հաղորդագրություններ հայտնվեցին հարավկորեական խոշոր կորպորացիաների, այդ թվում՝ Samsung-ի կողմից կառավարության արտոնություններ ստանալու վերաբերյալ՝ այն ֆոնդերին խոշոր գումարներ տրամադրելու փոխարեն, որոնք ստեղծվել էին պետության ղեկավարի ընկերուհու՝ Ցոյ Սուն Սիլի կողմից: Չզբաղեցնելով պետական որեւէ պաշտոն՝ նա, ինչպես պնդվում է, միջամտում էր նախագահական վարչակազմի գործերին եւ օգուտներ ստանում՝ օգտագործելով կապերը:

Ներկայում Ցոյ Սուն Սիլը ձերբակալված է:

Երկրում իշխանությունը Հվան Գյո Անին է անցել այն բանից հետո, երբ 2016 թվականի դեկտեմբերի 9-ին խորհրդարանն իմպիչմենտ հայտարարեց նախագահ Պակ Կըն Հեին: Մինչեւ ամառ Հարավային Կորեայի Սահմանադրական դատարանը պետք է կա՛մ հաստատի իմպիչմենտը, կա՛մ վերականգնի Պակ Կըն Հեի լիազորությունները:

Կորեայի Հանրապետության նախագահի պաշտոնի գլխավոր ընդդիմադիր թեկնածուն՝ Մուն Չժե Ինը, խիստ քննադատության է ենթարկել նախագահի պաշտոնակատարի հրամանագիրը, ինչի մասին ասված է մամուլի համար նրա տարածած հայտարարության մեջ:

«Այդ որոշումը պարզորոշ ցույց Է տալիս, որ վարչապետն ակնհայտորեն պաշտպանում է Պակ Կըն Հեին այն առումով, ինչ վերաբերում է Սահմանադրության խախտմանը եւ իշխանության չարաշահման շուրջ սկանդալին»,-ընդգծել է Մուն Չժե Ինը:

Քաղաքական գործիչը «անամոթ» եւ «անպատասխանատու» է որակել վարչապետի գործողությունները: «Դա ամբողջ հարավկորեական ժողովրդի դեմ ուղղված սադրանք է»,-ասել է նա եւ հավելել, որ «մինչ այժմ հայտնի չէ ամբողջ ճշմարտությունը Պակ Կըն Հեի չարաշահումների վերաբերյալ», որի կողմնակիցներին նա մեղադրել է «իրենց հանցագործությունները թաքցնելու» փորձերի մեջ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում