ՀԱԿ-ը կմասնակցի Երեւանի ավագանու ընտրություններին

«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է, որ երեկ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը, պատասխանելով հարցին’ ինչպե՞ս է ՀԱԿ-ը մասնակցելու ավագանու ընտրություններին, հայտարարել է. «Կոնկրետ ՀԱԿ-ի համար դժվար է լինել զուգահեռաբար եւ այս տրանսֆորմացիոն գործընթացների մեջ (խոսքը ՀԱԿ կուսակցության ձեւավորման եւ այդ թեմայով սպասվելիք միջոցառումների մասին է.-խմբ.), եւ մասնակցել ավագանու ընտրություններին: Բայց մենք պատրաստ ենք ուժերի եւ կազմակերպական ռեսուրսների լարումով դա անել, որովհետեւ տեսնում ենք այդ ընտրություններում ճեղքման լուրջ շանս: Իհարկե, շատ լավ կլիներ, եթե մենք կարողանայինք ձեւավորել կուսակցությունը, հետո նոր մասնակցել ընտրություններին, բայց ունենք այն, ինչ ունենք’ այդ ժամանակը մեզ տրված չէ, քաղաքական գործընթացները թելադրում են ակտիվ մասնակցություն, եւ ուրեմն’ մենք պետք է համատեղենք այս գործընթացները’ ՀԱԿ կուսակցության ձեւավորումն ու ընտրություններում հաղթանակի ակնկալիքով ընտրություններին մասնակցել: Մենք հիմա զբաղված ենք ընտրացուցակի կազմմամբ»»,- մեջբերում է «Չորրորդ ինքնիշխանությունը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում