«Արմավիա»-ն գնելու Գագիկ Ծառուկյանի մտադրության մասին լուրեր հերքվում են

Մամուլում լուրեր են պտտվում այն մասին, որ «Բարգավաճ Հայաստան » կուսակցության առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանը ցանկություն է հայտնել գնել «Արմավիա» ավիաընկերությունը և այդ առիթով հանդիպում է ունեցել ընկերության սեփականատեր Միկա Բաղդասարյանի հետ:

Ինչպես գրել է «Հրապարակ» թերթը, Գագիկ Ծառուկյանը բանակցություններ է վարել Միկա Բաղդասարյանի հետ՝ փորձելով համոզել վերջինիս ընկերությունը սնանկ հայտարարելու մասին, որից հետո կկայանար վաճառքը:

Թերթը նշում է նաև, որ այս ամենին դեմ է եղել ՀՀ Կառավարությունը, վերջինս հայտարարել է, որ «Արմավիայի» վաճառքը կարող է լինել միայն պարտքերի մարումից հետո:

Սակայն այս լուրը հերքեց ԲՀԿ առաջնորդի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը: Վերջինս Tert.am-ի հետ զրույցում նշեց, որ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը «Արմավիա» ընկերությունը գնելու ցանկություն չի ունեցել և չունի:

«Եթե կան կազմակերպություններ, որոնք կարող են ստանձնել ոլորտի աշխատանքները, լուծել առկա խնդիրները և մատուցվող ծառայությունները որակական նոր փուլ տեղափոխել, ապա Գագիկ Ծառուկյանը միայն ողջունում է այդ հանգամանքը և կողմնակից է ոլորտի զարգացմանը միտված նախաձեռնություններին»,-ավելացրերց նա

Ըստ Իվետա Տոնոյանի՝ մամուլում հայտնված տեղեկությունները երևակայության արդյունք են և իրականության հետ ոչ մի առնչություն չունեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում