ՌԴ-ն ստիպված կլինի վերականգնել երկաթգիծը՝ իր դիրքերը Հարավային Կովկասում չկորցնելու համար

«Իտար-Տասս» լրատվական գործակալությունը տպագրել է «Մոսկվա-Հարավային Կովկաս»’ դաշնակիցների վերանայում» խորագրով հոդվածը, որի հեղինակն է «Գոլոս Ռոսիի» ռադիոկայանի Կովկասում հեռարձակման բաժնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Իվան Սուխովը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մի քանի ժամվա տարբերությամբ հանդիպել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ: Դա փետրվարի 18-ին նախագահի պաշտոնում վերընտրված Սերժ Սարգսյանի առաջին արտասահմանյան այցն էր, իսկ Ալեքսանդր Անկվաբը Մոսկվա էր ժամանել տնտեսության ոլորտում Մոսկվայի հետ հետագա համագործակցությունը քննարկելու նպատակով:

«Բոլոր տարբերությունները մի կողմ դնելով՝ կարելի է համարել, որ այս հանդիպումներն ինչ-որ չափով «դաշնակիցների հավաք» է՝ հնարավոր անկայուն, խառնաշփոթ իրավիճակի շեմին։
Ներկայումս Հարավային Կովկասում կա 3 երկիր՝ Հայաստանը, Աբխազիան և Հարավային Օսիան, որոնք հավատարիմ գործընկերներ են Ռուսաստանին։ Ինչ վերաբերում է իշխանափոխության ճանապարհին կանգնած Վրաստանին, ապա այն դեռևս ակնհայտորեն պատրաստ չէ արմատական փոփոխություններ իրականացնել Ռուսաստանի հետ հարաբերություններում։

Ադրբեջանի հետ ռուսական կողմի հարաբերությունների զարգացման հեռանկարը, անկախ 2 երկրների քաղաքական գործիչների և դիվանագետների հնչեցրած բարեկամական հռետորաբանությունից, ընդհանուր առմամբ դեռևս չի ձևավորվել։ Այն դեպքում, երբ Ադրբեջանը Վրաստանի հետ ենթակառուցվածքային ոլորտում ավելի սերտ կապերի մեջ է, քան Ռուսաստանի։

Ժամանակակից հարավկովկասյան բեմի բոլոր գործող անձինք, առանց բացառության, դեռևս անխոս ընդունում են Ռուսաստանի իշխող դիրքը։ Բայց եթե մենք ներկեինք Հարավային Կովկասը՝ ցույց տալու համար այդ երկրներում Ռուսաստանի ունեցած ազդեցությունն ու դրանց պատասխան հավատարմության աստիճանը Մոսկվային, ապա այս պարագայում Հայաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի գույները խիստ կտարբերվեին Ադրբեջանի և Վրաստանի գույներից։ Նայելով, այս քարտեզին միանգամից պարզ է դառնում, որ այդ 3 տարածքները կազմավորում են անկանոն եռանկյուն՝ խարիսխ գցելու հուսալի վայր:

Սակայն նպատակի հեռանկարի համար անհրաժեշտ են ենթակառուցվածքային կապեր, որոնք ներկայիս դրությամբ բացակայում են։ Սակայն դրանք հնարավոր կլիներ վերականգնել Սոչին Սուխումիի և Երևանի հետ կապող երկաթգծի միջոցով, որը փակվել է վրաց-աբխազական հակամարտությունից հետո։ Երկաթգծի աշխատանքների վերսկսման թեման բարձրացվել է Վրաստանում «Վրացական երազանք» ընդդիմադիր կուսակցության իշխանության գալուց հետո, սակայն հարցի իրական գինն այնպիսին է, որ դրա հանրային քննարկման ցանկացած փորձ լուրջ դիմադրության կհանդիպի թե՛ Վրաստանի, թե՛ Ադրբեջանի որոշակի շրջանակներում։
Այս ճանապարհը տրանսպորտային առումով չէր շրջափակի Հայաստանը, որը ներկայում ամբողջովին դուրս է մնացել Բաքվի, Թբիլիսիի և Անկարայի կառուցած ենթակառուցվածքային նախագծերից։ Ավտոմատ կերպով դա կնշանակեր, որ Հայաստանն ամրապնդում է իր առանց այդ էլ բարդ հարաբերություններն Ադրբեջանի և Անկարայի հետ։

Սակայն երկաթգծի վերականգնման նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում և Աբխազիայում տարբեր է։ Հայաստանի դեպքում’ նոր տնտեսական հնարավորություններ են և սկզբունքայնորեն նոր կարգավիճակ, ինչն իր հերթին հնարավորություն կտար ավելի վստահ տոնով քննարկել ԼՂ խնդրի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերը։ Իսկ Աբխազիայի պարագայում դա տնտեսական մրցակցության աճ է. երկաթգծով Ռուսաստան կներկրվեն ոչ միայն աբխազական մանդարինները, այլ նաև Հայաստանի և Արևմտյան Վրաստանի մրգերը։ Բացի այդ, ժամանակին հենց այդ երկաթգծի միջոցով է պատերազմը «եկել» Աբխազիա։

Թեև երկաթգծի շահագործման հարցը չի շոշափվել Սարգսյանի և Անկվաբի պաշտոնական այցելությունների ընթացքում, սակայն Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին անմիջապես անդրադարձել է այդ թեմային, մասնավորապես՝ ասելով.«Երկաթգծի աշխատանքի վերսկսման մտադրություն կա, սակայն չարժե շտապել, որպեսզի ճանապարհը չվնասի Վրաստանի քաղաքական շահերին»։

Այնուամենայնիվ, ակնհայտ է, որ հենց այս ճանապարհն է լինելու Սարգսյանի պաշտոնավարման 2-րդ ժամկետի ընթացքում ռուս-հայկական հարաբերությունների գլխավոր թեման։
Դեռևս ոչ ոքի կողմից չբարձրաձայնված հարցը հնչում է հետևյալ կերպ. կամ երկաթգիծը կվերականգնվի, կամ Ռուսաստանը կշարունակի կորցնել իր դիրքերը Հարավային Կովկասում»,-գրված է հոդվածում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում