Թույլ ենք տվել վառելիքը ներմուծել զուտ այն պատճառով, որ ունենք ոչ կատարյալ նորմատիվներ. ՀՀ վարչապետ

Թույլ ենք տվել վառելիքը ներմուծել զուտ այն պատճառով, որ ունենք ոչ կատարյալ նորմատիվներ. ՀՀ վարչապետ

ՀՀ վարչապետ, Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալ Կարեն Կարապետյանն անդրադարձավ ՀՀ Ազգային ժողովի ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանի բարձրացրած՝ Իրանից ներկրված վառելիքի խնդրին, որը թույլ չէր տրվել ներմուծել ՀՀ:

«Այո, Հայաստանում նախկինում մուտք էր գործում անորակ, նույնիսկ ոչ թե դիվառելիք, այլ վառելիք: Այն դիզվառելիքի հետ խառնվելու դեպքում տեխնիկան չէր աշխատեցնում: Այդ իսկ պատճառով, վառելիքի այն հերթական խմբաքանակը, որը կանգնեցրել էինք սահմանին, դիզվառելիք չէր և հետագայում ցույց տրվեց, որ այն վառարանային վառելիք է: 460 տոննա ներմուծվել է Հայաստան, այն Հայաստանում այդքան սպառում չունի, և մենք թույլ ենք տվել, որ այդ վառելիքը մտնի Հայաստան զուտ այն պատճառով, որ ունենք ոչ կատարյալ նորմատիվներ, որը չի սահմանափակում, բայց մենք միանշանակ գիտենք, որ այդ վառելիքի պահանաջարկը երկրում չկա»,– «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց Կարեն Կարապետյանը:

Նրա խոսքով՝ շատ մեծ տրամաբանություն պետք չէ ունենալ, որ այդ վառելիքը պետք է խառնվի և այլ վառելիքի ներքո վաճառվի, քանի որ դրա պահանջարկը չկա: «Բայց չունենալով օրինական հիմք` դա չթողնելու, մենք մաքսազերծել ենք: Համենայն դեպս, այս պահին շատ հստակ հետևում ենք, թե այդ վառելիքն ուր է գնալու»,– ընդգծեց ՀՀ վարչապետը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում