Երգչուհի Հելենա Սեգարան այսօր այցելել է Երեւանի կոնյակի գործարան

Ֆրանկոֆոնիայի միամսյակի մեկնարկի կապակացությամբ Հայաստանում գտնվող ծագումով հայ ֆրանսիացի երգչուհի Հելեն Սեգարան Հայաստանում Ֆրանսիայի Արտակարգ և լիազոր դեսպան պարոն Անրի Ռենոյի ուղեկցությամբ այսօր այցելել է Երևանի կոնյակի գործարան: Ըստ նախատեսված ծրագրի’ հյուրերը այցելել են Երևանի կոնյակի գործարանի հնացման արտադրամաս, որտեղ ծանոթացել են հայկական Արարատ կոնյակի պատմությանը և արտադրական պրոցեսին: Այս մասին տեղեկանում ենք Արարատ կոնյակի գործարանի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունից։

Պատվիրակությունը կանգ է առել նաև «Խաղաղության տակառի» մոտ, որը հիմնադրվել է 2001 թվականին ի պատիվ ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների այցի: Տակառում հնացվում է զինադադարի տարին խորհրդանշող 1994թ. կոնյակի սպիրտ: Ի դեպ, այն կոչվում է «խաղաղության», քանի որ կբացվի այն ժամանակ, երբ կկարգավորվի ղարաբաղյան հակամարտությունը: Երգչուհին գրառում է կատարել գործարանի հուշագրքում:

Երևանի կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Արա Գրիգորյանը տիկին Սեգարային նվիրել է սահմանափակ խմբաքանակով թողարկած ԱՐԱՐԱՏ ԱՐՄԵՆԻԱ կոնյակը:

Նշենք նաև, որ այսօր’ մարտի 19-ին ժամը 20:00 Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում կկայանա Հելեն Սեգարայի համերգը: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում