Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի է ունենալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվե

Թուրքիայում ապրիլի 16-ին տեղի է ունենալու սահմանադրական փոփոխությունների հանրաքվե

Թուրքիայի ապագայի վերաբերյալ բազմաթիվ փոփոխություններ պարունակող սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն տեղի է ունենալու ապրիլի 16-ին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, սահմանադրական փոփոխությունների անցնելու պարագայում Թուրքիայում անցում է կատարվելու կառավարման նախագահական համակարգի: Սահմանադրական փոփոխությունների համաձայն թուրքական մեջլիսի պատգամավորների թիվը 550-ից դա ռնալու է 600, պատգամավոր ընտրվելու տարիքը 25-ից իջեցվելու է 18-ի:

Թուրքիայի Մեջլիսի և նախագահի ընտրությունները 4-ի փոխարեն անցկացվելու են 5 տարին մեկ միևնույն օրը, և երկրի նախագահին կուսակցական լինելու իրավունք է տրվելու: Հանցանք գործելու հիմնավորմամբ երկրի նախագահի նկատմամբ թույլատրվելու է հետաքննություն սկսել մեջլիսի անդամների բացարձակ մեծամասնության առաջարկով: Երկրի փոխնախագահներին և նախարարներին նշանակելու և պաշտոնից հեռացնելու է նախագահը: Նախագահական հրամանագրերով է որոշվելու նախարարությունների ստեղծումը:

Մեջլիսի անդամների 3/5-ի ձայներով կարող է որոշում ընդունվել նոր ընտրությունների անցկացման մասին: Այդ պարագայում մեջլիսի և նախագահական ընտրությունները կրկին պետք է միասին անցկացվեն: Եթե մեջլիսը նոր ընտրությունների մասին որոշում է կայացնում նախագահի պաշտոնավարման երկրորդ շրջանում, ապա նախագահին թույլատրվելու է նորից իր թեկնածությունն առաջադրել:

Թուրքիայի մեջլիսի և նախագահի հաջորդ ընտրությունը նախատեսվում է իրականացնել 2019 թվականի նոյեմբերի 3-ին: Սահմանադրական դատարանի անդամների թիվը 17-ից իջեցվելու է 15-ի: Ապրիլի 16-ին Թուրքիայում հանրաքվեի դրված սահմանադրական փոփոխությունների փաթեթը կազմված է 18 կետից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում