Թուրքիայում կբացվեն ցեղասպանության արխիվները

«Մենք՝ թուրքական մտավորականությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին մտադիր ենք աշխատանքներ տանել լռության պատը քանդելու ուղղությամբ», – Երևանում ընթացող «Հայոց ցեղասպանություն. Մարտահրավերներ հարյուրամյակի նախաշեմին» խորագրով միջազգային երկօրյա գիտաժողովի շրջանակներում լրագրողներին հայտարարեց թուրք պատմաբան, ակտիվիստ-իրավապաշտպան Ռագըփ Զարակոլուն, ով հայտնի է Հայոց ցեղասպանությանը վերաբերող հրապարակումներով:

«Իհարկե, Թուրքիայում կան արխիվներ որոնք դեռ պետք է կարգավորվեն, մասնավորապես՝ զինվորական արխիվները, որոնք փակ են և պետք է բացվեն: Ցավոք, Թուրքիայում վիճակն այնպիսին է, որ անգամ կադաստրի արձանագրությունները չեն մտցվում ինտերնետային միջավայր, քանի որ դա ընդունվում է որպես պետական գաղտնիք», – իր ելույթում նշեց Զարակոլուն: 

Բանախոսը նշեց, որ Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ պատրաստվում է շարունակել իր ակտիվ գործունեությունը, քանի որ դա միայն իր հարցը չէ, այլ՝ մարդու իրավունքների հարց է:

«Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունները աշխատում են այդ ողղությամբ: Ինչպես գիտեք, արդեն մի քանի տարի է ապրիլի 24 նշվում է Թուրքիայում մարդու իրավունքների պաշտպանության կազմակերպությունների կողմից: 90-ական թվականներից ի վեր բազում աշխատանքներ են կատարվում այդ ուղղությամբ և այս խնդիրը մտցված է այս կազմակերպությունների գործունեության մեջ՝ անգամ նրանց կանոնադրության մեջ առկա են ցեղասպանության մասին դրույթներ, ընդ որում ոչ միայն հայոց, այլև աշխարի բոլոր ցեղասպանութունների հետ կապված», – նշեց նա:

Ըստ բանախոսի՝ թուրքական իրավապաշտպան կազմակերպություններն արդեն 20 տարի է պայքար են մղում Թուրքիայում ոչ միայն հանուն ցեղասպանության ճանաչման, այլև՝ մարդու իրավունքների: «Այդ պայքարի ընթացքում շատ ընկերներ մահացան, բազում մարդու իրավունքների պաշտպաններ նստած են բանտերում: Սա այնպիսի աշխատանք է, որ պիտի կատարվի անգամ վախի առկայության պարագայում: Սա համարձակության խնդիր չէ, այլ՝ խղճի», – ասաց թուրք պատմաբանը:

Իր զեկույցում Զարակոլուն նաև նշեց. «Հայոց ցեղասպանության ժխտման մի ամբողջ համակարգ է ստեղծվել, և եթե որևէ մի թուրքական համալսարանում դասախոսը կամ ուսանողը ցանկանա զբաղվել այս ողբերգության ուսումնասիրությամբ, ապա կառնչվի այդ կոմիտեի հետ: Ոչ ոք չի ցանկանում իր վրա վերցնել նման պատասխանատվություն, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ Ցեղասպանության ճանաչումն ազգային դավաճանություն է համարվում: Վերջին տարիների ընթացքում թուրքական բուհերում պատրաստվել է Ցեղասպանությանը վերաբերող 22 աշխատություն, բայց միայն երկուսի մեջ առկա չէր ժխտողականություն»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում