Լևոն Արոնյանը կիսում է 1-2 հորիզոնականները Մագնուս Կարլսենի հետ

Աշխարհի չեմպիոնի կոչման համար հավակնորդների մրցաշարի 8-րդ տուրում մրացաշարի առաջատարներ Լևոն Արոնյանը և ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակի առաջատար Մագնուս Կարլսենը վաստակեցին 0,5-ական միավոր:

Ինչը նշանակում է’ մրցաշարային աղյուսակում այս շախմատիստները կրկին հավասար միավորներ ունեն’ 5,5 և կիսում են 1-2 հորիզոնականները:

 Խաղից հետո Լևոն Արոնյանը խոստովանել է, որ զգում է հայրենիքի աջակցությունը: «Ես գիտեմ, որ ինձ սատարում են տանը: Ինձ նամակներ են գրում, կարճ հաղորդագրություններ, երբ ժամանակ է լինում, ես պատասխանում եմ: Շատ հաճելի է զգալ, որ քո խաղը հարկավոր է»,-Արոնյանի խոսքն է մեջբերում candidates2013.com-ը: Արոնյանը զգում է ոչ միայն Հայաստանի, այլև Լոնդնում բնակվող բազմաթիվ հայերի աջակցությունը, որոնք ներկա են գտնվում նրա խաղերին և ոգևորում անվանի հայ շախմատիստին:
Իսկ Մագնուս Կարլսենը նշել է, որ Արոնյանի հետ խաղում աշխատում էր գործել հուսալի և հաստատուն: «Ես հասկանում էի, որ այս պարտիան կարևոր է մրցաշարային տեսակետից և ցանկանում էի վստահ գործել: Մենք երկուսս էլ ընթանում էինք ծանոթ տարբերակով, մինչև որ Լևոնը չզարմացրեց ինձ 15…c6 քայլով: Հավանաբար, դա վերջնականապես հավասարեցրեց խաղը: Ակնհայտին դեմ ես չգնացի: Ոչ ոքի ստացվեց, սակայն այնքան էլ չտխրեցի, որ կորցրեցի սպիտակ գույնը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում