Խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերն ու այլ պարտադիր վճարներն ավելացել են 13,9 տոկոսով

Խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերն ու այլ պարտադիր վճարներն ավելացել են 13,9 տոկոսով

Հայաստանի խոշոր հարկ վճարողները 2017 թվականի առաջին եռամսյակում պետբյուջե են վճարել 125 մլրդ 179,3 մլն դրամի հարկեր և այլ պարտադիր վճարներ: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ՀՀ հարկային ծառայության հրապարակած տվյալները, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշն ավելացել է 13,9 տոկոսով:

Այդ թվում խոշոր հարկատուների կողմից վճարված ԱԱՀ-ն կազմել է 47 մլրդ 261,5 մլն դրամ, որն ավելացել է 10,7 տոկոսով:

2017 թվականի առաջին եռամսյակում նրանց կողմից վճարված շահութահարկը կազմել է 19 մլրդ 802,8 մլն դրամ` 5,7 տոկոսով զիջելով նախորդ տարվա ցուցանիշը: Ակցիզային հարկի վճարը կազմել է 9 մլրդ 206,9 մլն դրամ` ավելանալով 70,8 տոկոսով:

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանի խոշոր հարկատուները պետբյուջե են վճարել 35 մլրդ 513,2 մլն դրամի եկամտային հարկ, ինչն ավելացել է 6,1 տոկոսով:

83,1 տոկոսով ավելացել է նաև նրանց կողմից վճարվող այլ հարկերի ծավալը` կազմելով 13 մլրդ 394,9 մլն դրամ:

2017 թվականի առաջին եռամսյակում հարկային մարմինների կողմից իրականացվել է 198 հարկային ստուգում, ինչը 14,7 տոկոսով պակաս է նախորդ տարվա ստուգումների քանակից: Հարկային ստուգումների արդյունքում լրացուցիչ առաջադրված գումարները կազմել են 2 մլրդ 209,6 մլն դրամ, ինչն ավելացել է 99,7 տոկոսով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում