Բարեփոխումներ հաշմանդամություն ունեցող անձանց համար

Ազգային ժողովի սոցիալական հանձնաժողովի նախաձեռնությամբ ապրիլի 2-ին անցկացվեցին «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավուքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին» ՀՀ օրենքի նախագծի խորհրդարանական լսումներ:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ընդգծեց, որ այս օրենքի ընդունմամբ դրվելու են այն հիմքերը, որոնք թույլ կտան նոր մոտեցումներ որդեգրել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու ուղղությամբ:

Արտեմ Ասատրյանը իր խոսքում նշեց,- «Արդեն քսան տարի է’ Հայաստանում գործում է հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին օրենքը: Այս նոր նախագիծը փոփոխությունների սկիզբն է ազդարարելու: Մեզ համար կարևոր է հաշմանդամություն ունեցող անձանց հասարակությանն ինտեգրելը, քանի որ նրանք մեզանից մեկն են և պետք է ունենան բոլոր այն իրավունքները, ինչպես և բոլորը»:

Օրենքի նախագծով ոլորտում առաջարկվում է անցում կատարել նոր մոդելի: «Մինչև 18 տարեկան հաշմանդամություն ունեցող երեխաների համար կլուծվեն նաև նրանց կրթական հարցերը, իսկ դրանից բարձր տարիք ունեցողների համար պետք է լուծվի աշխատունակության և նրանց զբաղվածության ապահովման հարցը»,- շեշտեց նախարարը:

ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը նկատեց, որ առողջապահության տեսանկյունից հիմնական նպատակը պետք է լինի հաշմանդամության կանխարգելումը և ինտեգրումը վերականգնողական բոլոր միջոցառումների միջոցով:

«Մենք միայն օրեսնդրական դաշտի վրա չենք աշխատում, այլև փորձում ենք գործնական մասնակցություն ունենալ նմանատիպ հարցերում: Եթե ժամանակին ունեինք երիկամային անբավարություն ունեցող անձանց խնդիր, որոնք հասնում էին առաջին աստիճանի հաշմանդամության, ապա այսօր կարողանում ենք կատարել օրգանի պատվաստում, ինչը հնարավորություն է տալիս այդ մարդուն հնարավորինս առողջ ճանաչել»,- ասաց Բաբլոյանը:

«Այսօր Հայաստանում հաշվառված է 185 հազար հաշմանդամություն ունեցող անձ: Սակայն այս օրենքի նախագիծը վերաբերում է ոչ միայն հաշմանդամներին, այլ մեր հասարակության յուրաքանչյուր քաղաքացու, քանի որ ներդաշնակ հասարակություն կառուցելուն է միտված»,- հայտարարեց Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար Ջեմմա Բաղդասարյանը:

Ջ. Բաղդասարյանի խոսքով’ որդեգրված մոտեցումներից թերևս ամենակարևորը հաշմանդամություն ունեցող անձանց նկատմամբ խտրականության բացառումն է, ինչպես նաև աշխատաշուկայում քվոտաների ներդրումը, ինչը հնարավորություն կտա 18 տարեկանից բարձր հաշմանդամություն ունեցող անձանց լուծել զբաղվածության խնդիրը: Սրան է նաև միտված այս անձանց պահպանված աշխատունակության սահմանման մոտեցումը, որի հիմքում ընկած է «Հաշմանդամ անձը ևս պետք է աշխատի» սկզբունքը:

Օրենքում նաև շատ կարևոր նորություն կա’ նախատեսվում է հաշմանդամություն ունեցող անձանց ներառել բնակարանային ապահովման ծրագրերում:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում