Հայաստանի ասորական համայնքը ցանկանում է մասնակցել երեւանյան ծառատունկին

Երևանի քաղաքապետի տեղակալ Վանո Վարդանյանն այսօր Հայաստանի ասորական ասոցիացիայի նախագահ Արսեն Միխայլովին և նրա միջոցով Հայաստանի ասորական ամբողջ համայնքին է փոխանցել քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհավորանքը Հաբ-Նիսանի՝ ասորական նոր տարվա կապակցությամբ: Այս մասին տեղեկացնում են Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: 

«Երևանում ասորական համայնքը մշտապես իր մասնակցությունն է բերում իրականացվող քաղաքային տարբեր ծրագրերին: Հատկապես ակտիվորեն է ներգրավված հասարակական-մշակութային նախագծերում: Մենք բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների դերն ու նշանակությունը քաղաքի կյանքում և հույս ունենք, որ առաջիկայում համատեղ նոր ծրագրեր իրականացնելու հնարավորություններ կընձեռվեն», ասել է փոխքաղաքապետը` նշելով, որ Երևանի քաղաքապետարանը պատրաստ է իր լիազորությունների շրջանակում համագործակցել ու աջակցել համայնքին:

Արսեն Միխայլովն ընդգծել է, որ երևանաբնակ ասորի համայնքն իր հերթին կարևորում է քաղաքապետարանի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարները, նրա խոսքով` պատրաստակամ են հնարավորությունների չափով նպաստելու մայրաքաղաքի զարգացմանը: Արսեն Միխայլովը նաև փոխանցել է համայնքի երիտասարդների ցանկությունը` մասնակցելու ապրիլի 14-ին կազմակերպվելիք համաքաղաքային ծառատունկին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում