Կառավարության ծրագրի առանցքը լայնամասշտաբ և որակական բարեփոխումներն են. ՀՅԴ-ն կողմ կքվեարկի

Ազգային ժողովի ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը գործնական է որակում խորհրդարանի քննարկմանը ներկայացված կառավարության ծրագիրը: «Այս կառավարության նախորդ՝ կարճաժամկետ ծրագիրը բնորոշել եմ մեկ բառով՝ գործնական: Մինչև այսօր արվածի հիմքով՝ վերահաստատում եմ այդ գնահատականը՝ արդեն իբրև այս վարչապետի ու այս կառավարության բնութագիր»,- Ազգային ժողովում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ ասաց Վարդանյանը:

Նրա խոսքով՝ գործնականությունը այս փուլում, թերևս, ամենապահանջված հատկանիշն է: «Երբ կատարված է հանրային կյանքի բոլոր ոլորտների ախտաճանաչումը, երբ համատեղ ուժերով ձևակերպված են երկրի առջև ծառացած ներքին ու արտաքին դժվարագույն մարտահրավերները, երբ նախանշված է ուժեղ, մրցունակ, ազատ պետություն դառնալու նպատակը, ամենօրյա գործնական աշխատանքն այլընտրանք չունի: Ներկայացվող ծրագիրը, անկախ տարբեր կարծիքներից, հարկ եղածից ավելի մանրակրկիտ է՝ ոլորտ առ ոլորտ հստակ, չափելի, կոնկրետ պատասխանատվություն ենթադրող ժամանակացույց-անելիքներով: Քաղաքացին, քաղաքական ուժերը, ցանկության դեպքում, կարող են հետևել ժամանակացույցին և արածի ու չարածի հաշվետվություն պահանջել: Ծրագրի առանցքը լայնամասշտաբ բարեփոխումներն են, որոնք, մեր բառապաշարով, պետք է լինեն արմատական ու որակական»,- ընդգծեց պատգամավորը:

Աղվան Վարդանյանը գտնում է՝ եթե կառավարությունը կարողացավ հանրության գոնե մի մասի մոտ կոնկրետ արդյունքներով լավատեսություն, վաղվա հանդեպ հավատ ներշնչել, հասարակության առողջ հատվածը կմասնակցի բարեփոխումներին: Նրա խոսքով՝ առանց այդպիսի մասնակցության, առանց հետադարձ կապի ապահովման, ցանկացած, նույնիսկ լավագույն ծրագիր դատապարտված է: «Խոսքի և գործի հակասության ամենափոքր դրսևորումը, ինչը գրեթե միշտ բնորոշ է եղել մեր իրականությանը, քաղաքացին արձանագրում է և պետության, իշխանության հանդեպ վերաբերմունք ճշտում: Բացասական վերաբերմունք՝ բոլոր հետևանքներով:

Կառավարությունից պահանջում եմ հատուկ ուշադրություն դարձնել այս հանգամանքին: Ասում եք՝ կոռուպցիայի, մենաշնորհների դեմ պայքարելու եք, պետք է գործնական քայլերով ապացուցեք: Ասում եք՝ արտոնյալներ, հովանավորյալներ չեն լինելու, ասում եք՝ հավասար մրցակցային պայմաններ եք ապահովելու, օրենքը տարածվելու է բոլորի վրա, հարկային-մաքսային մարմինները անկողմնակալ են լինելու, իրավապահները ծառայելու են ոչ թե իշխանությանը, այլ՝ քաղաքացուն, դարձյալ պետք է գործնականում ապացուցեք: Շոուները, խարդավանքները, մամուլով ներիշխանական շանտաժները վիճակ չեն փոխելու: Կոնկրետ մարդը պետք է տեսնի իր հանդեպ պետական մարմինների, պաշտոնյաների վերաբերմունքի էական տարբերություն: Հանրային ծառայողի նոր վարքականոն է պետք պարտադրել՝ նոր մոտեցումներից բխող կադրային քաղաքականությամբ: Ապրիլյան օրերից հետո ասել եմ՝ այսպիսի ժողովուրդն այլ վերաբերմունքի է արժանի»,- ընդգծեց պատգամավորը: Աղվան Վարդանյանը հավելեց, որ ներկայացված ծրագրով նոր սկիզբ է դրվում: «Սա մեր կառավարությունն է, մեր ծրագիրն է, և մենք հետևողականորեն գնալու ենք երկիրն արմատական, որակական փոփոխությունների տանող ճանապարհով: Իմ համոզմամբ, նոր սկիզբը դրված է: Մնում է աշխատանքով քայլ առ քայլ Հայաստանը դարձնել արդար, անվտանգ, զարգացող պետություն»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում