Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության փորձնակներին

Արցախի ԱԳ նախարարն ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության փորձնակներին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հուլիսի 15-ին ընդունել է Հայկական բարեգործական ընդհանուր միության ամառային մասնագիտական փորձառության ծրագրի շրջանակներում ճանաչողական այցով տարբեր երկրներից Արցախ ժամանած մի խումբ հայ ուսանողների։ Այս մասին տեղեկացրեցին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակության հետ կապերի վարչությունից:

Կարեն Միրզոյանը հյուրերին է ներկայացրել Արցախի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակը, ինչպես նաև պետականաշինության բնագավառում արձանագրված ձեռքբերումները։

ԱԳՆ ղեկավարը բարձր է գնահատել կազմակերպության հայանպաստ գործունեությունը և Հայաստանում, Արցախում ու սփյուռքում նրա կողմից իրականացվող ծրագրերը։

Հանդիպման ավարտին Կարեն Միրզոյանը պատասխանել է ներկաների բազմաթիվ հարցերին, որոնք վերաբերում էին երկրում ժողովրդավարության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերին, արտաքին քաղաքական ասպարեզում առկա մարտահրավերներին և տարածաշրջանային խնդիրներին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում