Միսաք Մեծարենցի ստեղծագործական կյանքը
Նմանատիպ
Մեծարենցի գրական ժառանգությունը բաղկացած է ավելի քան 130 քնարական ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծություններից ու պատմվածքից և մի քանի գրական–քննադատական հոդվածներից, որոնցում շարադրել է իր ստեղծագործական սկզբունքները, պաշտպանվել թշնամական քննադատությունից։
Մեծարենցը սկսել է գրել 15-16 տարեկան հասակից։ Իր առաջին ոտանավորները հավաքել է մի տետրում՝ «Բաբախումներ» խորագրով, սակայն այդ շարքը լույս չի տեսել։
1907 թվականին նա տպագրում է «Ծիածան» և «Նոր տաղեր» ժողովածուները։ Մ. Պեշիկթաշլյանից և Պետրոս Դուրյանից հետո Մեծարենցը նոր աստիճանի բարձրացրեց արևմտահայ պոեզիան, արտացոլեց դարասկզբի թուրքահայ կյանքի բարդ և հակասական պայմաններում ապրող ու տառապող առաջավոր անհատի հարուստ ներաշխարհը։
Ընդդիմանալով սուլթանական ռեակցիային, ազգային և սոցիալական ճնշմանը՝ Մեծարենցը ստեղծեց մարդասիրական խոհերով, կյանքի ու բնության հերոսի կերպար, արտահայտեց դեմոկրատական խավերի երազանքը արտադրության ու ներդաշնակ աշխարհի մասին։
Մեծարենցը բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայում։ Բնության աստվածացումը նրան հանգեցրել է յուրօրինակ պանթեիստական ըմբռնումների։
Մեծարենցի աշխարհայացքի ու ստեղծագործության բնորոշ կողմերից մեկը նրա մարդասիրությունն է, որն ունի որոշակիորեն արտահայտված դեմոկրատական բովանդակություն։
Հակադրվելով անկումային գրականության «անմարդկային անձնաբանությանը»՝ Մեծարենցը գտնում էր, որ բանաստեղծի կոչումը պետք է լինի սիրո, գթության և անձնազոհության քարոզը։ Նրա քնարական հերոսը երազում է «անանձնական ուրախություն», որը նա պետք է պարգևի բոլոր կենդանի էակներին և, առաջին հերթին, «պարզ մարդերուն՝ գեղջուկներուն ու բանվորին»; Մեծարենցի բանաստեղծական արվեստը շատ կողմերով կապված է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի հետ։ Նա արևմտահայ պոեզիայում առաջ քաշեց բանաստեղծական պատկերի կառուցման նոր եղանակներ, ընդգծվեց բառի փոխաբերական իմաստը, կատարելության հասցվեցին ոտանավորի ձևերը։
Սակայն, ընդհանուր առմամբ, Մեծարենցը հեռու է մնացել սիմվոլիզմի անհատապաշտական բովանդակությունից և ուրբանիստական թեմատիկայից։ Նրա ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են թողել հայ միջնադարյան պոեզիան և ժողովրդական բանահյուսությունը։ Մեծարենցի ստեղծագործությունն իր հերթին ներգործել է արևմտահայ և արևելահայ պոեզիայի վրա, հատկապես բնության պատկերների յուրացման, մարդու և բնության փոխհարաբերության գեղարվեստական մեկնաբանության հարցում։
Մեծարենցը սիրում էր գիշերը։ Գիշերային մենակությունը, հանգստությունն ու լռությունը։ Այդ իսկ պատճառով էլ նա շատ էր գրում գիշերվա մասին։ Օրինակ՝ «Ձմրան պարզ գիշեր»-ը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում