IPad 5-ի վաճառքը կսկսվի աշնանից ոչ շուտ (տեսանյութ)

Ամերիկյան հեղինակավոր Apple ընկերությունը կսկսի նոր՝ 5-րդ սերնդի iPad պլանշետի հավաքման աշխատանքներն ընթացիկ տարվա օգոստոսից ոչ շուտ, հայտնում է թայվանական DigiTimes պորտալը։

Տեղեկատվական ռեսուրսի կարծիքով՝ այս ժամկետը պայմանավորված է այն հանգամանքով, որ Apple-ի թայվանական գործընկերները միայն ամռան վերջին կարող են բավարար քանակով նյութեր տրամադրել նոր պլանշետի զանգվածային հավաքման համար։

Եթե այս տեղեկությունը համապատասխանում է իրականությանը, ապա iPad 5-ի վաճառքի մեկնարկին պետք է սպասել աշնան կեսերին։ Այնուհանդերձ, ոլորտի այլ վերլուծաբաններ գտնում են, որ նորույթը կներկայացվի արդեն այս գարնանը։

Ինչ վերաբերում է դրա տեխնիկական բնութագրին, ապա որևէ պաշտոնական տեղեկություն չկա։ Միայն խոսակցություններ են շրջանառվում այն մասին, որ 5-րդ սերնդի պլանշետն ավելի բարակ կլինի իր նախորդից, իսկ տրամագիծը կլինի 9.7 դյույմ։ Մոդելը կունենա քառամիջուկ պրոցեսոր, 2 գիգաբայթ օպերատիվ հիշողություն, ինչպես նաև 128 գիգաբայթ ներդրված հիշողություն։

Appleinsider.ru կայքի մասնագետները, հիմնվելով այս տեղեկությունների վրա, ներկայացրել են նոր iPad 5-ի մասին տեսանյութ.

Հետևեք մեզ նաև Telegram-ում