«Ներման մասին» օրենքը կենթարկվի որոշակի փոփոխությունների

Նոր սահմանադրության փոփոխություններով պայմանավորված` «Ներման մասին» օրենքը ունենալու է բոլորովին այլ պատկեր: Սեպտեմբերի 28-ին ՀՀ արդարադատության նախարարության վերջին մեկ տարվա աշխատանքների ամփոփմանը նվիրված ասուլիսի ժամանակ այս մասին ասաց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը:

«Ներման մասին» օրենքն այս պահին գտնվում է մշակման փուլում և ենթադրում է լայն ներկայացվածություն ունեցող հանձնաժողով, ովքեր դատապարտյալներին ներում շնորհելու վերաբերյալ առաջարկություն են ներկայացնելու Հանրապետության նախագահին, որից հետո Նախագահը կարող է կամ ներում շնորհել, կամ իր առարկություններով վերադարձնել ներկայացնող մարմին: Եթե ներկայացնող մարմինը, այնուամենայնիվ, պնդեց իր առաջարկությունը, ապա Հանրապետության նախագահը կամ պետք է ներում շնորհի դատապարտյալին, կամ դիմի Սահմանադրական դատարան»,- ասաց Հարությունյանը:

Ըստ նախարարի` հիմնական խնդիրն այն է, որպեսզի ավելի կատարելագործվի ներման ինստիտուտը և արտացոլի ժամանակակից միտումները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում