Արայիկ Գրիգորյանը վստահեցնում է՝ Արտաշատի քաղաքապետի ընտրություններին չի միջամտում

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Արայիկ Գրիգորյանը, ով պատգամավոր է ընտրվել Արարատի մարզից, վստահեցնում է, որ Արտաշատի քաղաքապետի ընտրություններին չի միջամտում: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արայիկ Գրիգորյանը, անդրադառնալով հարցին, թե ինչպե՞ս է ստացվել, որ Արտաշատի քաղաքապետի ընտրություններում ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը իր թեկնածուն չունի, պատասխանեց, որ ինքը չի միջամտում Արտաշատի քաղաքապետի ընտրություններին: «Ես զբաղված եմ Արարատի քաղաքապետի ընտրություններով: Մենք այնտեղ էլ ունենք ընտրություններ, և ես դրանով եմ զբաղված»,- նշեց Գրիգորյանը:

Հարցին, թե ինչու է լքել ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը, Գրիգորյանը պատասխանեց, որ ինքը չի լքել:

Լրագրողներից մեկի հարցին, թե նկատողություն են արել, դրա համա՞ր է հեռացել հանձնաժողովից, Արայիկ Գրիգորյանը պատասխանեց. «Ինձ ոչ ոք չի կարող նկատողություն անել»:

2017թ. նոյեմբերի 5-ին Հայաստանի մի շարք համայնքներում, այդ թվում՝ Արտաշատում և Արարատում, նախատեսված են համայնքի ղեկավարի ընտրություններ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում