«Ժառանգությունը» կմիանա

Երեւանի ավագանու ընտրություններում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը երեկ «Հայկական ժամանակ» թերթի հետ զույցում որոշակի լույս է սփռել ոչ իշխանական չորս ուժերի հետ ձեւավորվելիք ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ստեղծելու ծրագրերի վրա։
«Այդ շտաբի հնարավոր ձեւավորման մասին դեռ նախօրեին հայտարարել էր ՀԱԿ ցուցակը գլխավորող Վահագն Խաչատրյանը։

Երեկ, երբ Վարդան Օսկանյանին հարցրինք՝ արդյոք բոլոր 4 ուժերի հետ հանդիպումներ եղել են, ի՞նչ փուլում են բանակցությունները եւ ռեա՞լ է նման շտաբի ձեւավորումը, նա պատասխանեց. «Այո, ՀԱԿ-ի եւ Դաշնակցության հետ ոնց որ թե լավ է ընթանում, հուսանք, որ «Ժառանգությունն» էլ կմիանա»։ Ըստ Օսկանյանի, այս անգամ, սակայն, ինչպես 2012 մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների ժամանակ էր, ընդհանուր շտաբ չի լինի, սակայն ընտրությունները միասնական վերահսկելու ուղղությամբ լուրջ համագործակցություն ընտրության օրը կլինի։ Մեր այն հարցին, թե ինչից է կախված «Ժառանգության» որոշումը, Օսկանյանը պատասխանեց. ««Ժառանգությունն» էլ մասնակցում է որոշ հանդիպումների, բայց ոնց որ թե դեռեւս այդքան նվիրական չեն, բայց միգուցե եւ հետո իրավիճակը փոխվի»…։

«Ժառանգությունը», սակայն, ինչպես պարզվեց երեկ, որոշակի խնդիրներ է տեսնում սույն հարցում»,- գրում է «Հայկական ժամանակը»՝ հավելելով, որ «Ժառանգություն» կուսակցության քարտողար Ստեփան Սաֆարյանը տեղեկացրել է, որ չգիտի՝ դիմել են իրենց այդ հարցով, թե ոչ, ընդհանրապես չգիտի էլ, թե ինչ են պատրաստվում անել մյուս ուժերը, մասնավորապես՝ ԲՀԿ-ն. «Որովհետեւ մենք այդպիսի միասնական շտաբ տեսել ենք, որը շատ ընտրողաբար էր պայքարում ընտրակեղծիքների դեմ: Քաղաքական բարեգործությունները, որոնք խնդիր են, ընտրակաշառքները, ընտրողի քվեն գնելը, այսինքն, մենք մի անգամ արդեն տեսել ենք դա: Հիմա իրենք պիտի ապացուցեն, որ այս պարագայում գործ չունենք դրա հետ…»,- մեջբերում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում)։ 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում