Նախարարները պնդում են, որ գնման գործընթացում չեն եղել չարաշահումներ

ՀՀ կառավարության այսօրվա նիստում վարչապետի պաշտոնակատար Տիգրան Սարգսյանը անդրադառնալով գնումների գործընթացին՝ նշել է, որ վերահսկող մարմինները հայտնաբերել են՝ պետական գնումների միջոցով ապրանքատեսակների ձեռքբերման գինը մրցույթում լինում է ավելի բարձր, քան այդ ապրանքը կարող են գնել խանութում: Տիգրան Սարգսյանն նշել  է, որ այսուհետ նախարարներն անձնական պատասխանատվություն են կրելու չարաշահումների համար:

Այսօր ճեպազրույցում լրագրողները ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնակատար Արմեն Աշոտյանից հետաքրքրվեցին, թե իր ղեկավարած ոլորտում եղել են չարաշահումներ, նա պատասխանեց. «Բոլոր գերատեսչություններում պետական գնումների գործընթացում հնարավոր են ընթացակարգային շեղումներ»,- և ավելացրեց.«Չարաշահումների մասին խոսք գնալ չի կարող: Անցած տարի Վերահսկիչ պալատը մեր նախարարությունում իրականացրել է լայնածավալ ստուգումներ, հայտնաբերվել են թերություններ, որոնց մեծ մասը շտկման ընթացքում են»:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնակատար Արտեմ Ասատրյանն էլասաց, որ ինքն արդեն ներկայացրել է իր ղեկավարած կառույցի կողմից պետական գնումների արդյուքները՝ ըստ նրա, նախորդ տարի 1 մլրդ դրամի պետգնումների արդյունքում շուրջ 150 մլն դրամ խնայողություններ են ունեցել:

ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանն էլ նշեց, որ գնումների գործընթացի բարելավմանն ուղղված որոշումները նախատեսում են բավականին լուրջ փոփոխություններ. «Սա բավականին լուրջ առաջընթաց է գնումների գործընթացը հստակեցնելու առումով»,- և ավելացրեց, որ բնապահպանության նախարարությունը մեծ գնումներ չի իրականացնում: 

Հետևեք մեզ նաև Telegram-ում