Գեղանկարիչ․ «Մեր նոր դրամաները որոշ պաշտոնյաների պես են՝ ամոթ է օտարին ներկայացնելը»

Գեղանկարիչ․ «Մեր նոր դրամաները որոշ պաշտոնյաների պես են՝ ամոթ է օտարին ներկայացնելը»

Ճանաչված գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը չի կիսում Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանի այն կարծիքը , թե 2018 թվականից շրջանառության մեջ դրվելիք նոր թղթադրամների արտաքին տեսքը լավն է:

«Կարեն Աղամյանը դիզայներ է, և ըստ երևույթին, մրցույթը շահածների մեջ իր ծանոթ դիզաներներից էլ կան, դրա համար էլ դրական է արտահայտվում: Մանավանդ Պարույր Սևակին պատկերող դրամը խայտառակություն է: Սարոյանինն էլ: Զարմացած եմ, որ Կարեն Աղամյանը ասում է, թե դրամը նկարչություն չէ:

Այո, դրամը նկարչություն չէ, որովհետև ավելի մեծ արժեք ունի, քան նկարչությունը, որովհետեւ այն պետական խորհրդանիշ է: Հետո՞ ինչ, որ այնտեղ պաշտպանության շերտեր կան, ես միեւնույն է դրանից բան չեմ հասկանում: Մարդը, երբ փողը վեցնում է, չի մտածում դրա պաշտպանված լինելու մասին: Ինձ հետաքրքիր չէ, օրինակ, ամերիկյան դոլարն ինչպես է պաշտպանված: Երբ ես որևէ երկրի փող եմ վերցնում ձեռքս, տպավորություն եմ ստանում այդ երկրի մասին: Մարդիկ փողի հետ ավելի շատ են շփվում, քան դրոշի: Բացի այն, որ նոր դրամների տեսքն էլ մի բան չէ, դեռ անորակ էլ են: Չգիտեմ` ինչո՞ւ Հայաստանում ամեն ոլորտում ավանդաբար ընտրվում է վատագույնը:

Նույնն էլ մեր պաշտոնյաներն են, նրանց մեջ գուցե կան խելքոք մարդիկ, բայց մեջները մարդ կա, որ միջազգային ասպարեզում ներկայացնելու արտաքին չունի, ամոթ է օտարին ներկայացնելը: Դա էլ պետք է նայեն, որովհետեւ երբ օտարը նայում է մարդուն, ինքը չի մտածում` տեսնես գիտելիք ունի՞, թե՞ ոչ: Առաջին հերթին տեսքին է նայում: Այն ոլորտների հանդեպ, որ միջազգային ասպարեզում են ներկայացվում, պետք է շատ բծախնդիր լինենք, ընտրությունը կատարելիս շեշտադրենք ներկայացուցչական լինելը»,-ասաց գեղանկարիչը:

Նա նաեւ անդրադարձավ Կենտրոնական Բանկի մրցույթից դուրս մնացած թղթադրամի էսքիզներին, ասելով, որ դրանցում հաջողված նմուշներ կային: «Անընդունելի բան է մեր մշակույթի հանդեպ նման վերաբերմունքը: Ես չգիտեմ, թե փողերի փոխվելն ինչի՞ հետ է կապված, ո՞վ ասաց, որ Պարույր Սևակը Չարենցի տեղը դնելն ավելի լավ է… Եվ վերջապես ինչո՞ւ պետք է ամեն ինչ անձերի վրա կառուցվի: Մեր երկրի բացթողումներն ուզում են արդարացնել այդ անձերի ներկայությա՞մբ»,- զարմացած է Հաղթանակ Շահումյանը:

Նա կարծում է, որ պարտադիր չէ հայկական դրամի վրա ինչ-որ մեկի պատկերը լինի. «Ինչ խոսք, կարող են նաեւ մեր հիմնադիր դեմքերը լինեն… Բայց այսօր մեզ պետք է արժանապատիվ դիզայնով արված, մեր երկիրը այսօրվան համահունչ ներկայացնող ինչ-որ բան»:

Գեղանկարիչը նաեւ չի հասկանում, թե ինչո՞ւ են ներկայումս հավելյալ ծախսեր արվում, երբ երկիրը ֆինանսական առումով իր լավ օրերը չի ապրում. «Օրինակ, եթե ինձ բացատրեին, որ կեղծիքներ են արվում, դրա համար են դրամները փոխում, կհասկանայի, բայց այդ պատճառաբանությունը չկա: Ես, իհարկե, դեմ չեմ, որ ավելի լավը լինի, բայց կարծում եմ` եղածները նորմալ էին, իսկ նորերը `ահավոր վատը եւ ազգ ներկայացնելու ոչ արժանի: Ի՞նչ է նշանակում ինչ-որ ժամանակակից հիմար շենքեր կապել այս կամ այն մարդու հետ, հետո ի՞նչ, որ իր թանգարանն է: Փողը պետական ատրիբուտ է, պետք է այնպես ներկայացվի, որ օտարների աչքը շոյի, հիշողություն լինի եւ հարգանք առաջացնի երկրի հանդեպ»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում