Հայ Եկեղեցու յոթ սրբարար խորհուրդները։ Կարգ քահանայության կամ ձեռնադրություն
Նմանատիպ
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու վեցերորդ սրբարար խորհուրդը Քահանայության կարգն է կամ Ձեռնադրությունը, որը նույնպես հաստատել է մեր Տեր Հիսուս Քրիստոս՝ Իր տնօրինական առաքելության ընթացքում ընտրելով Իր աշակերտներին ու նրանց քահանայապետական իշխանություն տալով (տե՛ս Ղուկաս ԻԴ 50-51):
Քահանայության մասին առաջին սուրբգրային հիշատակումը գալիս է Աբրահամի և Մելքիսեդեկի հանդիպման դրվագից, ուր վերջինիս մասին ասվում է, որ նա «Բարձրյալ Աստծո քահանա էր» (Ծննդոց ԺԴ 13):
Քահանայական կարգը Իսրայելի տան մեջ աստվածային հրամանով հաստատվում է Մովսես մարգարեի միջոցով (Ելք Խ 13-14), որը շարունակաբար պահպանվում է մինչև Աստծո Որդու Ծնունդը Սուրբ Կույսից: Հիսուս Քրիստոս լրումն էր Հին օրենքի և մարգարեների։ Նրանով դադարում են Հին Ուխտի բոլոր քահանայագործական կերպերը՝ կենդանիների զոհաբերությունները և այլն:
Հիսուս Քրիստոս՝ ճշմարիտ Քահանայապետը, խաչի վրա Ինքն Իրեն զոհաբերելով մեր մեղքերի համար, հաստատում է նոր անարյուն քահանայագործություն և Իր ընտրյալ աշակերտներին լիակատար իշխանություն տալիս այդ քահանայագործությունը հաստատելու երկրի վրա: Առաքյալները, հետևելով իրենք Քահանայապետի ավանդած օրինակին, սկսեցին նախ վիճակ հանելով ընտրել արժանավորներին (տե՛ս Գործք Ա 23-26) և ապա ձեռնադրել՝ աղոթելով և ընտրյալների վրա ձեռք դնելով:
Այսպիսի զգուշավոր ընտրությամբ ձեռնադրեցին սարկավագներ (Գործք Զ 5-6), երեցներ (Գործք ԺԴ 22), վարդապետներ (Գործք ԺԳ 1, Ա Կորնթացիներ ԺԲ 28), եպիսկոպոսներ (Փիլիպեցիներ Ա 1) և դպիրներ (Տիտոս Գ 13):
Այսպես կազմավորվեց Եկեղեցու նվիրապետական կառույցը, որն ունի ինը աստիճան․ ա) դռնապանություն, բ) ընթերցողություն, գ) երդմնեցուցչություն, դ) ջահընկալություն, ե) կիսասարկավագություն, զ) սարկավագություն, է) քահանայություն, ը) եպիսկոպոսություն, թ) կաթողիկոսություն:
Առաջին վեց աստիճանները կոչվում են փոքր, վերջին երեքը՝ մեծ: Փոքր աստիճանները մասնավոր տվչություններ են և կազմում են դպրաց դասը: Թեև դրանք վեցն են, սակայն կա նաև սաղմոսերգուի և ավելածուի պաշտոնը:
Ձեռնադրության անհրաժեշտ պայմաններն են․ ձեռնադրվողները պետք է ծնված լինեն օրինավոր ամուսնությունից, լինեն չափահաս՝ չունենալով որևէ մարմնավոր թերություն, հմուտ լինեն Սուրբ Գրքի ուսուցման և գիտության մեջ, ունենան առաքելական և հայրապետական ուղիղ դավանություն՝ մերժելով բոլոր աղանդավորական շարժումները և հերետիկոսությունները:
Կարևորվում է նաև առաքինի վարքի և կենցաղավարության մասին վկայությունը եկեղեցու (ժողովրդի) կողմից, ինչպես առաքյալն է ասում․ «Նա պետք է ունենա բարի վկայություն նաև դրսեցիներից, որպեսզի չլինի թե ընկնի նախատինքի մեջ» (Ա Տիմոթեոս Գ 7):
Ձեռնադրությունը կատարվում է Սուրբ Պատարագի արարողության ընթացքում․ աղոթքներից ու Սուրբ Գրքի համապատասխան ընթերցումներից հետո եպիսկոպոսը ձեռքը դնում է ընծայվողի գլխին և քահանայական աստիճանի դեպքում օծում սրբալույս մյուռոնով: Ձեռնադրության խորհուրդը Մկրտության ու Դրոշմի խորհուրդների նման անկրկնելի և անջնջելի է:
Սարկավագություն: «Սարկավագ» բառը հունարեն ծագում ունի, որ նշանակում է «սպասավոր, ծառա»: Առաքելական շրջանում սարկավագները սպասարկում էին կարիքավորներին, տնօրինում քրիստոնեական համայնքի տնտեսական հարցերը:
Ձեռնադրության ընթացքում եպիսկոպոսը սարկավագին հետևյալ ծիսական արտոնություններով է օժտում։ Պատարագի ընթացքում Ավետարանի ընթերցում։
Վերաբերում կատարելու իրավունք (խորհրդանոցից Սուրբ Խորհուրդը վերաբերելով ընծայում է պատարագիչ հոգևորականին): Սարկավագական աստիճանին հաջորդում է քահանայականը: Քահանան եկեղեցու խորհուրդները և արարողությունները կատարող անձն ու հովիվն է:
Հայաստանյայց Եկեղեցին ունի նաև կուսակրոն քահանաներ, որոնք կոչվում են աբեղաներ: Աբեղաները ստանում են նույն քահանայական ձեռնադրությունն ու օծումը՝ իրենց լուծը ծանրացնելով կուսության ուխտով: «Քահանան ամենակալ Տիրոջ պատգամաբերն է»,- ասում է Մաղաքիա մարգարեն (Բ 7): «Քահանայի միջոցով է Աստված կատարում Պատարագի խորհուրդն ու մկրտությունը» (Սուրբ Հովհան Մանդակունի):
«Քահանան հոգիների բժիշկ է» (Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցի)« «Աստծո հրեշտակ» (սուրբ Պողոս առաքյալ): Նա՛ է Աստծո և մարդկանց միջև միջնորդը, մարդկանց մեղքերին թողություն շնորհողը՝ ըստ Տիրոջից իրեն տրված շնորհի։ «Եթե մեկի մեղքերը ներեք, նրան ներված կլինի» (Հովհաննես Ի 22-23): Իսկ սուրբ Ն․ Շնորհալին քահանայությունը հրեշտակային գերաշխարհիկ զորություններից ավելի վեր է համարում նրանց համար, ովքեր անարատությամբ և սրբությամբ են կատարում այն (տե՛ս «Թուղթ Ընդհանրական»):
Քահանայական աստիճանին հաջորդում է եպիսկոպոսական աստիճանը, որը մեր Եկեղեցու նվիրապետության բարձրագույն աստիճանն է: Եպիսկոպոսը եկեղեցու տեսուչն է (Տիտոս Ա 8-9), ժողովրդի առաջնորդն ու թեմի կառավարիչը: Եպիսկոպոսն է կատարում քահանայական ձեռնադրություն: Իսկ կաթողիկոսը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացարձակ առաջնորդն է, կոչվում է նաև քահանայապետ, եպիսկոպոսապետ, հովվապետ: Կաթողիկոսն է ձեռնադրում եպիսկոպոսներին, օրհնում սրբալույս մյուռոնը:
Նրա օրհնությամբ և կարգադրությամբ են վճռվում Եկեղեցու վարչական, ինչպես նաև դավանաբանական կարևոր խնդիրները:
Այսպիսով, հոգևորականը կոչված է ժողովրդին ապաշխարություն քարոզելու, Քրիստոսով փրկություն շնորհելու և նոր կյանք պարգևելու մեծագույն առաքելությանը՝ Սուրբ Հոգով առաջնորդելով նրան դեպի փրկության նավահանգիստ, դեպի երկնքի Արքայություն:
Ահա թե ինչու Սուրբ Գիրքն ու Եկեղեցու սուրբ հայրերն իրենց գրվածքներում հորդորում են մշտապես անձանձրույթ աղոթել Տիրոջ օծյալ սպասավորների՝ հոգևորականների համար, պատվել նրանց, ինչպես Քրիստոսին․ «Եպիսկոպոսներին պատվեցե՛ք, ինչպես Քրիստոսին, և քահանաներին՝ իբրև Աստծո առաքյալների ու պատգամաբերների»:
Պատրաստեց Անժելա ԽԱՉԱՏՐՅԱՆԸ
Շողակն Արարատյան