Վիլյամ Սարոյանը և նրա գրական ժառանգությունը

Վիլյամ Սարոյանը և նրա գրական ժառանգությունը

Գրաքննադատները հենց սկզբից ընդունեցին, որ Վիլյամ Սարոյանն իրոք ինքնատիպ հեղինակ է, սակայն եղել են նաև բացասական գնահատականներ: Որոշ քննադատներ փառաբանում էին մեր հայրենակցին՝ բնութագրելով նրան իբրև «ամերիկյան գրականության ճերմակ հույս»: Մեկ այլ քննադատ Սարոյանին անվանել է «գրական գործի երկնային հայր»: Ոմանք կասկածում էին, թե ամերիկահայ գրողն իսկապես մեծ հավատով է լցված եղել «գեղեցիկ մարդկանց» հանդեպ, ինչպես ներկայացնում է իր երկերում: Այլ կերպ ասած՝ Սարոյանին մեղադրում են ոչ այնքան անկեղծ լինելու մեջ:

Որոշ քննադատներ չկարողացան հասկանալ ու գնահատել մեծ գրողի հազվագյուտ հումորը:

Սարոյանի երկերը լուրջ քննադատության առարկա չդարձան: Դա չի նշանակում, որ նրա բոլոր ստեղծագործությունները նույն մակարդակի վրա են: Առավել հաջողված գործերից են «Իմ սիրտը լեռներում է», «Գեղեցիկ մարդիկ» պիեսները, «Իմ անունն Արամ է» պատմվածքների շարքը:

Երբեմն Սարոյանի գրվածքներում զգացվում է որոշակի անտարբերություն, ինչպես օրինակ՝ «Սեր, իմ գլխարկն այստեղ է» երկում: Երբեմն էլ Սարոյանի գրական փորձերը կատարելապես ձախողվում էին: Սակայն այս վերջին իրողությունը մեծ գրողին կարծես այնքան էլ չէր հուզում: Սարոյանն առհասարակ ազատ ոճի մարդ էր, կարգ ու կանոնի մասին պատկերացում չուներ, սակայն սրանք գրողի անհատականության բաղադրիչներն էին․ նրան հաջողվում էր դրանցից օգուտ քաղել:

Սարոյանը երբեմն զգացնել է տալիս իր ընթերցողին, որ դժգոհ է իր գրական ոճից: Մենք այդ հասկանում ենք այն ժամանակ, երբ նա անընդհատ անցումներ է կատարում մեկ ժանրից մյուսին, գրում է կարճ պատմվածքներ, հետո անցում է կատարում դեպի պիեսներ, այնուհետև՝ վեպեր:

«Երիտասարդ խիզախ մարդը շարժվող ճոճաձողի վրա» ժողովածուի նախաբանում Սարոյանն ասում է, որ իր առաջին գրական կանոնը ոչ մի կանոնի ուշադրություն չդարձնելն է: Իսկ երկրորդը՝ նախորդ բոլոր գրողներին մոռանալը՝ ներառյալ Էդգար Ալան Պոյին և Օ․ Հենրիին: Վիլյամ Սարոյանը քաջ գիտակցում է, որ ինքն անկրկնելի հեղինակ է:

Այդուհանդերձ ամերիկահայ գրողը չգիտեր՝ ինչպես ստեղծել իր գրական մոդելը: Նա գրում է պատմվածքներ, որոնք ավելի շատ նման են կիսաէսսեների: Իր վաղ շրջանի պատմվածքներից մեկում Սարոյանը գրում է հետևյալը․ «Ես պատմվածքներ պատմող եմ․ իմ բոլոր գրվածքների կենտրոնում մարդ արարածն է: Ես ուզում եմ պատմել այս պարզ պատմությունը իմ ուրույն ձևով՝ մոռանալով հռետորական կանոնների և կոմպոզիցիոն հնարքների մասին: Ես ունեմ ասելիք, բայց չեմ ցանկանում խոսել Բալզակի ձևով: Ես ինձ արվեստագետ չեմ համարում: Ես իրապես չեմ հավատում մարդկային քաղաքակրթությանը և բնավ խանդավառված չեմ առաջընթացի գաղափարով: Երբ մարդիկ մի հսկա կամուրջ են կառուցում, ես դա չեմ ողջունում. երբ ինքնաթիռը հատում է Ատլանտիկ օվկիանոսը, ես չեմ մտածում․ «Ի՜նչ հրաշալի դարաշրջան է»: Ինձ չի հետաքրքրում ազգերի ճակատագիրը, իսկ պատմությունն ինձ ձանձրույթ է պատճառում:

Արդյո՞ք գոյություն ունի ավելի մեծ ճանապարհորդություն, քան մտքի ճանապարհորդությունը: Արդյո՞ք որևէ ուղևորություն ունի ավելի գեղեցիկ ավարտ, քան մահը:

Սարոյանն այդպես էլ չկարողացավ վերջնականապես մշակել մի գրական ոճ, որը նրան հնարավորություն կընձեռեր լուսաբանելու ավելի հավերժական խնդիրներ, թեև նա ուներ մեծ ներուժ: Սարոյանի ոճական փնտրտուքները շարունակվեցին մինչև նրա գրական գործունեության ավարտը: Հավելենք նաև այն, որ մեծ գրողը սովորություն ուներ նմանակելու ինքն իրեն: Այս առումով նա տարբերվում է իր շատ գրչընկերներից, ովքեր նմանակում էին ոչ թե իրենք իրենց, այլ ավագ գրչընկերներին: Վիլյամ Սարոյանն ինքնատիպ արվեստագետ է:

Սարոյանը հենց սկզբից զգուշացնում է իր ընթերցողներին, որ չի գրելու դասական սյուժետային կանոններով՝ սովորական նախաբանով, միջնամասով և լուծումով:

Սարոյանի երկերի միջնամասը երբեմն գտնվում է սկզբում, իսկ վերջնամասը կամ սյուժետային լուծումը՝ սկզբում: Համաձայնենք, որ սա շատ յուրօրինակ մոտեցում է ստեղծագործության սյուժեի կառուցմանը:

(շարունակելի)
Տիգրան ՄԱԼՈՒՄՅԱՆ
Շողակն Արարատյան 

Հետևեք մեզ նաև Telegram-ում