Հոգևոր հայրենիքը․ Արարչի ցախերի երկիրը
Նմանատիպ
Մտածումների մեջ եմ․ ինչպե՞ս խոսել Արցախից, որպեսզի խոսքս լցված չլինի ավելորդ խանդավառությամբ, որովհետև Արցախն ու խանդավառությունը որևէ կապ չունեն իրար հետ: Ինչպես գրել ու ինչ պատմել Արցախից, որպեսզի ընթերցողը զգա հողի ուժն ու կանչը, որպեսզի այնտեղ չեղած մարդը կարդա ու տեսնի այն՝ Արարչի ցախերի երկիրը: Ու որոշում եմ խոսել այն ամենից, ինչն Արցախ ոտք դնելուս առաջին պահից կուտակվել է ներսումս՝ ստիպելով ինձ հիանալ, հրճվել, հպարտանալ, կարոտել, շնորհակալ լինել, սիրել։
Երևանյան մի բանուկ փողոցում ցուցանակ կա կախված, որի վրա գրված է մեր նորագույն պատմության ամենաուժեղ ու կամային անհատներից մեկի՝ Մոնթեի հետևյալ միտքը․ «Եթե կորցնենք Արցախը, մենք կշրջենք հայ ժողովրդի պատմության վերջին էջը»: Ամեն անգամ այդ փողոցով անցնելիս կարդում էի գրվածն ու անցնում: Երբեմն մտածում էի կարդացածիս մասին՝ վերհիշելով պատմության դասերն ու այն ամենը, ինչ երբևէ լսել, ընթերցել և իմացել եմ Արցախի վերաբերյալ:
Բայց Արցախում չեղած մարդու համար այդ ամենն ընդամենը ինֆորմացիա է, որը գրեթե զուրկ է զգացականությունից: Դժվար է քոնը համարել այն, ինչի մասին լսել ես ամենատարբեր բաները, բայց քո փորձառությամբ չես վերապրել դրանք: Արցախում չեղած մարդը չգիտի՝ ինչ ասել է կորցնել այն թանկ ու չափազանց հայկական հողակտորը, որը հայ ժողովրդի պատմության շարունակականության գրավականն է:
Եվ, վերջապես, ինձ տրվեց հնարավորություն՝ լինելու Արցախում: Այնտեղ մուտք գործելու առաջին իսկ պահից սկսած՝ հողն ու օդը զգացնել են տալիս իրենց հզորությունը․ սկսում են խոսել հետդ: Պարզապես աչքեր ու ականջներ է պետք ունենալ՝ այդ ամենին հաղորդակից լինելու համար: Երկինքը, ծառերը, լեռները․ լեռները Արարչից են պատմում: Ուզում ես բոլորովին դատարկ լինել, որպեսզի կարողանաս մեջդ ամփոփել տեսածդ, զգացածդ, Արցախի հոգին: Ու հասկանում ես, որ Արցախը սոսկ պետություն կամ հայաստանյան մարզ չէ, այն տուն է՝ գերհզոր էներգիայով, հոգևորի անսահման պաշարով, ուժեղ ու անջարդվելի: Միևնույն ժամանակ այն պարզ ու խորն է՝ հայկական եկեղեցիների պես:
Այս այցիս ժամանակ, ցավոք, չի հաջողվում Դադիվանք գնալ․ Արցախ վերադառնալու ևս մեկ պատճառ՝ ինձ համար: Վերադառնալ ու տեսնել բլրակի վրա կառուցված Աստծո հնագույն տներից մեկը, որը դարեր շարունակ եղել է հայերի ծաղկման ու անկումների, մաքառումների և հույսերի քարակերտ վկան ու Արցախ աշխարհի խորհրդանիշը:
Հետո ճանապարհն ինձ տանում է Գանձասար: Շուրջս լեռներ են և լեռների վրա փռված անտառներ: Աշուն է, և ամեն ինչ կրկնակի շքեղ է, գեղեցիկ: Ընթացքում Գանձասարի մասին եմ կարդում․ վանքի անունն առաջացել է դրա դիմաց գտնվող բլրի անունից․ վերջինիս ընդերքում արծաթի և այլ մետաղների հանքեր կան: Երբ տեղ եմ հասնում․ առաջին բանը, որ զգում եմ ամբողջ էությամբ, լռությունն է՝ աստվածային, խորը լռությունը: Քաղաքի աղմուկում ապրող մարդու համար այս լռությունն ընծա է, երանություն, դրախտ։ Գանձասարի գանձը սարի լռությունն է:
Հետո ներս եմ մտնում: Եկեղեցու արտաքին տեսքից իսկ շունչս կտրվում է: Հոգևորության ալիքը կլանում է ինձ: Զգում եմ, որ ժամանակն այստեղ այլ կերպ է հոսում, օդի բաղադրությունն այլ է, այլ հոգի է սավառնում երկնքով: Կարծես վերադարձած լինեմ տուն, ի՛մ տուն: Ու նայում եմ տանս պատերին, փորձում կարոտս առնել, սնվել հոգու հացով ու հիմնել իմ ներսում Գանձասար, լսելիքումս գտնել Գանձասարի լռության արձագանքը: Գանձասարը խոսում է հայից: Նրանք, ովքեր երբևէ ցանկություն կունենան զգալու և իմանալու՝ ով է հայը, թող այցելեն Գանձասար:
Եվ, վերջապես, Շուշի: Արցախի մարգարիտը: Երկինքը մուգ երկնագույն է, ճերմակ ամպերի մի քանի կտորներ շքեղացնում են այն: Օրը կիրակի է․ Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց մայր տաճարի զանգերը քաղաքի հավատավորներին եկեղեցի են կանչում:
Պատարագից րոպեներ առաջ հնարավոր է լինում մուտք գործել եկեղեցու ընդհատակյա սենյակը, որը եզակի երևույթ է ողջ աշխարհում: Եկեղեցական կարգ է, որ Պատարագից առաջ պատարագիչ քահանան մեղքերի թողություն խնդրի մեկ այլ քահանայից: Եկեղեցու կառուցման շրջանում միայն մեկ քահանա է սպասավորել, ուստի այնտեղ որոշվել է կառուցել այնպիսի մի սենյակ, որտեղ քահանան ինքը կարող է լսել «Թող քո ականջները լսեն, թե ինչ են բարբառում քո շուրթերը» միտքը: Ընդհատակյա սենյակը գործում է մինչ օրս և բաց է բոլոր այցելուների համար, ովքեր ցանկանում են լսել՝ ինչպես է եկեղեցին խոսում իրենց հետ իրենց իսկ ձայնով:
Պատարագն ավետող զանգերի ձայնը, երկինքը, եկեղեցու գմբեթին շողացող արևը ներսս լցնում են հոգևորությամբ, շնորհակալության զգացումով, անվերջ սիրով:
Հասկանում եմ, որ Արցախն իմ հայրենիքն է, հոգևոր հայրենիքը, որը պատրաստ է զորացնել ու թևավորել իր ամեն զավակի: Վերադառնում եմ Երևան՝ Արարչի ցախերի երկրից ներշնչված ու այնտեղ վերադառնալու հույսը գրկած:
Անժելա ՊՈՂՈՍՅԱՆ
Շողակն Արարատյան