Դիմակահանդես

Դիմակահանդես

Ո՞ր խոսքերին ապավինեմ,
ո՞ր հույսերով ինձ պարուրեմ ,
և ո՞ր ձայնով լարեմ նորից հոգիս,
և ո՞ր կանչին արձագանքեմ,
ո՞ր փարոսով առաջնորդվեմ,
ո՞վ կխրի դաշույնը իմ մեջքիս:

Ո՞ր ձայներից կխլանամ,
ո՞ր ցավերին կդիմանամ,
ո՞ր խավարում ես կկորչեմ նորից,
և ո՞ր ստին կհավատամ,
նորից ի՞նչից կզարմանամ,
և ի՞նչ հաղորդությամբ կհեռանամ կյանքից:

Աննշմար դողով ծառերը,
մեր կյանքի փողոցներում,
թաքցնում են մեր ձայները
տերևի երակներում,
և դեղին մագաղաթները
մայթերի վրա թերթվում,
և հողին մորմոքն են ժառանգում:

Ո՞ր աչքերի լույսը օրհնեմ,
ո՞ր սաղմոսին ապավինեմ
և ո՞վ դեռ կխաչի ջութակս պաղ,
և ո՞ւմ ուժգին ոխով ատեմ,
ո՞ւմ մոգական սիրով պաշտեմ,
ո՞ր կորուստներից կխենթանամ:

Ո՞ր քաղաքում անհետանամ,
ո՞ր տան խցում անէանամ,
և ո՞ւմ դիմակը ես պոկեմ դեմքից
ո՞ր լույսերից կկուրանամ,
ո՞ր ցավերից ես կոռնամ,
ու՞մ փամփուշտից կհեռանամ կյանքից,

Աննշմար դողով ծառերը,
մեր կյանքի փողոցներում,
թաքցնում են մեր ձայները
տերևի երակներում
և դեղին մագաղաթները
մայթերի վրա թերթվում,
և հողին մորմոքն եմ ժառանգում:

Ո՞ր աչքերի լույսը օրհնեմ,
ո՞ր սաղմոսին ապավինեմ
և ո՞վ դեռ կխաչի ջութակս պաղ
և ո՞ւմ ուժգին ոխով ատեմ,
ո՞ւմ մոգական սիրով պաշտեմ
ո՞ր կորուստներից կխենթանամ։

Խոսք՝ Արթուր Մեսչյան 
Երաժշտություն՝ Արթուր Մեսչյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում