Անավարտ դիմանկար՝ Աստծո լույսի ներքո

Անավարտ դիմանկար՝ Աստծո լույսի ներքո

«Չապրված կյանքի գույնն ունեցող գիշեր է… մարում եմ սենյակի լույսը, որպեսզի հենց մորս աչքերի լույսի ներքո պատկերեմ իր իսկ դիմանկարը: Աստծո լույսի շղարշը ծորում է մորս աչքերից: Նրա աչքերի լույսն ինձ բավարար է. ես այդ լույսի ներքո Աստծո ներկայությունն եմ զգում, որ կօգնի գտնելու այն գույները, որոնցով կկարողանամ գույն տալ մորս աղոտ պատկերին, բայց…. մի՞թե այդ հնարավոր է:

-Մայրի՛կ, քո աչքերն իմ կյանքի խորանն են, թո՛ւյլ տուր երկար նայեմ այսօր. դրանցում իմ կյանքի անդրադարձն եմ տեսնում… կոպերիդ հեզասահ ծանրացած կյանքն այն կտավն է, որը ես գուցե երբևէ չավարտեմ: Քո ճառագայթարձակ աչքերում սեպագրված թախիծն ինձ հուշում է, որ իմ ողջ կյանքը չի բավարարի ավարտելու այդ կտավը:

Արդեն քանի օր է, ինչ խառնիխուռն մտքեր են գլխումս կողպվել: Մի՞թե մորս դիմանկարը երբևէ կարող էր ուրվագծվել աչքերով. այն հոգու մեջ մոր լույսի ներկայությամբ է պատկերվում:

Աղոթում եմ, անդադար աղոթում, ուզում եմ հիշել մորս դիմագծերը, որ երբևէ չեմ տեսել:

Խոսում եմ մորս հետ… բայց… իմ գիտակցության եզերքում: Շտապում եմ… ո՞ւր, ինչո՞ւ… շտապում եմ արտագրել տողերը, արտագրել այդ տողերն ինքս ինձանից, որ գալիս են, գալիս են դուրս գալու և ուրվագծելու այն դիմանկարը, որ Աստծո լույսի ներքո է պատկերվում, ինչպես վառվող մոմերի լույսի շողարձակումով բացվում են աղոթող մարդկանց պատկերները:

Մի՞թե Աստծո լույսի ներքո են ուրվագծվում մարդկային կերպարները, մի՞թե մեր հայացքն է անմիջապես ուրվագծում մարդկային դիմագիծը: Չէ՞ որ մարդկանց լույսով ենք զգում Աստծո ներկայությունն ու հավերժությունն այս մոլորակի վրա:

Ո՞ւր է իմ կտավը… այո՛, այդ կտավն իմ կյանքն է, ուր փորձում եմ գտնել, գուցե ուրվագծել մորս պատկերը: Մայրս… մտածե՞լ ես արդյոք, որ մայրդ Քո կյանքում աղոթք է առ Աստված իր ներկայությամբ: Ո՞վ է ավարտելու իմ կիսավարտ կտավը:

Բայց, ո՛չ, հնարավոր չէ ավարտել մորս դիմանկարը, բայց չէ՞ որ իմ կյանքն իմ մոր կյանքի պատկերն է»:

Լուռ լսում եմ, աչքերիս մեջ ծանրացած արցունքը իր ելքն է որոնում, ինչպես ջուրն իր հունն է որոնում դուրս գալու… բայց ամեն ճիգով պահում եմ, բայց ինչո՞ւ… պահում եմ, վախենում եմ հրաժեշտ տալ, թեթևացնել կոպերիս տակ դարանակալած արցունքը… շարունակ լսում եմ այդ ծերունազարդ պապիկին, ում հանդիպեցի օրեր առաջ ծերանոցի պատերի մեջ:

«Գիտե՞ս… մարդն իր գոյությամբ պետք է դառնա օրհնություն մարդկանց կյանքում… լուսավոր մարդիկ Աստծո հավերժությունն են այս կյանքում… այդ լույսի ներքո ծնվում, ուրվագծվում են մարդկային դիմանկարները, ինչն անելու համար վրձին, կտավ, գույներ… հարկավոր չեն…. այդ դիմանկարները հոգու ջերմությամբ հիշվող մարդկային կերպարներն են… մի՞թե որդին կարող է ավարտել մոր դիմանկարը. այն անավարտ է, քանի որ ես նրան երբևէ չեմ տեսել. մեծացել եմ մանկատանը… Աստծո լուսավոր շղարշի ներքո կարողացել եմ գտնել նրան իմ մեջ, բայց ինձնից դուրս՝ ոչ»:

Ու հիմա ես փորձում եմ ձեռքս մեկնել դեպի աշխարհի վրձինները, ծիածանի գույները մինչև անգամ՝ նկարելու այդ ծերունու աչքերում խտացած լույսը, որի ներքո կբացվի նաև իր դիմանկարը… բայց… մի՞թե կարող եմ ես նկարել այն մարդու դիմանկարը, ում աչքերը որոնում են աշխարհի գույները՝ մոր դիմանկարն ավարտելու համար:

Էլինա ՄԻՐԶՈՅԱՆ
Շողակն ԱՐԱՐԱՏՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում