Նապաստակն ու դերձակները

Նապաստակն ու դերձակները

Շուտով աշխարհին 
Ձմեռ կիջնի խոր․
Շլդիկին մի նոր
Շոր է հարկավոր։
Հագի մուշտակը
Նա չէր հավանում․
Ի՞նչ տեղավորեր
Չեղած գրպանում։
Շլդիկը գնաց
Մի դերձակի մոտ․
Դերձակն էլ, գի՞տեք,
Արջուկն էր բրդոտ։
– Վարպետ ջան, վարպետ,
Կարիր մի տաք շոր,
Ձմեռ է գալիս՝ 
Չմնամ տկլոր։
– Ի՞նչ շոր ես ուզում,
Կարեմ հենց հիմա։
– Այնպիսի մի շոր,
Որ լինի հարմար։
Ես շատ եմ սիրում
Գրպաններ մեծ-մեծ,
Որ ինչ ունենամ՝ 
Լցնեմ դրանց մեջ․
Գազար ու կեղև,
Կաղամբ ու տերև,
Պարսատիկ, դանակ
Հաց ու կարկանդակ,
Լուցկի ու ակնոց,
Մրգեր ու ձեռնոց,
Շղթա ու խցան,
Հոլ, թել ու աքցան․․․
Արջը փնթփնթաց,
Դուռը բաց արեց
ՈՒ այս խոսքերով
Ճանապարհ դրեց․
– Ինչեր ես խոսում,
Այ դու ցնորված,
Աշխարհում, ասա,
ՈՒրիշ բան մնա՞ց։
Ծաղրու՞մ ես, ինչ է,
Երբեք չեմ կարի,
Գնա, քեզ համար
Նոր դերձակ ճարիր։
Շլդիկն ասելու
Էլ խոսք չգտավ,
Վարպետ աղվեսի
Խանութը մտավ։
– Վարպետ ջան, վարպետ,
Կարիր մի տաք շոր,
Ձմեռ է գալիս,
Չմնամ տկլոր։
– Ի՞նչ շոր ես ուզում,
Շլդիկ ջան, կարեմ։
– Ի՞մչ ասեմ, վարպետ,
Որ դուր գա, սիրեմ․
Թող շորն ունենա
Գրպաններ մեծ-մեծ,
Որ ինչ ունենամ՝
Լցնեմ դրանց մեջ․
Գազար ու կեղև,
Կաղամբ ու տերև,
Պարսատիկ, դանակ
Հաց ու կարկանդակ,
Լուցկի ու ակնոց,
Մրգեր ու ձեռնոց,
Շղթա ու խցան,
Հոլ, թել ու աքցան․․․
Վարպետ աղվեսը
Ակնոցն ուղղեց
ՈՒ ոտից գլուխ
Նրան չափչփեց․
– Շատ հին վարպետ եմ,
Բայց մինչև այսօր 
Չեմ կարել ես դեռ
Այդպիսի մի շոր։
Սակայն լավ լսիր․
Այ, այն սարի տակ
Կա մի շատ հայտնի
ՈՒ հմուտ դերձակ։
Շորեր է կարում
Նա ամեն տեսակ՝
Մեծ գրպաններով
Վերարկու, մուշտակ։
Նապաստակը գնաց-գնաց,
Առաջն ելավ փայտե մի տուն,
Դռան վրա մեկ էլ կարդաց,
«Բարի գալուստ, պատվիրատու»։
Դու մի ասի՝ այդ տնակում
Բնակվում էր հենց գայլ քեռին,
Թե ինչպիսի՞ դերձակ էր նա,
Կասեմ, մի քիչ դեռ համբերիր։
Կանգնեց շլդիկը թաթերին,
Զգույշ նայեց ապակուց ներս,
Գլուխը կախ, ասեղ ձեռքին,
Շոր է կարում դերձակը, տես։
Շլդիկն իսկույն դուռը բացեց
ՈՒ ներս մտավ շատ համարձակ։
– Բարև վարպետ, ասել են ինձ՝
Միայն դու ես հմուտ դերձակ։
– Ի՞նչ ես ուզում, երգիր շլդիկ,
Լավ չեմ տեսնում, արի մոտիկ։
– Ախ, վարպետ ջան, ի՞նչ ասեմ քեզ,
Նոր մուշտակ եմ ուզում կարես։
ՈՒզում եմ կարես
Այնպիսի մի շոր,
Որ այնքան սիրեմ՝
Հագնեմ ամեն օր։
Ես շատ եմ սիրում
Գրպաններ մեծ-մեծ,
Որ ինչ ունենամ՝
Լցնեմ դրանց մեջ․
Գազար ու կեղև,
Կաղամբ ու տերև,
Պարսատիկ, դանակ
Հաց ու կարկանդակ,
Լուցկի ու ակնոց,
Մրգեր ու ձեռնոց,
Շղթա ու խցան,
Հոլ, թել ու աքցան․․․
Սոված դերձակը խորամանկ ժպտաց,
Ձայնը փոխելով՝ մեղմ տոնով ասաց․
– Բարի, բարի, հասկացա քեզ,
Շատ լավ զգեստ ես ուզում,
Հին է հագիդ շորն իսկապես,
Բոլորովին չի սազում։
Դե, հենց հիմա անցնենք գործի,
Շրջվիր, չափ ու ձև անեմ,
Ապա դեմքով իմ կողմ դարձիր՝
Գրպանիդ չապն էլ առնեմ։
Ամենաթանկ մորթին ճարեմ,
Զուգեմ քո չորս թաթիկը,
Օյ, այնպիսի զգեստ կարեմ,
ՈՒրա՜խ, ինչ չաղ շլդիկ ես։
Չափեմ, ձևեմ հենց հիմա,
Ինչ չաղլիկ ես, հա, հա, հա․․․
Գայլը նետեց մետր ու մատիտ,
Նապաստակին ճանկեց կոպիտ,
Սկսվեց մի հարայհրոց,
Շլդիկն իրեն գցեց փողոց։
Բայց փախչելիս խփեց ուժգին,
Ջարդեց դռան մեծ ապակին։
Չորս ոտ ուներ, չորսն էլ առավ,
Շլդիկը, պուկ, գայլից կորավ։
Հեռվից ծաղրեց աղվեսը չար
Նապաստակին սարսափահար․
– Վահ, ինչքա՜ն էլ սազում է քեզ,
Լա՜վ է կարված, բարով մաշես։
Արջն աղվեսից ետ չմնաց,
Արջավարի վրան խնդաց․
– Շատ թանկ նստե՞ց մուշտակդ նոր,
Գրպաններդ շնորհավո՜ր։
Կծու քրքիջը ականջում՝
Նապաստակը ո՜նց է փախչում․․․
Տարիներ են եկել-անցել,
Նապաստակը խելոքացել,
Ամառ-ձմեռ, առջվա պես,
Դերձակներից հեռու, անտես,
Թռչկոտում է ու վազվզում,
Նոր մուշտակ էլ չի երազում։
Մուշտակի մեջ, հին մոխրագույն,
Շրջում է նա, ուրախ երգում․
– Իմ մուշտակից լավ մուշտակ
Չի կարի ոչ մի դերձակ,
Իմ մուշտակի նման տաք,
Իմ մուշտակի նման թանկ,
Իմ մուշտակի պես սիրուն
Չկա ամբողջ անտառում։
Թեկուզ ձմեռ էլ իջնի,
Ծածկի անտառ, սար ու ձոր՝
Երբեք, երբեք չեմ սառչի,
Նոր մուշտակ չի՝ հարկավոր։

Սուրեն ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում