Հայաստանը մինչև գարուն առ ոչինչ կհայտարարի հայ-թուրքական արձանագրությունները

Հայաստանը մինչև գարուն առ ոչինչ կհայտարարի հայ-թուրքական արձանագրությունները

Հայաստանի կողմից մոտ ժամանակներս՝ մինչև գարուն առ ոչինչ են հայտարարվելու Շվեյցարիայում ստորագրված հայ-թուրքական արձանագրությունները: Այս մասին պատասխանելով ԵԽԽՎ-ում Թուրքիայի ներկայացուցիչ Յըլդըրըմ Թուղրուլ Թուրքեշի հարցին՝ հայտարարեց Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը:

«Մենք լավ չենք հասկանում որևէ քայլ կատարելու թուրքական կողմի պահանջը: 2008 թվականին իմ ընտրվելուց հետո ես նախաձեռնեցի հայ-թուրքական բանակցությունների հրապարակայնացում, և արդյունքում հանդիպումներ տեղի ունեցան Թուրքիայի նախագահի և իմ միջև: Բանակցություններն ինտենսիվ շարունակվեցին, և մենք Շվեյցարիայում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամների ԱԳ նախարարների մասնակցությամբ ստորագրեցինք 2 փաստաթուղթ Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերություններ հաստատելու մասին:

Մինչ բանակցություններ սկսելը և հենց բանակցությունների արդյունք հանդիսացող այդ փաստաթղթերում շատ հստակ ամրագրված է, որ այդ հարաբերությունները պետք է հաստատվեն առանց նախապայմանների: Բայց ցավոք սրտի, արձանագրությունները ստորագրելուց հետո թուրքական կողմը մշտապես փորձում է նախապայմաններ առաջադրել, և մինչ օրս այդ փորձերը շարունակվում են»,- ասաց ՀՀ Նախագահը:

Նա ընդգծեց՝ միջազգային պրակտիկայում այդպիսի օրինակի չենք հանդիպել. բոլոր պայմանները բանակցվում են մինչև փաստաթուղթ ստորագրելը: «Փաստաթուղթ ստորագրելուց հետո տարրական բարոյականությունը պահանջում է կատարել այդ փաստաթղթի պահանջները: Մենք հիմա` արդեն 9 տարի անց, նորից լսում ենք թուրքական կողմից ինչ-որ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտություն: Արդյոք երկրների միջև հարաբերություններ հաստատելը պետք է ուղեկցվի ինչ-որ ժեստերով, ինչ-որ զիջումներով: Փաստաթղթում շատ հստակ ամրագրված է՝ հաստատել հարաբերություններ, այնուհետև անդրադառնալ 2 երկրների միջև եղած բոլոր կնճռոտ հարցերին: Իսկ թուրքական կողմը նախապայմաններ է առաջադրում: Մենք երբեք որևէ նախապայման չենք կարող ընդունել»,- հայտարարեց Սերժ Սարգսյանը:

Նա ընդգծեց՝ այո, Թուրքիան հզոր պետություն է, Թուրքիան հսկայական ներուժ ունի և Հայաստանի ներուժը չի կարելի համեմատել Թուրքիայի հետ, սակայն դա չի նշանակում, որ Թուրքիան ուժի դիրքերից պետք է խոսի Հայաստանի հետ կամ նախապայմաններ առաջադրի: «Եթե այդպես լինի, ապա Թուրքիայից շատ ավելի հզոր երկրներ կան բնակչության և տնտեսության առումներով, և այդ հզոր երկրներն էլ Թուրքիայի հետ պետք է խոսեն ուժի դիրքերից կամ նախապայմանների լեզվով: Կարծում եմ, որ թուրքական իշխանություններն ու թուրք ժողովուրդն այդպիսի մոտեցում երբեք չեն ընդունի: Այդպես էլ մենք չենք ընդունում այդպիսի մոտեցումները:

Ուղղակի շատ ցավալի կլինի անկախ նրանից, որ այդ արձանագրությունները Հայաստանի կողմից մոտ ժամանակներս՝ մինչև գարուն առ ոչինչ են հայտարարվելու, քանի որ անիմաստ են դրանք, կարծում եմ ճիշտ կլինի, որ թուրքական կողմը տարածաշրջանում այս փխրուն կայունությունը պահպանելու համար հրաժարվի իր կողմնակալ դիրքորոշումից և միանշանակ Ադրբեջանին սատարելու քաղաքականությունից»,- ասաց ՀՀ Նախագահը:

Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ 2016 թվականին ռազմական գործողությունների ժամանակ Թուրքիան աշխարհի միակ պետություններ էր, որ սատարեց այդ ռազմական գործողությունները: Նախագահի և վարչապետի մակարդակով 4 օրում 5 հայտարարություն ընդունվեց ի պաշտպանություն Ադրբեջանի: «Այսպիսի պարագաներում ի՞նչ քայլեր կարող ենք մենք ձեռնարկել: Դա մեր ժողովրդի համար վիրավորական կլինի՝ հարաբերություններ հաստատելու համար գնալ միակողմանի զիջումների»,- եզրափակեց ՀՀ Նախագահը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում