Ստամբուլի նահանգապետարանն ուշացած պատասխանել է Պոլսո պատրիարքի ընտրության վերաբերյալ դիմումին

Ստամբուլի նահանգապետարանն ուշացած պատասխանել է Պոլսո պատրիարքի ընտրության վերաբերյալ դիմումին

Ստամբուլի նահանգապետարանն ի վերջո պատասխանել է Պոլսո հայոց պատրիարքի ընտրության վերաբերյալ ամիսներ առաջ հայկական կողմի ուղարկած դիմումին՝ հայտնելով, որ չի ճանաչում Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանին որպես պատրիարքական տեղապահ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Ստամբուլի հայկական «Ակոս» պարբերականը:

Ստամբուլի փոխնահանգապետ Իսմայիլ Գյուլթեքինի կողմից ստորագրված նամակում նշվել է, որ Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը դեռևս ողջ է և հետևաբար չկան անհրաժեշտ պայմաններ նոր պատրիարքի ընտրության համար:

Ստամբուլի նահանգապետարանից հայտնել են, թե առողջական խնդիրները չեն համարվում պատրիարքական պաշտոնը թափուր ճանաչելու համար բավարար, հետևաբար Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը շարունակում է պատրիարքական փոխանորդի պաշտոնը, իսկ Բեքչյանի՝ պատրիարքական տեղապահ ընտրվելու մասին բոլոր գործընթացները անվավեր են ճանաչվում:

Նամակում, որտեղ պատրիարքական տեղապահ Բեքչյանի համար օգտագործվել է «այսպես կոչված» ձևակերպումը, նշվել է, որ տեղապահի ընդունած բոլոր որոշումները ևս անվավեր են:

Ակնկալվում է, որ առաջիկայում այս նամակի առնչությամբ Պոլսո Հայոց պատրիարքարանը հանդես կգա հայտարարությամբ:

Բացի այդ, հայտնի է դարձել, որ Ստամբուլի նահանգապետարանը Թուրքիայի հայ համայնքի ղեկավարներին հրավիրել է հանդիպման, որը կկայանա փետրվարի 7-ին: Հանդիպմանը, ուր քննարկվելու է պատրիարքի ընտրության հարցը, մասնակցելու է նաև ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյուն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում