Գուցե իրո՞ք տրված է մեզ երկրի աղը լինել

Գուցե իրո՞ք տրված է մեզ երկրի աղը լինել

Քո ճանապարհն ենք անցնում,
որ անդրդվելի է երկրի ու երկնքի միջև.
փորձությունների պարանն այնքան է երկար,
որ հաճախ կորցնում ենք թելը բանականության:
Ապրելուց առաջ և ապրելուց հետո,
մեր նույնարյուն մասը միացրու մեր ամբողջին.
չէ՞ որ մեզ է տրված՝ երկրի աղը լինել:

Ամառնամուտը անձրևների թաց տեսքով շոշափեցինք,
որ անկանոն քամիների մեջ շարունակվեց.
մարդու ժամանակի ո՞րերորդ ամառն է երկրի վրա,
և քանի՞ արև է կյանքը քարկապել իր նկուղներում:
Շատ սերմեր ցանեցինք աշնան կարճ ու ապակե օրերին
և շատ էլ ճյուղ ու ոստեր ծաղկեցին տարվա փթթուն ժամանակ,
բայց պտուղը, վերին կամքով թե ներքևի, քիչ էր ու անկշիռ,
դատարկ կանաչ ու մոլախոտ է պարարտ հողում` հակառակ առակին:
Իսկ անտառից ներքև սարը ճեղքվել
պղտոր ու տիղմաբեր ջուր է ժայթքում արդեն քանի շաբաթ,
ծանր օձեր են տիղմի մեջ սողում,
իսկ քարերի վրա մեծ մողեսներ են` մինչ այդ չտեսնված:
Տարեց ու փորձառու, որ աստվածավախ են այս առավոտից
և այդպես կմնան հավանաբար մինչև ուշ գիշեր,
ասում են. Աստծո նշանն է երկնքից իջել,
վերջին օրերն են, պատրաստ եղեք:
Քահանան սովորականից մի քիչ ավելի է մնում եկեղեցում,
որ Տերունական աղոթքը վերհիշի,
իսկ փողոց մաքրող կինը աղբակույտից խլում է
Փրկչի տրորված նկարը ու խնամքով գրպանը դնում:
Օրվա լրագրերն ու եթեր արձակվող լուրերը
ժամ առ ժամ տեղեկացնում են ջրհեղեղի, երկրաշարժի, փոթորկի,
սառից տաքի վերածված պատերազմի մասին.
որ շեկ ու բեղնավոր երկրում դեղնամորթների,
որոնց ավազի հատիկների պես շատացնել էիր խոստացել,
ստրուկներ են վաճառում այն երեխաների տեսքով,
ովքեր երկնքի արքայությանը նմանվեցին:
Պատմում են, թե ծայր հյուսիսում, նավթի համար փորված հորատանցքից
ածուխի պես սև, միաչքանի ու երկար պոչով գազանիկներ են դուրս պրծել,
և ընդերքից վայնասուն է լսվում, լաց ու ատամների կրճտոց…
Այս ամենը կատարվում է համաձայն Քո խոսքի:
Ու վաղ առավոտից խմբվել ենք մի կիսաչոր թզենու տակ
և առաջին անգամ միասին, մեկ բերան դարձած
երկրի զավակների մեր խոսքն ենք ասում.
” Մեզ միշտ պակասում է էլի մեկ հնար.
տո՛ւր մեզ վերջին անգամ,
և կպահպանենք արդեն փորձված կորցնողի պես:

Քեզ հետ նույնէություն ու մեկ լույս լինելու համար
մեր բովանդակությունն ենք մեզնից անջրպետել,
մեր նույնարյուն եսը միացրու մեր ամբողջին.
գուցե իրո՞ք տրված է մեզ երկրի աղը լինել:

Արա ՀՈՒՍԻԿ

Հետևեք մեզ նաև Telegram-ում