Գայի պողոտայում չորս ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել. կա զոհ

Գայի պողոտայում չորս ավտոմեքենայի մասնակցությամբ ՃՏՊ է տեղի ունեցել. կա զոհ

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը մարտի 27-ին, ժամը 11:06-ին ահազանգ է ստացել, որ Երևան քաղաքի Գայի պողոտայում՝ «Երևան Սիթի» սուպերմարկետի դիմաց, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը:

Ինչպես տեղեկացրին նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, պարզվել է, որ իրար են բախվել «Volkswagen Vento» մակնիշի 34 NA 982, «Opel Astra» մակնիշի 35 GL 468, «Chevrolet Aveo» մակնիշի 271 LO 61, «Hyundai Sonata» մակնիշի 35 QP 318 պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel Astra» մակնիշի ավտոմեքենայի վարորդ՝ 1965 թ. ծնված Վ. Թ.-ը շտապօգնության ավտոմեքենայով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն հոսպիտալացվելու ճանապարհին մահացել է:

Ինչպես տեղեկացանք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից, մահացածը Երևանի բնակիչ 52-ամյա Վրեժ Թադևոսյանն է. նա մահացել է հիվանդանոցում՝ գիտակցության չգալով:

Հարուցվել է քրեական գործ ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցի շահագործման կանոնները խախտելու հատկանիշներով, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։

Կատարվածի հանգամանքները պարզվում են։ Կատարվում է նախաքննություն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում