Արցախի ԱԳՆ ղեկավարը Մոսկվայում մասնակցել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառմանը

Արցախի ԱԳՆ ղեկավարը Մոսկվայում մասնակցել է Ղարաբաղյան շարժման 30-ամյակին նվիրված միջոցառմանը

Մոսկվա կատարած աշխատանքային այցի շրջանակներում, Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանն ապրիլի 5-ին ողջույնի խոսքով հանդես է եկել Հայաստանի Հանրապետության դեսպանատանը կազմակերպված միջոցառմանը՝ նվիրված ղարաբաղյան ազգային-ազատագրական շարժման 30- ամյակին

Իր ելույթում Արցախի արտաքին գործերի նախարարը ներկայացրել է արցախահայության ազգային-ազատագրական պայքարի և նրա անցած ազգային վերածննդի ուղու կարևորությունը։

Արցախի ԱԳՆ ղեկավարը նշել է, որ արցախյան ազատագրական շարժումը, որը միավորել է Արցախը, Հայաստանը և հայկական սփյուռքը ընդհանուր գաղափարների և սկզբունքների շուրջ, վերաճել է համահայկական պայքարի՝ ի պաշտպանություն իրավունքների և ազատությունների, և կանխորոշել է ոչ միայն Արցախի, այլև ողջ հայ ժողովրդի հետագա ճակատագիրը։ Այն դարձել է հայ ժողովրդի նորագույն պատմության ամենաճակատագրական իրադարձությունը, որի արդյունքում աշխարհի քաղաքական քարտեզի վրա հայտնվեցին 2 անկախ հայկական պետություններ։

Մասիս Մայիլյանը նաև ընդգծել է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը սատարած ռուս մտավորականության ներկայացուցիչների ներդրումը` նշելով, որ ինչպես Արցախում, այնպես էլ Հայաստանում նրանց հիշում են հատուկ երախտագիտությամբ:

Միջոցառմանը տեղի է ունեցել լրագրող Ազա Բաբայանի՝ Արցախում նկարահանված «Յակովի հողը» ֆիլմի ցուցադրությունը և նկարիչներ Յուրի Գրիգորյանի և Յուրի Գրիգորյան-կրտսերի աշխատանքների ցուցադրությունը։ Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը «Ղարաբաղյան շարժման 30-ամյակ» հուշամեդալներ է հանձնել Ազա Բաբայանին, Յուրի Գրիգորյանին և Յուրի Գրիգորյան-կրտսերին։ Իր հերթին, Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Վարդան Տողանյանը շնորհակալություն է հայտնել ֆիլմի հեղինակներին և Գրիգորյանների գերդաստանի ներկայացուցիչներին։

Միջոցառմանը ներկա էին դիվանագետներ, Պետդումայի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային Խորհրդի պատգամավորներ, լրագրողներ, փորձագետներ, ինչպես նաև Մոսկվայի հայ համայնքի ներկայացուցիչներ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում