Հայտնի կանայք շնորհավորում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ապրիլի 7-ի կապակցությամբ

Հայտնի կանայք շնորհավորում են գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին ապրիլի 7-ի կապակցությամբ

Մայրության և գեղեցկության տոնը` ապրիլի 7-ը, որը եզրափակում է կանանց միամսյակը, հնարավորություն է տալիս ևս մեկ անգամ գնահատել գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին, արժևորել նրանց ներկայությունը և լավագույնը մաղթել նրանց:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում երգչուհի Ալլա Լևոնյանը շնորհավորեց բոլոր կանանց` նշելով, որ չկա տգեղ կին: «Շատ եմ սիրում ապրիլի 7-ը: Ուզում եմ փայփայել այս տոնը, քանի որ այն ծնվել է մեր երկրի անկախության ընթացքում և որքան ամուր հիմքեր ունենա, այնքան ավելի լավ»,-ասաց Լևոնյանը: Նա առաջինը շնորհավորել է իր մորը, ամուսնու մորը, ընկերուհիներին:

«Հայ կինը միշտ գնահատված է եղել: Դա է փաստում մեր պատմությունը: Անցյալում, որքան էլ, որ կանայք պարփակված են եղել, և խոսքը տղամարդունն է եղել, միևնույն է, կանաց հետ հաշվի են նստել. հատկապես գնահատվել է տան մեծը` մեծ մայրը, ով հոգ է տարել ընտանիքի անդամների մասին, երբ տղամարդիկ որսի են գնացել: Վստահ եմ, որ մինչ օրս շատ-շատ հայ ընտանիքներում կանանց դերը մեծ և կարևոր է»,-ընդգծեց երգչուհին:

«Պետք է խոստովանեմ, որ այնքան էլ չեմ սիրում այս տոները, քանի որ, ըստ իս, դրանք մի փոքր ձևական բնույթ ունեն: Այնուամենայնիվ, առավոտյան շնորհավորել եմ սկեսրոջս և կշնորհավորեմ մորս»,-անկեղծացավ հեռուստա- և ռադիոհաղորդավար Լուսինե Բադալյանը:

Նրա խոսքով` կնոջ դերը մեր հասարակությունում միշտ արժևորված է եղել: Մայրը սրբություն է դիտվել, քրոջ պատիվը պահելը տղամարդկանց համար առաջնային է եղել, դուստրերի նկատմամբ եղել և շարունակում են շատ ուշադիր լինել ընտանիքների հայրերը: «Կարծում եմ` մեր հասարակությունն այսօր բևեռացված է. մի մասը դեռ ասիական բարքերով է ապրում, իսկ ավելի զարգացած և ինտելեկտուալ մարդիկ գնահատում են կանանց»,-շեշտեց Բադալյանը:

Նա ընդգծեց, որ շատ բան կախված է կնոջից. «Որքան դու ես արժևորում ինքդ քեզ, այնքան էլ հասարակությունն է դա անում»,-եզրափակեց հաղորդավարուհին:

Թատրոնի և կինոյի դերասանուհի, թատերական ռեժիսոր Լիլի Էլբակյանն ասաց, որ առաջինը շնորհավորել է մորը, տատիկին և դստերը, որոնք փոխադարձել են ջերմ շնորհավորանքներով, իսկ Լիլիի տղան մորը բանաստեղծություն է նվիրել:

Անդրադառնալով մեր հասարակությունում կանանց դերին` Լիլին խոստովանեց, որ սկսել է մեքենա վարել և նկատել է, որ շատ են մեքենա վարող կանայք: «Մի կողմից լավ է, որ կանայք կամաց-կամաց իրենց տեղը գտնում են և պիտանի են զգում իրենց, իսկ հասարակությունը նրանց կարիքն ունի, մյուս կողմից՝ վատ է, քանի որ տղամարդիկ, կարծես թե, շատ բեռ են թողնում կնոջ ուսերին: Կինը որքան էլ աշխատի, զբաղվի իր սիրած գործով, չպետք է մոռանա, որ կին է»,-շեշտեց Լիլին և մեծ երջանկություն մաղթեց բոլոր կանանց:

Մայրության և գեղեցկության տոնին մեծ ժողովրդականություն հաղորդող ազդակ է եղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր կարգադրությունը, համաձայն որի՝ վերջին տարիներին Ավետման տոնի օրը մեր եկեղեցիներում կատարվում է մայրության բերկրանքին սպասող կանանց օրհնության հատուկ կարգ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում