Հայկական բանակի զինանոցն ունի աննախադեպ հագեցվածություն. ՀՀ ԶՈՒ զարգացման տասնամյակը

Հայկական բանակի զինանոցն ունի աննախադեպ հագեցվածություն. ՀՀ ԶՈՒ զարգացման տասնամյակը

Բարեփոխվող բանակն անվտանգության երաշխավոր

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիներին բավական ակտիվ քայլեր են ձեռնարկվել հայկական զինված ուժերի նոր զինատեսակների ձեռքբերման ու ներդրման ուղղությամբ: Հայկական զինված ուժերի զինանոցը հարստացնելու գործընթացը կրում է շարունակական բնույթ և այս համատեքստում վերջին տարիներին բավական մեծ ուշադրություն է դարձվում նաև հայրենական ռազմարդյունաբերությանը, որի առանձին մշակումներ`ԱԹՕ, ավտոմատացված համակարգեր և այլն, բավական խոստումնալից են:

Հայկական բանակի զինանոցն ունի աննախադեպ հագեցվածություն և այսօր տիրապետում է այնպիսի զինատեսակների` Իսկանդեր, Սմերչ, Տոչկա-Ու համակարգեր և այլն, որոնք հնարավորություն են տալիս խոցել Ադրբեջանի տարածքի խորքերը և անգամ մայրաքաղաք Բաքուն:

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման 10 տարիների ընթացքում Հայաստանի ու Արցախի անվտանգության ապահովման և պաշտպանական համակարգի ամրապնդման խնդիրները եղել են նրա գլխավոր առաջնահերթությունները: Միևնույն ժամանակ այդ գերակայությունն իր մեջ ամփոփել է մի կողմից ՀՀ Զինված ուժերի զարգացման հստակ տեսլականը, մյուս կողմից՝ բանակի թույլ և ուժեղ կողմերի գիտակցումը: Այս ամենին թերևս էապես նպաստել և նպաստում է այն հանգամանքը, որ ՀՀ գերագույն գլխավոր հրամանատարը ոչ միայն ունի ուժային կառույցներում աշխատանքի երկար տարիների փորձ, այլ նաև անմիջական մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին, և ավելի լավ, քան որևէ մեկը գիտի թե՛ խաղաղության գինը, թե՛ հզոր բանակի կարևորությունը:

Պաշտպանական քաղաքականության հիմքում դնելով շարունակական զարգացման խնդիրը, պարբերաբար բարձրացվել են բանակի համար սահմանված նշաձողերը: Հզոր, ինտելեկտուալ, ժամանակակից բանակի տեսլականի կյանքի կոչման նպատակով ուշադրության կենտրոնում է ինչպես Զինված ուժերի հմտությունների, կարողությունների զարգացման և կատարելագործման, այնպես էլ զինատեսակների արդիականացման գործընթացը: Հատկանշական է, որ այս տարիներին լիովին նոր մակարդակի է բարձրացել ռազմական զորավարժությունների անցկացման փորձը՝ թե՛ դրանց սցենարների, թե՛ ընդգրկման առումով: Բավական մեծ ուշադրություն է դարձվել նաև միջազգային փորձի փոխառմանը, ինչին էապես նպաստում են տարբեր բազմակողմ զորավարժությունները, որոնց Հայաստանը ներգրավված է որպես ՀԱՊԿ անդամ և որպես ՆԱՏՕ-ի գործընկեր:

Հատկանշական է, որ վերջին տասնամյակն աչքի ընկավ նաև նրանով, որ Ադրբեջանը, չկարողանալով բանակցային սեղանին միակողմանի զիջումներ կորզել հայկական կողմից, որդեգրեց հայկական կողմի վրա սահմանային լարվածությամբ ճնշումներ գործադրելու գործելաոճ: Սա, բնականաբար, չէր կարող մնալ անհետևանք, և հրապարակային հայտարարվեց, որ ադրբեջանական սադրանքներին պատասխանը լինելու է ոչ համարժեք և պատժիչ բնույթի, քանզի միայն նման կոշտ քայլերն են սթափեցնում Բաքվին:

Նախագահը մեկ անգամ չէ, որ հրապարակային հայտարարել է, որ մենք պատերազմ չենք ցանկանում, սակայն միաժամանակ պատրաստ ենք դիմագրավելու յուրաքանչյուր մարտահրավերի: Ադրբեջանական իշխանությունների արկածախնդրության գագաթնակետը դարձավ Արցախի նկատմամբ 2016 թվականի ապրիլյան ագրեսիան, որը բավական լուրջ մարտահրավեր էր հայկական զինված ուժերի համար: Ինչպես հետագայում հայտնի դարձավ, Ադրբեջանի բավական մանրամասն մշակված ծրագրով նախատեսվում էր բլիցկրիգով հասնել մինչև Ստեփանակերտ: Սակայն, շնորհիվ հայ զինվորի խիզախության և հրամանատարական կազմի գրագետ քայլերի՝ Արցախին զենքի ուժով տիրանալու Ալիևի ծրագրերը տապալվեցին: Այս ամենում, անշուշտ, բավական կարևոր դերակատարում ուներ նաև նախագահ Սերժ Սարգսյանը, քանզի նրա ռազմական փորձի և իրավիճակի սթափ գնահատման շնորհիվ էր նաև, որ հնարավոր եղավ կասեցնել թշնամուն և խուսափել հանրության շրջանում խուճապային տրամադրություններից:

Ապրիլյան պատերազմը նաև դարձավ բանակում առկա խնդիրների վերհանման, նոր իրողություններին և մարտահրավերներին համապատասխան բարեփոխումների իրականացման առիթ: Բոլոր սահմանային դիրքերի ամրապնդումը, կահավորումը, հետախուզական միջոցների ուժեղացումը, տեսախցիկների և գիշերային տեսանելիության համակարգերի տեղադրումը, թերևս, իրականացված բարեփոխումների ամենատեսանելի մասն է: Չնայած կատարված քայլերին՝ երկրի բարձրագույն ղեկավարության մոտ առկա էր անվտանգության ոլորտում առավել խորքային բարեփոխումների անհրաժեշտության գիտակցումը, ինչի արդյունքում շրջանառության մեջ դրվեց «Ազգ-բանակ» հայեցակարգը և «հասանելի ռեսուրսներով առավելագույն արդյունք» ռազմավարական սկզբունքը:

Նախագահի հանձնարարությամբ մշակվել և կիրառման մեջ է դրվել ՀՀ զինված ուժերի արդիականացման 7-ամյա ծրագիրը, որն աննախադեպ է թե՛ իր ժամանակային ընդգրկմամբ, թե՛ թիրախային բնույթով: Ըստ էության, ՀՀ զինված ուժերի 2018-2024 թթ. արդիականացման ծրագիրը հանդիսանում է «Ազգ-բանակ» հայեցակարգի կյանքի կոչման ճանապարհային քարտեզը:

Ծրագիրն ունի հաջողելու և Զինված ուժերի ոլորտում թռիչքաձև զարգացում ապահովելու համար անհրաժեշտ բոլոր նախադրյալները: Ավելին՝ արդեն իսկ իրականացված քայլերը՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի տեղափոխումը Դիլիջան, պայմանագրային ծառայության երկու նոր «Ես եմ», «Պատիվ ունեմ» ծրագրերի ներդրումը, բանակն առավել թափանցիկ դարձնելու նոր, լայնամասշտաբ «Դիտակետ» ծրագրի մեկնարկը, զինծառայողների ապահովագրության հիմնադրամի ստեղծումը, սոցիալական ապահովության նոր փաթեթի մշակումը ևս մեկ անգամ փաստում են, որ հայ զինվորի և հայկական Զինված ուժերի նկատմամբ կա հատուկ վերաբերմունք, քանզի հենց նա է Հայաստանի և Արցախի անվտանգության միակ երաշխավորը:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում