Էկոլոգիական անվտանգության լաբորատորիայում պոլիէթիլենը քայքայող մանրէներ են աճեցնում

Էկոլոգիական անվտանգության լաբորատորիայում պոլիէթիլենը քայքայող մանրէներ են աճեցնում

Ընդդեմ՝ վնասակար, հօգուտ օգտակար մանրէների պայքարողները

Անել որքան հնարավոր է շատ գործ, որքան հնարավոր է՝ կարճ ժամանակահատվածում. ՀՀ ԳԱԱ «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի գիտաշխատող Արմեն Սարգսյանն իր աշխատանքային օրվա ռիթմն անձամբ է սահմանել, դրա համար էլ չի բողոքում։ Ագրարային համալսարանի նախկին ուսանողին կենսաբանությունն այնքան ձգեց, որ, ի վերջո, դարձավ նրա երկրորդ մասնագիտությունն ու մշտական աշխատանքը։ Արդեն 11 տարի է՝ Արմեն Սարգսյանը գիտության ոլորտում է. «Հայկենսատեխնոլոգիա» գիտաարտադրական կենտրոնի Էկոլոգիական անվտանգության լաբորատորիայում նրա մասնակցությամբ կատարվող հետազոտությունների բարդության աստիճանը ճիշտ գնահատել ոչ մասնագետը դժվար թե կարողանա, բայց պատկերացնել, հավանաբար, կկարողանա։ Գիտակցելով հնարավոր ռիսկերը, որոնք կարող են առաջանալ որևէ հակաբիոտիկների հանդեպ զգայունություն չունեցող մանրէի՝ մարդու օրգանիզմ ներթափանցելու արդյունքում, Արմենն ու գործընկերները փորձում են գտնել հակաբիոտիկներին քայքայող, դրանցից շատերի հանդեպ կայունություն ձեռք բերած մանրէների դեմ պայքարելու այլ ուղիներ։

«Գոյություն ունեն մանրէներ, որոնք որևէ հակաբիոտիկի նկատմամբ կայուն են։ Նման կայունության առաջացման ուղիներից մեկը մանրէի կողմից հակաբիոտիկի քայքայումն է: Ճիշտ է, Հայաստանում դեռևս մուլտիռեզիստենտ (բազմաթիվ հակաբիոտիկների նկատմամբ կայուն) հայտնաբերված չեն, բայց 100 տոկոսով բացառել դրանց առկայությունը մեր շրջապատում, չենք կարող։ Օրինակ՝ Ամազոնի ափերից հայտնաբերվել են մանրէների շտամներ, որոնք կայուն են բոլոր հակաբիոտիկների նկատմամբ։ Մեզ մոտ՝ Հայաստանում, կա Մանրէների ավանդադրման կենտրոն, որտեղ պահվում է շուրջ 20000 մանրէ։ Դրանց հատկությունները մանրամասն ուսումնասիրվում են, բայց, կրկնում եմ, մեր շրջապատում հանդիպող բոլոր մանրէները չէեն, որ ուսումնասիրված են,-ասում է Արմեն Սարգսյանն ու աշխարհի բազմաթիվ կենսաբաններին հուզող խնդրի լուծման իրենց տարբերակը ներկայացնում։-«Մենք որոնում ենք նյութեր, որոնք հակաբիոտիկների հետ համատեղմամբ հնարավորություն կտան կանխել մանրէի կողմից հակաբիոտիկի քայքայումը, և վերջինս կոչնչացնի մանրէն։ Վերջերս մենք, ԵՊՀ-ի հետ համատեղ իրականացված դրամաշնորհներից մեկի շրջանակում, արդեն իսկ հայտնաբերել ենք նման հատկություններով նյութեր: Հուսով եմ՝ դրամաշնորհը շարունակական կլինի և մեզ հնարավորություն և միջոցներ կընձեռի շարունակել ուսումնասիրությունները:

Էկոլոգիական անվտանգության լաբորատորիայում վնասակար մանրէների դեմ պայքարի ուղիներ մշակելուն զուգահեռ, այլ՝ օգտակար մանրէների աճեցմամբ էլ են զբաղվում։ Տարբեր հավաքածուներում առկա մի շարք միկրոօրգանիզմներ արհեստական պոլիմերը քայքայելու հատկությամբ են օժտված։ Դրանց որոշ տեսակներ պոլիէթիլենը մի քանի մասի են բաժանում, մյուսները՝ ավելի փոքր մասերի և, ի վերջո, հասցնում այնպիսի մակարդակի, որ բնության կողմից մի քանի տարվա ընթացքում յուրացվում է»,-բացատրում է այդ հետազոտություններում ևս հաճույքով ընդգրկված երիտասարդ գիտաշխատողը։ Վերջինիս խոսքով՝ նման գործունեությամբ զբաղվող կենտրոնների թիվն աշխարհում քիչ չէ, թեպետ եկամտաբեր գործ չէ։ Ոչ եկամտաբեր, բայց ամբողջ աշխարհում լուրջ մտահոգության պատճառ դարձած պլաստիկ թափոններից ազատվելու, թերևս, հիանալի տարբերակ են առաջ քաշում մեր մասնագետները։ Դա միանշանակ է, սակայն այս դեպքում խիստ կարևոր է, որ ստացված գիտական արդյունքները կիրառության մեջ դրվեն։

Միրգ-բանջարեղենի քիմիական բաղադրիչը նվազեցնելու ճանապարհին

Օգտակար մանրէների մյուս խումբը, որոնք Էկոլոգիական անվտանգության լաբորատորիայի գիտաշխատողների մանրադիտակի տակ են, կարևոր նշանակություն կարող են ունենալ գյուղատնտեսության համար։ Գյուղմթերքների համն ու հոտը փոխող, մարդկանց օրգանիզմում առողջական տարբեր խնդիրներ առաջացնող և հողն աղտոտող միջատասպան հատկություն ունեցող քիմիական նյութերի փոխարեն Արմենն ու թիմակիցներն առաջարկում են միջատների դեմ պայքարի այլ՝ անվտանգ միջոց կիրառել. «Տարբեր հիվանդություններից սատկած միջատներից մանրէներ ենք անջատում, դրանք ուսումնասիրում և պարզում, թե ինչից են սատկել, այնուհետև դրանցից ստանում ենք նյութեր, որոնք նույն կերպ սպանում են այս կամ այն միջատին։ Դրանք, իհարկե, սահմանափակ կիրառություն կարող են ունենալ, և պետք է բավականին զգույշ լինել, որպեսզի համատարած բոլոր, ասենք, մորեխներին չսպանենք, այլ միայն հողամասի, գյուղատնտեսական նշանակության տարածքներում գտնվողներին»։

Նշվածներից բացի, Արմենը զբաղվում է նաև մի շարք այլ ծրագրերով, ինչպես օրինակ՝ հակաուռուցքային և հակաբորբոքային դեղերի հնարավոր բաղադրիչների որոնում, կենսաբանական պրոցեսների համակարգչային մոդելավորում և այլն: Թվարկված ուղղություններով երիտասարդ գիտաշխատողը միշտ չէ, որ միաժամանակ է զբաղվում, բայց այդպես էլ է պատահում։ Իսկ երբ հիմնական աշխատանքին գումարվում են նաև լրացուցիչ գործերը, նրա աշխատասենյակի դուռը երեկոյան 9-ից կամ 10-ից շուտ չի փակվում։

Գիտնականի խոսքերով ամեն ինչ այնքան հեշտ չի, ինչպես կարող է թվալ. «Խնդիրները բազմաթիվ են, շատ դեպքերում գիտնականների ձեռքերը «կապվում են» իրավական դաշտի պատճառով, թեկուզ միայն «Պետական գնումների մասին օրենքն», արդեն իսկ, հետազոտությունները հետաձգում են 3-10 ամսով, մինչև ձեռք են բերվում անհրաժեշտ նյութերը: Արմեն Սարգսյանը վստահ է՝ արեհստական նման խոչընդոտների վերացումը կնպաստի, որպեսզի ինքն ու գործընկերներն ավելի արդյունավետ աշխատեն։

Լիլիթ ՊՈՂՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում