Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 5-րդ մրցույթը մեկնարկում է

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 5-րդ մրցույթը մեկնարկում է

Մայիսի 10-12-ը կանցկացվի Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական 5-րդ մրցույթը: Մրցույթն անցկացվում է 2014 թվականից, որի նպատակն է հնարավորություն ընձեռել պատանի կոմպոզիտորներին՝ դրսևորվելու, ներկայացնելու իրենց ստեղծագործություններն ու մասնիկը լինելու կոմպոզիտորական մեծ ընտանիքի: Այս մասին տեղեկացնում է Panorama.am-ը։

Մշակույթի նախարարությունից հայտնում են, որ փակ քննարկման արդյունքում մրցութային փուլին մասնակցության իրավունք են ստացել 11 պատանի ստեղծագործող՝ բաժանվելով երկու խմբի /կրտսեր խումբ՝ մինչև 13 տարեկան, ավագ խումբ՝ 14-18 տարեկան):

Առաջին անգամ մրցույթին կմասնակցեն նաև հայազգի ստեղծագործողներ ՌԴ-ից և Գերմանիայից:

Այս տարի մրցույթը նվիրված է Երևան քաղաքի հիմնադրման 2800-ամյակին: Մրցույթի ավագ խմբի /14-18 տարեկան/ մասնակիցները բացի գործիքային մեկ ստեղծագործությունից կներկայացնեն նաև մեկ երգ, որը նվիրված կլինի քաղաքամայր Երևանին:

Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական մրցույթի հանձնաժողովի կազմում ընդգրկված են անվանի կոմպոզիտորներ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը, ՀՀ ժողովրդական արտիստներ Մարտին Վարդազարյանը, Երվանդ Երզնկյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչներ Էդուարդ Հայրապետյանը, Արզաս Ոսկանյանը, Երվանդ Երկանյանը, ինչպես նաև մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը:

Մրցույթի գալա համերգն ու մրցանակաբաշխությունը կկայանա Հայաստանի կոմպոզիտորների միության դահլիճում, մայիսի 12-ին, Էդվարդ Միրզոյանի ծննդյան օրը: Ե՛վ մրցութային փուլը, և՛ մրցանակաբաշխությունը կմեկնարկեն ժամը 12:00-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում