Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահին

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահին

Մայիսի 22-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Դեմետրիս Սիլուրիսին: Այս մասին տեղեկացնում է armchurch.info-ն։

Վեհափառ Հայրապետը գոհունակությամբ հաստատեց, որ նման այցերը կարևոր խթան են երկու բարեկամ երկրների կապերի և գործակցության առավել զորացման համար:

Նորին Սրբությունն ուրախությամբ փաստեց, որ երկու ժողովուրդների եղբայրական հարաբերությունները գալիս են դարերի խորքից, ինչն այսօր շարունակում է իր մասնավոր դրսևորումը գտնել Կիպրոսի իշխանությունների կողմից հայ համայնքի նկատմամբ ցուցաբերված գնահատարժան վերաբերմունքով, ինչպես նաև Հայոց Ցեղասպանության ճանաչման և դատապարտման փաստով:

Իր հերթին պրն. Դեմետրիս Սիլուրիսը ընդգծեց, որ երկու ժողովուրդներն ունեն շատ ընդհանրություններ և պատմության ընթացքում մշտապես պայքարել են իրենց նկատմամբ արդարության վերականգնման համար:

Ներկայացուցիչների պալատի նախագահը Վեհափառ Հայրապետին փոխանցեց նաև Կիպրոսի նախագահի և արքեպիսկոպոսի ողջույններն ու բարեմաղթանքները:

Ամենայն Հայոց Կաթողիկոսը, նույնպես իր եղբայրական սերն ու բարեմաղթանքները փոխանցելով նրանց հոգևոր առաջնորդին, գոհունակությամբ արձանագրեց երկու եկեղեցիների միջև առկա բարեկամական ջերմ հարաբերությունները:

Վերջում անդրադարձ կատարվեց երկու երկրների առջև ծառացած արդի մարտահրավերներին և դրանց հանգուցալուծմանն ուղղված ջանքերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում