Սպորտի նախարարությունը ուղղակիորեն ղեկավարելու է մարզաշխարհի մի հեղինակությո՞ւն

Անդրադառնալով Յուրի Վարդանյանի նշանակմանը’ «ՀԺ»-ն այսօրվա համարում մասնավորապես գրել է. «Մեր լեգենդար մարզիկի Յուրի Վարդանյանի սպորտի նախարար նշանակվելու մասին լուրերը մարզաշխարհում պտտվում էին դեռ 2012-ին Լոնդոնում կայացած Օլիմպիական խաղերից հետո ու հայկական սպորտի ապագա ղեկավարի մասին դատողություններս ներկայացրել եմ դեռ այդ ժամանակ («Հժ», 16,08, 2012 թվական, «Ափսոս էր լեգենդը»): Հաշվի առնելով, սակայն, որ նախարարը քաղաքական պաշտոն է, կարելի է որոշակի սրբագրումներ անել: Նախ նշեմ, որ իր ստեղծման օրվանից’ 2008 թվականից առ այսօր, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար են նշանակվել Արմեն Գրիգորյանը (2008-2010թթ.), Արթուր Պետրոսյանը (2010-2012 թթ.) և Հրաչյա Ռոստոմյանը (2012 թվականի հունիսից մինչեւ 2013 թվականի մայիսը): Այս 3 նախարարները իրենց պորտֆելները ստացել են «Բարգավաճ Հայաստանի» քվոտայով ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիոն հուշագրի շրջանակներում ու մեծ հաշվով’ ամբողջապես հաշվետու եղել ոչ թե Հայաստանի կառավարությանը, այլ ԲՀԿ-ի ու Հայաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի (ՀԱ-ՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանի’ սրանից բխող բոլոր հետևանքներով: Սպորտի նախարարը Հայաստանում վերածվել էր «ՀԱ-ՕԿ վարչության պետի» Օլիմպիական կոմիտեի կցորդի: Հիմա նախարար է նշանակվել մարդ, որը ԲՀԿ անդամ չէ, դեռ ավելին հրապարակային քննադատության է արժանացրել ՀԱՕԿ նախագահին: Հիշեցնեմ, որ Լոնդոնյան Օլիմպիադայի մեկնարկից մի քանի օր անց, այն ժամանակ ՀՀ նախագահի խորհրդականի պաշտոնը զբաղեցնող Յուրի Վարդանյանը մեղադրանքներ էր հնչեցրել Գագիկ Ծաոուկյանի հասցեին’ անվանելով վերջինիս ոչ պրոֆեսիոնալ, որից հետո ԲՀԿ-ականները, մարզաշխարհի ներկայացուցիչները մի լավ լեզվակռիվ ունեցան Յուրի Վարդանյանի հետ: Հետո հանկարծ շարժվեց կախարդական փայտիկը, ու բոլորը լռեցին: Հիմա էլ կարծես սպասվում են’ Յուրի Վարդանյան – Գագիկ Ծաոուկյան «մարզական բախումներ»: Վստահ եմ’ դա կլինի կամ չի լինի’ կորոշի «կախարդական փայտիկը»: Հետևաբար ամեն ինչ կընթանա ՀՀԿ-ԲՀԿ քաղաքական պայմանավորվածությունների շրջանակում: Մեր սպորտում առկա վիճակն ու զարգացման հեռանկարները պարզ են նույնիսկ շարքային մարզասերին ու պետք չէ անգամ լինել լեգենդար մարզիկ’ ինչ որ բան փոխել փորձելու, առաջ տանելու համար: Այլ հարց է, թե ինչ սցենարի շրջանակներում է գործելու ապագա նախարարը:
Հ.Գ. Մարզաշխարհում լուրեր են պտտվում, որ շուտով Սպորտի նախարարությունում բարձր պաշտոնի է նշանակվելու հայկական սպորտում մեծ հեղինակություն ունեցող մի անձնավորություն, որը նախարար նշանակվելու երևի թե լավագույն թեկնածուն էր ու ոչ ուղղակիորեն ղեկավարելու է Սպորտի նախարարությունը»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում