Չալոն
Նմանատիպ
Գայլերի կեսգիշերային ոռնոցը թոնրատան կիսախարխուլ դռնից հասավ Գըրբե Գրիգորի ականջին։ Կինն էլ լսեց ու վախից ակամա կուչ եկավ ամուսնու գրկում։
– Գրիգո՛ր, բոլշևիկի գելի ձեն սուլթանի գելի ձենի նման է, կերևա՝ երկուսին էլ նույն մերն է ցկնե. իմա՞լ ապրինք,- տագնապեց կինը։
Գրիգորը միայն սապոգները արագ հագավ, բահը վերցրեց, կամաց հրեց թոնրատան դուռը։ Խավարի մեջ չհասցրեց հաշվել գայլերի ճլստացող աչքերը։ Գրիգորն էլ ատամները կրճտացրեց, երկու քայլ առաջ գնաց՝ «Ես ձեր ընդհանուր մերը…»։
Գայլերը անակնկալի եկան, մի քանի մետր նահանջեցին։ Կինը վառվող նավթոտ շորը շպրտեց գայլերի կողմը։ Գրիգորն էլի առաջ գնաց՝ ավելի սպառնալից հայհոյելով բոլշևիկի ու սուլթանի գայլերի ընդհանուր հորն ու մորը, ցեղը, հավատը… Գայլերը հուսահատ հեռացան դիմացի ձորը՝ մի անտեր ու միայնակ գոնե շան թուլա բզկտելու ախորժակով։
– Էս տան համար մի գամփռ շուն է հարկավոր, առավոտ էրթամ Շորագյալի կողմեր իմ էրգրացու մոտ,- ելքը գտավ Գրիգորը՝ ամրացնելով թոնրատան դուռը։
Շորագյալում Գրիգորի էրգրացին մի քանի շուն ցույց տվեց։ Սև մարմնով ու կարմիր գլխով մի գամփռ որսաց Գրիգորի սուր հայացքը. իրար նայեցին մի քանի վայրկյան… Շան աչքերը Գրիգորին դուր եկան, մեջները կրակ կար։
– Է՛ս է, որ կա, ինքն էլ հաստատ նոր տեր է փնտրում,- վճռական ասեց Գրիգորն, ու տիրոջ հետ նոր ժնջիլ ամրացրին գամփռի վզին։ -Նոր անունը ե՛ս կդնեմ, Էրգիր շատ շուն ենք ունեցե, թող անցած գնացած հավատարիմ շան անունն էլ հիշվի, մարդուց ինչո՞վ է պակաս։
Վերադարձին, Աշնակ չհասած, Գրիգորը մի քարի նստեց, կորեկհացի վերջին պատառը չնետեց, այլ արժանապատվորեն դրեց շան առջև։ Շունը հասկացավ նոր տիրոջը և առաջին անգամ, որպես հավատարմության երդում նոր տիրոջը, լիզեց նրա ձեռքը։
– Մեր Էրգրի ո՞ր շան անունով կանչեմ քեզ, իմ նոր բարեկամ,- հիշողությունների կծիկը քանդեց Գրիգորը, և մի պահ աչքերը սառեցին։- Մարմինը սև է սուլթանի պես, գլուխը կարմիր է բոլշևիկի պես… Է՜, թե որ Կարմիրի անունով կանչեմ, մինչև վաղ առավոտ գլուխս կուտեն։ Գելերի փոխարեն բոլշևիկներ մեզ են աքսորում։ Ավելի լավ է Սուլթան կանչեմ. սև է սուլթանի պես, գլխի կարմիրն էլ ոնց որ սուլթանի գլխի ֆեսը լինի։ Համ էլ՝ սուլթան Աբդուլ Համիդին Կարմիր Սուլթան էին ասում…
Գրիգորը ձեռքը դրեց շան գլխին, նայեց աչքերի մեջ ու մի քանի անգամ կանչեց՝ Սուլթա՛ն, Սուլթա՛ն, Սուլթա՛ն… Այդ անունը կանչելիս՝ Գրիգորի մեջ միանգամից զզվանքով թքելու ցանկություն առաջացավ, բայց զսպեց։ Շունը դա կնկատի ու կզզվի իր անունից, «ախր շունն էլ մարդու պես է. որ իր անունից զզվավ, կյանքը հարամ կեղնի»։
Երբ հասան տուն՝ կնոջ առաջին հարցը չզարմացրեց Գրիգորին՝ «Լա՜վ շուն է, այ մարդ, անունն ի՞նչ է»։
– Ճամփին որոշեցի՝ Սուլթա՛ն։
– Վա՜խ, քոռցա՛, քոռցա՛, բա էս շուն մեղք չի՞, ափսո՛ս է, – մղկտաց կինը։
Ամուսինը բացատրեց, որ շան մարմինը սև է, գլուխը՝ կարմիր, իսկական սուլթան է, թող գելերի հետ լեզու գտնի։
Դիմանլուսուն Գրիգորը գերանդին ուսած, շունը հետևից՝ բռնեց արտի ճամփան։
Կիսաբաց աչքերի մշուշում Էրգրի իրենց դաշտն է. քաղո՜ւմ է ու քաղում… Հենց աչքը բացում է՝ լեզուն փոխվում է հայհոյանքի՝ «Թուրք սուլթա՛ն, ես քու… Հըյլե՜, մեր արտ հիմի թուրքն է կքաղե… Չէ՜, թուրք վար ու ցանքի մարդ չի, ինքը ուրիշից կթալանե։ Երևի քուրդ է կքաղե։ Չէ հա՜, քուրդն էլ վար ու ցանքից հեռու է։ Երևի անտեր է կամ էլ հավատափոխ մի հայ թուրքի ու քրդի համար կքաղե, հըյլե՜»։
Գրիգորը գերանդին շպրտեց քաղածի վրա, նստեց, գլուխն առավ ափերի մեջ։ «Սուլթա՛ն, օսմանի ու քրդի լամո՛ւկ, դուք մինչև ե՞րբ մեր արտ կքաղեք»։ Գրիգորը զայրույթով աջ ու ձախ նայեց՝ ձեռնափի մեջ սեղմելով մահակը։ Շունը, լսելով Սուլթան բառը, վազելով մոտեցավ՝ նոր տիրոջ ձեռները լիզելու։ «Տո դե՝ ես քու անուն…»,- մռնչաց Գրիգորն ու մահակը իջեցրեց շան մեջքին։ Շունը, ցավից ավելի, անորոշությունից կաղկանձեց՝ ախր ո՞ր մեղքի համար։ Տերը անզորությունից տնքաց և մեղքի զգացումով ու ափսոսանքով նայեց շան աչքերին։ «Երևի սխալմունք էր»,- անցավ շան մտքով ու կրկին մոտեցավ տիրոջը։ Գրիգորը շոյեց ցաված տեղը և իր կեսօրվա կորեկհացը քնքշանքով դրեց շան բերանը։ «Դե լա՜վ, Սուլթա՛ն ջան, բարիշեցինք…»։ Դեռ ձեռքը գերանդուն չհասած՝ ականջում արթնացավ ու բզի պես ծակեց քիչ առաջ ասած իր մեղայականը՝ «Դե լա՜վ, Սուլթա՛ն ջան, բարիշեցինք…»։ Խայթվածի պես վեր թռավ՝ «Շո՛ւն, մարդու լեզուն սխալական է, ես սուլթան բառի հետ չեմ բարիշի, ուր մնաց սուլթանի»։ Շան մտքերը խառնվեցին իրար, բան չհասկացավ, բայց ներողամտորեն նայեց տիրոջը։
Գերանդու շեղբից ծաղիկների բույրը ավելի ծավալվեց։ Կորնգանի դաշտամեջերի ծիթրոնի, դաղձի, բրաբիոնի, անթառամի բույրը խենթացրեց Գրիգորին… «Էրգիր մեր Մկտենք գյուղի բլուրներից ու ձորերից քամին ծաղիկների բույրը բերում լցնում էր տուն։
Իսկ գիշերը, երբ տանիքին էինք քնում, աստղերը Սասնա ծռերի հեքիաթ էին պատմում։
Մինչև արևագալ ծաղիկների հոտից խենթանում էինք…»,- շան հետ խոսում էր Գրիգորը։
Հանկարծ գերանդին քարի առավ։ «Հըյլե՜, էս էլ բոլշևիկի քարը…»,- զայրույթով շպրտեց գերանդին, նստեց արտեզրի ծաղկաբույրոտ քարին։ Արտը մշուշվե՜ց-մշուշվե՜ց. աչքերը կրկին թռա՜ն-հասան Էրգիր…
…Տասներեք տարեկան էր։ Քուրդը, փամփուշտը խնայելու համար, որոշեց իրեն գերանդիով մորթել։ Գերանդին երկու կարմիր գիծ բացեց իր ճակատին, ու ինքն ընկավ դիակների մեջ։ Քրդերը հեռացան։ Մի քանի ժամ հետո մորթված ընտանիքի վրա ողբացող հորեղբոր տղան՝ Մանուկը, դիակների մեջ գտավ իրեն, ձորի թաքստոցում ծաղիկներով ու բույսերով դարմանեց վերքերը։
…Գրիգորը, աչքերը փակ, մահակը աջ ու ձախ մի քանի անգամ շրմփացրեց օդի մեջ։ Շան կաղկանձը սթափեցրեց Գրիգորին՝ «Իմ խե՜ղճ շուն, նորից քե՞զ զարկի թուրքի տեղ»։
Սիրտը ճմլվեց, մոտ կանչեց շանը, շոյեց, հետո համբուրեց գլուխը։ Շունը նորից համոզվեց, որ տերը իրեն շատ է սիրում, բայց չի հասկանում՝ ինչո՞ւ է զայրույթի պահին այդպես անողոք զարկում իրեն։ Մոլորված շունը չի կարողանում որոշել` ով է մեղավորը։ Գրիգորը մահակը զայրույթով շպրտեց հեռու, որ հերսոտած պահին ձեռքի տակ չընկնի։
Տերը շան հետ նորից բարիշեց, կրկին վերցրեց գերանդին… Ճակատից անզորության քրտինքն իջնում էր աչքերին, մրմռացնում։ Էրգրից բերած թաշկինակով ճակատը սրբեց։
Մատները ակամա շոշափեցին քրդի գերանդու բացած վերքի երկու մեծ սպիները։
«Քո՛ւրդ, ախր քու ի՞նչ բանն է գերանդին, քոնը անասունի ղամչինն է։ Գերանդին մերն է, գերանդին հացքաղի համար է, գերանդու փոխարեն երանի թուրքի յաթաղանով զարկեիր ինձ։ Քո՛ւրդ, քու պատճառով հացքաղի գերանդին իմ աչքին զենք է դարձե, հեյ վա՜խ, իմ անմեղ գերանդի։ Սուլթա՛ն, ես քու հավատը…»,- գոռաց Գրիգորն ու կրկին անզոր նստեց ծաղկաբույր քարին։ Շունը աչքերն ու ականջները լարեց՝ տերը նորից «Սուլթան» կանչեց… Շունը մի անորոշ ցատկ կատարեց, հետո վազեց արտի ծայրը, գտավ տիրոջ շպրտած մահակը և, ատամների տակ սեղմած, բերեց դրեց հերսոտած տիրոջ գիրկը։
Գրիգորը մահակը վերցրեց։ Շունը, աչքերը կկոցած, սպասում էր հարվածին։ Տերը ուշացնում է, ինչո՞ւ չի հարվածում։ Շունը զարմացած նայեց տիրոջ աչքերին, որտեղից ցավի կաթիլներ էին գլորվում… «Է՜, Սուլթա՛ն, ախր էն թուրք սուլթանին մենք էլ քո պես ենք ծառայե, ու մահակ մեր գլխից անպակաս էր»,- շան զարմանքն ու տարակուսանքը հասկանալով՝ իր ճաշի կորեկհացի վերջին բոքոնը շանը նվիրեց Գրիգորը։ Սուլթանը հաճույքով կուլ տվեց կորեկհացը ու սկսեց լիզել տիրոջ ձեռքը։
«Չէ՜, էսօր հնձի օր չէ, կզարկեմ կսպանեմ էդ խեղճ շանը։ Սուլթա՛ն, էրթա՛նք տուն,- շան վախը փարատեց Գրիգորը, վերցրեց գերանդին և, մտքերը ցրելու համար, մեղավորի պես սկսեց բացատրել։- Ա՛յ Սուլթան, իմ թշնամին էն սուլթանն է, ով իմ հորեղբոր տղայի՝ Գևորգ Չավուշի գլխի համար մի խուրջին ոսկի էր խոստացել։ Քուրդն ու թուրք 15-ի կոտորումին Չավուշենց օջախ վախով մտան, չնայած Չավուշ ութ տարի առաջ էր զարկվե… Ափսոս, թիկունքից էր զարկվե։ Շո՛ւն, կհասկանա՞ս, թի-կուն-քից է զարկվե, էրնեկ թուրքի գյուլլից սպանվեր»։ Գրիգորը ցավից սկսեց դնդնալ.
Հազար ինն հարյուր յոթ թվականին,
Չքնաղ մայիսի քսան և յոթին,
Օրն է բազմաշխատ մահվան Գևորգին,
Սասնո հարազատ էն առյուծ Քաջին…
…Ճամփան աղաչեց քաջը մահամերձ.
– Հանգիստ ձգեք զիս, չանեք շնչահեղձ,
Դրեք զիս այստեղ, ծածկեք խոտերով,
Գացեք, ընկերներ, գացեք դուք բարով։
Վերջին բարևս տարեք հայ ազգին,
Վերջին համբույրս` որդյակ Վարդգեսին…
– Է՜, իմ Սուլթան շուն, քու գլուխ կարմիր է, քու մարմին՝ սև, համա երկուսն էլ ղուրբան էղնին քզի։ Կարմիրներ սև գործի են։ Էստեղի Կարմիրներ Չավուշի անուն կարգելեն, Չավուշի երգ կարգելեն, համա մենք մեր մտքի մեջ, մեկ-մեկ էլ բարձր ձենով կերգենք։ Մեր մեջ որ Չավուշի երգ մեռնի, մենք էլ կմեռնինք…
– Քա մա՛րդ, էդ ո՞ւմ հետ մենակ-մենակ կխոսիս,- բակի ծայրից կանչեց կինը։
– Երկու Սուլթանի,- սարթ կտրեց Գրիգորը։
Կինը հասկացավ, որ հունձը կիսատ թողած ամուսինը ծանր խոսակցություն է ունեցել շուն սուլթանի և Սուլթան շան հետ։ Խոնարհությամբ լռեց ու շրջվեց դեպի մուտքը։
Գրիգորը հաց չկերավ, թասով ճաշը շրջեց շան կերամանի մեջ։
Գիշերը վաղուց կիսվել էր, բայց քունը չէր տանում, շուռումուռ էր գալիս, լսելի ձայնով շշնջում. «Սև ու Կարմիր սուլթաններ, ես ձեր ընդհանուր մերը…»։ Կատաղած նստեց թախտին, ճրագը վառեց։
– Այ Գրիգո՛ր, ես քեզ առաջին օր ասի, որ էդ շուն մեղք է, Սուլթան անունով հայի շուն չի՛ ապրի, փոխի՛, հայի շան անուն դիր, շունն էլ զուր ազգ չի ուրանա…
– Էդպես է՝ որ կա։ Կյանքում ամեն մարդ, ամեն կենդանի արարած ու հատկապես շուն հարկ է, որ ճիշտ անուն ունենա, ինքն իր անվան ու պատվի տերն էղնի… Մեր շուն վիրավորված է իր անունից, բայց հավատարիմ կծառայի։ Մեր շուն մեղք է, չեմ թողի իր սխալ անվան վրեն լույս բացվի։ Շանը ներս բեր…
– Ա՛յ մարդ, էլի ծռա՞ր, թող լույս բացվի, նոր փոխի…
– Չէ՜, սասունցու շան համար մի օր պատվով ապրելն էլ կարևոր է,- համառեց Գրիգորը, բացեց թոնրատան դուռը և ուզեց թեկուզ վերջին անգամ կանչել՝ Սուլթա՛ն, Սուլթա՛ն, բայց հապաղեց։ Ձեռքով կանչեց, շունը իր անունը չլսեց, տարակուսանքով երկար նայեց տիրոջը։
– Այ կնի՛կ, էդ բառի վրեն էլ չեմ ուզում լեզուս հարամեմ, շանը ներս բեր։
– Հա՜, բայց ո՞նց պիտի մեղքերդ քավես ու անունը փոխես…
– Է՜, Էրգիր մի շուն ունեինք Չալո անունով, թուրք ոստիկանի շանն է խեղդել, երկու հատ էլ՝ քրդի շուն։ Քուրդ չոբանների սարսափն էր, նրա ահից վախենում էին գիշերով փարախին մոտենալ։ Չալոն թասիբով շուն էր, թող իր անուն նորեն հիշվի… Հիշում եմ՝ երբ թուրքն իր գամփռի հետ մտավ մեր բակ, բոլորը քարացան, շներն իրար նայեցին, մի երկու վայրկյան գռմռոցով իրար տնտղեցին, ու թուրքն իր շան շղթան բաց թողեց… Չալոն թուրքի շան ականջն էնպես էր բռնել, որ սա ցավից ոռնում էր։ Հետո Չալոն նրա կոկորդից բռնեց։ Մի քանի րոպեում խեղդեց թուրքի շանն ու մռլտոցով տիրոջը նայեց։ Թուրքը մաուզերը հանեց, որ զարկի Չալոյին, բայց անսպասելի գոռաց. «Էս շունը արդեն ի՛մն է»։
«Էֆենդի՛, թե կարող ես, տա՛ր»,- արյունից խուսափելով՝ասաց հայրս, վստահ, որ Չալոն կփախնի, հետ կգա։ Թուրք ոստիկանը, մաուզերը ձեռքին, դանդաղ մոտենում էր մեր շանը։ Չալոն մի ոստյունով բռնեց ոստիկանի ձեռքը, մաուզերն ընկավ… Ձեռքի երակը բացվել էր։ Ոստիկանին անմիջապես դրեցին իր ձիուն, հասցրին հեքիմի մոտ։ Էդ գնալն էր, որ գնաց թուրքը։ Չհասցրեց հետ գալ, իր փոխարեն կոտորածն էկավ…
Թեև Գրիգորը շանը երբևէ ներս չէր բերել, շունն էլ նման սովորություն չուներ, բայց կինը համոզելով բերեց։ Գրիգորը գրկեց շան գլուխը, շոյեց, իր նախաճաշի բոքոնը բաժանեց չորս մասի, առաջին կտորը դրեց շան առջև. «Կե՛ր, Չալո՛, Չալո՛, Չալո՛…»։ Շունը տարակուսած տիրոջ աչքերին նայեց։ Նա Սուլթան անունին էր սպասում և մահակով ծեծին… Գրիգորը կարդաց շան մտքերը. «Է՜, մարդ ու շուն ինչ լավ են իրար հասկանում, մենակ մարդը մարդուն լավ չի հասկանում»։ Գրիգորը գնաց սենյակի մյուս ծայրը և նորից կանչեց՝ «Չալո՛, Չալո՛»։ Շունը հասկացավ տիրոջը, հանգիստ մոտեցավ ու վայելեց տիրոջ նախաճաշի բոքոնի երկրորդ կտորը։ Հետո կինը կանչեց՝ «Չալո՛», և շունը նրա ձեռքից վայելեց բոքոնի երրորդ պատառը։ Երբ հերթական կանչից շունը առանց մահակի վախի կերավ բոքոնի չորրորդ կտորը, Գրիգորը հանգիստ շունչ քաշեց. «Տե՛ր Աստված, մեծ մեղքի տակից դուրս եկա, Սուլթան դարձավ Չալո. էս կյանքում ամեն արարած պիտի իր ճիշտ անունը ունենա»։
Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
Աղբյուր՝ irates.am։