ԲՀԿ-ն քաղաքական կառույց չէ

«Առավոտ»-ի զրուցակիցն է Դավիթ Շահնազարյանը:

-Ի՞նչ օրակարգ պետք է ձևավորեն ընդդիմադիր ուժերը:
-Ընդդիմադիր դաշտում գերակայում են ցնցումային, անհնազանդության, հեղափոխական և ոչ գաղափարական մոտեցումները: Կարևորագույն խնդիրը գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների իրական տարանջատումն է, բայց նախևառաջ անհրաժեշտ է հասնել բիզնեսի և քաղաքականության տարանջատմանը, և ոչ միայն իշխանության ներսում, այլև քաղաքական համակարգի ոչ իշխանական և ընդդիմադիր հատվածներում: Քաղաքական օրակարգի առանցքային հարցերից մեկը պետք է լինի Հայաստանի և ԵՄ-ի միջև Ասոցացման պայմանագրի ստորագրումը և այդ պայմանագրից բխող պարտավորությունների հետևողական իրականացումը: Հայաստանի համար սա աննախադեպ հնարավորություն է’ կատարել անցում քրեաօլիգարխիկ երկրից դեպի զարգացող պետություն: Սա զուտ հնարավորություն է, շանս, որն իրականացնելու համար պետք է անցնել բարդ ու դժվարին ուղի, որի համար քաղաքական հստակ կամք պետք է ունենա թե իշխանությունը, թե ընդդիմությունը: Մինչդեռ ներկայիս քաղաքական համակարգը իր այսօրվա վիճակով անընդունակ է դա կատարելու: Եթե կորցնենք այս հնարավորությունը, ապա Հայաստանը հետ կշպրտվի, և կարմատավորվեն այն բարքերը, որոնք կան Ռուսաստանում’ հալածանքներ ընդդիմության և քաղաքացիական հասարակության նկատմամբ: ԵՄ Ասոցացման անդամությունը պետք է դառնա վերկուսակցական նպատակ, որում ահռելի դեր պետք է ունենա քաղաքացիական հասարակությունը:

– Ընտրություններից հետո ԲՀԿ նախագահը հայտարարեց, թե ԲՀԿ-ն չի կարող ընդդիմություն դառնալ, բայց հիմա էլ թեժ քննարկումներ են ընթանում, թե ինչպես պետք է հասկանալ այդ գնահատականը, ամեն մեկը յուրովի է բացատրում ԲՀԿ-ի՝ ընդդիմություն լինել-չլինելը: Դուք բազմիցս Արտահայտել եք ԲՀԿ-ի նկատմամբ Ձեր վերաբերմունքը, այնուամենայնիվ՝ ի՞նչ կասեք ԲՀԿ-ի շուրջ վերջին զարգացումների առիթով:
– ԲՀԿ-ն ընդդիմությո՞ւն է, թե՞ ոչ՝ անիմաստ հարցադրում է, քանի որ ԲՀԿ-ն ընդհանրապես քաղաքական կառույց չէ, որպես այդպիսին չի ստեղծվել ու երբևէ եղել: Քաղաքական ուժը չի կարող խուսափել պատասխանատվությունից, ինչը բնորոշ է հենց ԲՀԿ-ին թե այն ժամանակ, երբ իշխանություն էր, թե հիմա, երբ Տևականորեն իշխանություն չէ: Չի կարող ընդդիմություն լինել մի ուժ, որը մշտապես օգտվում է իշխանության ստվերային բարեհաճությունից, որի ներկայացուցիչները հանդես են գալիս իրարամերժ գնահատականներով, խուսափում են քաղաքական պատասխանատվությունից:

Քաղաքական շահ հետապնդող բարեգործության, տնտեսական մենաշնորհների, բիզնեսի և կրիմինալի համատեղումը և ընդդիմադիր դաշտի վրա ազդեցությունների միաժամանակյա համադրումը ոչ միայն քաղաքականության հետ անհամատեղելի են, այլև ավելին՝ կործանարար են ցանկացած երկրի քաղաքական համակարգի համար: ԲՀԿ-ն համարում է, որ Հայաստանի բոլոր դժբախտությունները սկսվել են վերջին մեկ տարում, այսինքն՝ այն պահից, երբ ինքը դուրս եկավ իշխող կոալիցիայից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում