Գյումրիի փոխքաղաքապետն աղոթում է, որ անձրևները դադարեն

Ինչպես հայտնի է, Գյումրին հռչակվել է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք և հունիսի 2-ից երկրագնդի տարբեր հատվածներից հյուրընկալելու էր մշակութային համաշխարհային դեմքերի: Բայց քանի որ ավերակ, քարուքանդ ու ցեխի մեջ շաղաղված Գյումրին պատրաստ չէր այդ միջոցառումներին, կառավարությունը, խայտառակ չլինելու համար, որոշեց վերականգնել քաղաքի որոշ կենտրոնական փողոցներ: Սակայն Գյումրիում անդադար տեղացող անձրևները բառի իսկական իմաստով ասֆալտապատողների քթից բերեցին: Օրերս հայտնի դարձավ, որ Գյումրու քաղաքապետարանը եղանակային վատ պայմանների պատճառով ստիպված է հետաձգել մշակութային միջոցառումները: Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը պաշտոնական գրություն է հղել կառավարությանը’ խնդրելով մշակութային մայրաքաղաքի միջոցառումները տեղափոխել հունիսի 30-ին:

«Առավոտի» թղթակցի հետ զրույցում Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանն ասել է. «Եղանակային վատ պայմանները մեզ խանգարեցին, գիտեք բացօթյա են լինելու միջոցառումները’ կենտրոնական հրապարակում, աշխարհի տարբեր երկրներից հյուրեր ունենք, այնպես որ չի կարելի կասկածի տակ դնել էդ մեծ միջոցառումը, բա որ կասկածի տակ դնենք ու հանկարծ ինչ-որ խնդիրներ առաջանան: Հիմնական պատճառը դա էր, բայց մյուս կողմից լավ է, որ հետաձգվեց, մենք պետք է հասցնեինք հրապարակը, փողոցները կարգի բերել, այս առումով լավ եղավ, որ հնարավորինս շատ ժամանակ ունենք բարեկարգելու: Եղանակներն էլ ասում են, որ հունիսից չորային են լինելու, Աստված տա անձրև չլինի, մենք մեր նպատակը կատարենք: Չպիտի մոռանանք, որ Գյումրին ամբողջ աշխարհին է ներկայանալու, ոչ միայն Հայաստանին, քաղաքի տեսքը պարտադիր պետք է ներկայանալի լինի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում