«Քարվաճառի դիվերսանտները». Ադրբեջան՝ պետություն, որտեղ հայ սպանելը հերոսություն է

«Քարվաճառի դիվերսանտները». Ադրբեջան՝ պետություն, որտեղ հայ սպանելը հերոսություն է

ԵՐԵՎԱՆ, 19 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դիլհամ Ասկերովը և Շահբազ Գուլիևը դիվերսանտներ են, որոնք ԼՂՀ Առաջին ատյանի դատարանի վճռով դատապարտվել են ազատազրկման Արցախի տարածքում ծանր հանցագործություններ կատարելու համար: Դ. Ասկերովը դատապարտվել է ցմահ ազատազրկման ԼՂՀ սահմանը ապօրինաբար հատելու, զենք զինամթերք կրելու, լրտեսության, գողության և անչափահաս Սմբատ Ցականյանին ազգային ատելության հողի վրա սպանելու համար: Շահբազ Գուլիևը դատապարտվել է 22 տարվա ազատազրկման նույն քրեական գործի շրջանակներում: Այդ թվում երկուսի համար էլ ծանրացնող հանգամանք է այն, որ հանցանքները կատարվել են կազմակերպված խմբի կազմով և ադրբեջանական հատուկ ծառայությունների առաջադրանքով: Նրանց հետ է եղել նաև Հասան Հասանովը, որը սպանվել է ձերբակալման ժամանակ դիմադրություն ցույց տալիս: Կան բոլոր հիմքերը պնդելու, որ վերջինս եղել է ադրբեջանական հատուկ ծառայությունների սպա, ինչին արդեն իսկ համապարփակ անդրադարձ է կատարվել Հանրային Հեռուստաընկերության ռեպորտաժում: Վերոնշյալ անձանց գործողությունների արդյունքում, բացի առևանգված և հետագայում սպանված Սարգիս Ցականյանի, նաև զոհվել է մայոր Սարգիս Աբրահամյանը, վիրավորվել մեկ կին:

Հարկ է նշել, որ Դ. Ասկերովը և Շ. Գուլիևը նախկինում ևս հատել են ԼՂՀ պետական սահմանը՝ «հետախուզություն իրականացնելու նպատակով». մասնավորապես առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում Դ. Ասկերովի կողմից 2007թ. Քարվաճառում տեսանկարահանած մոտ 2 ժամանոց «հետախուզական» տեսանյութը, որտեղ վերջինս նշել է, որ 4-րդ անգամ է այցելում Քարվաճառ: Այս թեման ադրբեջանական լրատվամիջոցները ներկայացնում են հետևյալ թեզի շրջանակներում՝ «Դ. Ասկերովը և Շ. Գուլիևը որևէ հանցանք չեն կատարել, նրանք պարզապես իրենց հարազատների գերեզմաններն էին այցելում»: Այս թեզը, չնայած դրա դեմ բերված հայկական կողմի բազմաթիվ փաստարկներին, ադրբեջանական լրատվամիջոցներում գերակա և ճնշող դիրք ունի, ինչը կարելի է նշել, որ տեղ չի թողնում բազմակարծության համար և սույն դիսկուրսը մնում է միակողմանի ներկայացված, ինչը կարելի է որակել որպես անհիմն ժխտողականություն: Ադրբեջանական կողմի անհիմն ժխտողականությունը արտահայտվում է նաև այն կետով, որ, օրինակ, haqqin.az կայքը «Հայերը կամազի վարորդին ներկայացրել են որպես ադրբեջանցի հետախույզ» հրապարակման մեջ տեղադրել է նաև տեսանյութ, որտեղ երևում է, որ Դ. Ասկերովը, 2007թ. ապօրինաբար հատելով ԼՂՀ պետական սահմանը, ներխուժել է Քարվաճառի շրջան և այնտեղ զբաղված է եղել «լրտեսական գործունեությամբ», (մասնավորապես տեսանյութում երևում են նաև զենքեր, և մեկնաբանողը նշում է, որ «մի հայից ոչխար են գողացել»): Ադրբեջանական մեկ այլ՝ oxu.az կայքի հոդվածում, բացառապես ենթադրությունների հիման վրա կասկած է հայտնվում ԼՂՀ ՊԲ-ի կողմից հրապարակված փաստական նյութերի, մասնավորապես զենքերի լուսանկարների հետ կապված, նշելով, թե «ադրբեջանական հետախուզությունը ավելի լավ զենքերով է զինված», պնդում է արվում, թե «դիվերսանտը դրոշով չէր գնա դիվերսիայի»: Այսինքն՝ փաստերի և տրամաբանական խեղաթյուրումների միջոցով փորձ է արվում կոծկել հայկական կողմի հրապարակած փաստական նյութերը:

ԼՂՀ դատարանի վճռի հիմքում ընկած փաստական նյութերի և Հանրային Հեռուստատեսության կողմից հրապարակված դիվերսանտների մոտ հայտնաբերված տեսանկարահանումների կադրերից հետո ադրբեջանական կողմի վերոնշյալ քարոզչական թեզը պարզապես չի դիմանում որևէ քննադատության: Հետևաբար, դրա փոխարեն հարկ ենք համարում առավել մանրամասն անդրադառնալ ադրբեջանական լրատվամիջոցներում և միջազգային հարթակներում ակտիվ քարոզչություն տանող որպես իրավապաշտպան ներկայացող Ահմադ Շահիդովի գործունեությանը: Վերջինս մասնավորապես օգտագործում է Դ. Ասկերովի որդուն՝ Քուրթօղլու Ասկերովին՝ «խղճահարություն» առաջացնելու համար: Զորօրինակ՝ 2017թ. սեպտեմբերի 11-22-ին Վարշավայում Ահմադ Շահիդովն ու դիվերսանտ Դիլհամ Ասկերովի որդին՝ Քուրթօղլու Ասկերովը, մասնակցել են ԵԱՀԿ նիստին: Դ. Ասկերովի որդին իր ելույթում փորձել է օգտագործել հետևյալ հուզական տարրերը, մասնավորապես՝ «թե բոլորն էլ երեխաներ ունեն, և ինչպես նրանք են ամեն երեկո ժամանակ անցկացնում իրենց երեխաների հետ, այնպես էլ ինքն է ուզում տեսնել հորը, նստել նրա կողքին և զրուցել» [1]: Միայն թե նույն Քուրթօղլու Ասկերովը, նախևառաջ պետք է անդրադառնա իր հոր՝ Դիլհամ Ասկերովի կատարած քայլերի արդյունքում սպանված հարազատի, ընկերոջ, ամուսնու, հոր, որդու կորստի ցավին: Հատկանշական է, որ նույն Ա. Շահիդովը իր ֆեյսբուքյան հրապարակումներից մեկում նշել է, որ սույն անձինք Ադրբեջան վերադառնալու պարագայում կընկալվեն որպես «ռամիլսաֆարովներ»: Ուստի հարկ է արձանագրել, որ ադրբեջանական լրատվամիջոցներում հայկական կողմի բերած փաստարկների նկատմամբ բացահայտ ժխտողականության հետ զուգահեռ, նկատվում է մարդու կյանքի արժեքը չգնահատելու ցավալի երևույթ՝ առկա հայատյացության համատեքստում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում