Կարսում քանդել են Եղիշե Չարենցի տունը

Կարսում քանդել են Եղիշե Չարենցի տունը

ԵՐԵՎԱՆ, 27 ՓԵՏՐՎԱՐԻ, Panorama.am: Կարս քաղաքում դեռևս անհասկանալի պայմաններում քանդվել է այն շինությունը, որն ավանդաբար համարվել է հայ մեծ բանաստեղծ Եղիշե Չարենցի տունը։ Այս մասին տեղեկանում ենք ermenihaber-ից։

Ամեն տարի հազարավոր հայ զբոսաշրջիկներ են այցելում Կարսի բերդի ներքևի հատվածում գտնվող այդ շինություն՝ հարգանքի տուրք մատուցելու հանճարեղ բանաստեղծի հիշատակին։

Եղիշե Չարենցի «Տաղ անձնական» հայտնի բանաստեղծության մեջ այդ տան մասին հիշատակում կա.

«Թողած Կարսում, գետի ափին տունս շինված անտաշ քարով,
Կարսը թողած, Կարսի այգին ու հայրենի երկինքը մով»։

Չարենցը ծնվել և մեծացել է Կարսում՝ Կարսի բերդին հարակից ներկայումս Սուքափը կոչվող թաղամասում։ Հարկ է նշել, որ Կարսի կարոտը նրան ուղեկցել է ողջ կյանքի ընթացքում։

1915-ին հայկական կամավորական 6-րդ ջոկատի կազմում Չարենցը մասնակցել է թուրքերի դեմ մղվող կռիվներին։ Ականտես լինելով ցեղասպանության զարհուրելի տեսարաններին՝ մեծ պոետը այդ տպավորությունների ազդեցությամբ գրել է Հայոց մեծ եղեռնի մասին առաջին գրական ստեղծագործություններից մեկը հանդիսացող «Դանթեական առասպելը»։

Մեծանուն բանաստեղծի կյանքն ընդհատվել է 1937-ին։ Նա բազմաթիվ այլ մտավորականների հետ միասին դառնում է Խորհրդային իշխանությունների կողմից իրականացվող բռնաճնշումների զոհ։

Տան քանդման հետ կապված այլ մանրամասները դեռևս ճշտվում են։

Հետևեք մեզ նաև Telegram-ում