Հակամարտության լուծումը ենթադրում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման անհրաժեշտությունը. Փաշինյան

Հակամարտության լուծումը ենթադրում է ԼՂ ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման անհրաժեշտությունը. Փաշինյան

ԵՐԵՎԱՆ, 5 ՄԱՐՏԻ, Aysor.am: Հարավային Կովկասում դեռևս հարատևող աշխարհաքաղաքական և անվտանգության ռիսկերը շարունակ մարտահրավերներ են առաջադրում, դրանք լրջորեն խաթարում են բարեփոխումների ներուժը, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ելույթ ունենալով ԵԽ արտաքին հարաբերությունների հանձնաժողովում։

«Նախ, Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը և մեր տարածաշրջանում գոյություն ունեցող լարվածությունը քաղաքական ռիսկեր են ստեղծում, որոնք զգալիորեն ազդում են մեր երկրի և տարածաշրջանի ընդհանուր ներդրումային գրավչության վրա: Երկրորդ, մեր հակառակորդի կողմից սանձազերծված սպառազինությունների մրցավազքը Հարավային Կովկասի տարածաշրջանի համար լրացուցիչ դժվարություններ է առաջացնում: Այսօր Հայաստանն իր սակավ ռեսուրսների մեծ մասը պարտավոր է օգտագործել տարածաշրջանում խաղաղություն պահպանելու համար: Հայաստանն է, որ իրականում կրում է գոյություն ունեցող հավասարակշռությունը պահելու տնտեսական բեռը և կանխարգելում նոր ռազմական գործողությունների սանձազերծումը», – ասել է Ն.Փաշինյանը։

Նրա խոսքով, 1990-ականների սկզբից մեր երկրին պարտադրված փակ սահմանները և շարունակվող տրանսպորտային շրջափակումը կտրուկ նվազեցնում են մեր տնտեսությունը դիվերսիֆիկացնելու հնարավորությունները:

«Ի վերջո, Իրանի դեմ կիրառվող պատժամիջոցները նույնպես բացասական հետևանքներ են ունենում մեր տնտեսության վրա` նեղացնելով արտաքին աշխարհի հետ կապող միջանցքներից մեկն ու հաղորդակցության հնարավորությունները», – ասել է ՀՀ վարչապետը։

Ն.Փաշինյանը նշել է, որ միջազգային հանրությունը պետք է շարունակի աջակցել ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար ջանքերին՝ հատկապես այն հստակ ուղերձով, որ ուժի կիրառումն անթույլատրելի է:

«Համոզված ենք, որ հակամարտության լուծումը ենթադրում է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգման անհրաժեշտությունը: Այս լեռնային տարածաշրջանի մարդիկ ավելի քան երկու տասնամյակ ապրում են դե ֆակտո անկախության մեջ: Այնտեղ այսօր կա մի երիտասարդ սերունդ, որը չի պատկերացնում որևէ այլընտրանք անկախությանը: Եթե մենք ձգտում ենք հակամարտության խաղաղ, արդար և երկարատեւ լուծում գտնել, ապա Լեռնային Ղարաբաղի ժողովուրդին պետք է հնարավորություն տրվի ինքնուրույն որոշել իր ապագան», – ասել է նա։

Ն.Փաշինյանն ընդգծել է, որ խաղաղ գործընթացը կարող է իրական առաջընթաց արձանագրել միայն այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կնստի բանակցային սեղանի շուրջ, միայն եթե լսվի և հաշվի առնվի Ղարաբաղի ժողովրդի ձայնը:

Նա ասել է, որ ներգրավված կողմերի միջև վստահությունը հակամարտությունների կարգավորման կարեւոր նախադրյալներից մեկն է:

«Այս վստահությանը կարելի է հասնել զարգացող երկխոսության և փոխըմբռնման միջոցով: Մենք տեսնում ենք Հարավային Կովկասը որպես տարածաշրջան, որտեղ անկախ պետություններն ապրում են խաղաղության, համերաշխության և համագործակցության մեջ: Իրոք, ժամանակակից աշխարհում փակ սահմանները համարվում են առնվազն տնտեսական և քաղաքական անհեթեթություն: Աշխարհն օրեցօր փոխվում է՝ գնալով ավելի մեծ փոխկապակցման և փոխկախվածության ճանապարհով: Մեր տարածաշրջանին անհրաժեշտ են երկխոսության, խաղաղ գոյակցության և տնտեսական համագործակցության նոր ձևեր: Երկխոսության, հանդուրժողականության և փոխզիջման մշակույթը պետք է գերակայի Հարավային Կովկասում առկա բոլոր տարաձայնությունների նկատմամբ», – հայտարարել է Ն.Փաշինյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում