Տարոն Մարգարյանն այցելել է «Հաղթանակ» զբոսայգի

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև «Հաղթանակ» զբոսայգի, որտեղ ևս Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանը կազմակերպել է տոնական միջոցառումներ:

Այգու բեմահարթակից իրենց ելույթներով փոքրիկներին ողջունում էին մանկական համույթները: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Հաղթանակ» զբոսայգում առավոտյան ժամը 10:00-13:00-ը մինչև 15 տարեկան երեխաների համար զբոսայգու 20 կարուսելներն ու ատրակցիոններն անվճար էին:

Քաղաքապետ Տարոն Մարգարյանի այցելության պահին այգին մարդաշատ էր և ամենուր տոնական տրամադրություն էր: Քաղաքապետը շրջել է զբոսայգում, զրուցել մանուկների և նրանց ծնողների հետ և շնորհավորել է նրանց’ մաղթելով խաղաղ երկինք, առողջություն ու անհոգ մանկություն. «Ծնողների համար չկա ավելի մեծ հարստություն, քան իրենց երեխաները: Ու հատկապես այս օրը կմաղթեի, որ բոլոր երեխաները լինեն առողջ, երջանիկ ու ապրեն խաղաղ և անհոգ», – ընդգծել է Տարոն Մարգարյանը:

Օգտվելով առիթից ծնողներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել քաղաքապետին, մայրաքաղաքի տարբեր հատվածներում տոնական բազմաբնույթ միջոցառումներ կազմակերպելու և փոքրիկների համար տոնական տրամադրություն ապահովելու համար:

«Հաղթանակ» զբոսայգում նախատեսված տոնական միջոցառումները կշարունակվեն մինչև ուշ գիշեր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում