Գոլանի բարձունքների «նախադեպն» ու շան լակոտ չլինելու սկզբունքը

Գոլանի բարձունքների «նախադեպն» ու շան լակոտ չլինելու սկզբունքը

ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի՝ Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաչելու մասին որոշումը բավական մեծ աղմուկ է ստեղծել քաղաքական և հատկապես լրատվական ու փորձագիտական շրջաններում։ Մինչ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն այդ որոշումը դրոշակ դարձրած ընտրությունների է գնում, իսկ Թրամփը նույն դրոշակով թակում ԱՄՆ-ում գործող հրեական լոբիստական կազմակերպությունների դռները, աշխարհը մտածում է դրա քաղաքական հետևանքների մասին ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև այլ «թեժ» կետերում։ Սրա ֆոնին ամենևին էլ զարմանալի չէ, որ հայ փորձագետներն էլ իրենց հերթին են փորձում հասկանալ, թե ինչ կարող է տալ Իսրայելի կողմից սիրիական տարածքների բռնակցման ճանաչումը ԱՄՆ ղեկավարի կողմից ադրբեջանա-արցախյան հակամարտության կարգավորման գործին։

Պետք է միանգամից նշել, որ ոգևորությունը մեր տեղեկատվական դաշտում շատ մեծ է։ Բոլորը խոսում են նախադեպերի մասին, այն մասին, որ միջազգային իրավունքը զարգացման նոր փուլ է մտնում, որ այսուհետև անվտանգությունը գերակայելու է մնացած բոլոր սկզբունենքրի նկատմամբ և այլն, և այլն։ Այս աղմուկի մեջ մի տեսակ անտեսվում է նաև այն փաստը, որ Թրամփի որոշումը դեռ միջազգային իրավունք և հատկապես՝ վերջին ատյանի ճշմարտություն չէ։ Բայց այս իրողությունը թերևս պայմանավորված է այն հանգամանքով, որ հայ փորձագետների մի ստվար զանգված այնքան է ներծծված ամերիկյան մոտեցումների պաշտամունքով, որ ոչ միայն Թրամփի, այլև ցանկացած սենատորի, անգամ քիչ թե շատ հայտնի լրագրողի խոսքն իրենց համար երկրնքից տրված ճշմարտություն է, որը կասկածի տակ դնելը ուղիղ դժոխքի դուռը տանող մահացու մեղք է։ Իհարկե, նրանց գնահատականներին շատ ուշադրություն պետք չէ դարձնել, բայց նաև չի կարելի թույլ տալ, որ այդ ոգևորությունից բխող աղմուկը խլացնի քաղաքացիների և հատկապես որոշում կայացնողների գիտակցությունը։ Ուստի, ուզում եմ կարճ անդրադառնալ մի քանի հարցերի, որոնք, կարծում եմ, կարող են օգնել մեր հայրենակիցներին ճիշտ կողմնորոշվել ստեղծված իրավիճակում։

Նախ, խոսենք այսպես կոչված նախադեպի մասին։ Շատերն այսօր պնդում են, որ Գոլանի բարձունքներն Իսրայելի մաս ճանաճելու Թրամփի որոշումը հնարավորություն է տալիս հայկական կողմին Արցախը հռչակել Հայաստանի Հանրապետության մաս՝ հղվելով նույն այն ձևակերպումներին, որոնք կան ԱՄՆ և Իսրայելի առաջնորդների բառակազմում։ Վերջիններս, ըստ էության, «անվտանգության գոտի» հասկացությունը վեր են դասում տարածքային ամբողջականության սկզբունքից և դրա հիման վրա օրինական համարում Իսրայելի կողմից Սիրիայի տարածքների զավթումը։ Եկեք մի պահ փորձենք հասկանալ Վաշինգտոնի և Թել Ավիվի այս որոշումը մեզ համար լավ նախադեպ համարող փորձագետներին և ինքներս մեզ հարց տանք՝ արդյո՞ք նույնն են եղել 1967թ. Իսրայելի կողմից սիրիական տարածքները գրավելու և 90-ականների սկզբներին Արցախն ազատագրելու նախադրյալները, պատճառները, նպատակներն ու ձևերը։ Նման համեմատության եզրեր դուք տեսնու՞մ եք։ Ես ոչ։ Եվ ուրեմն ի՞նչ նախադեպի մասին ենք խոսում։ Ուզում ենք ասել, որ Հայաստա՞նն էլ է նույն կերպ օկուպացրել Ադրբեջանի տարածքները, ինչպես Իսրայելը Սիրիայինը։ Այդպես ասել ու հետող 50 տարի սպասել, որ ԱՄՆ նախագահներից մեկը, ով անընդհատ դեմ է գնում միջազգային իրավունքին և հանրության կարծիքին, օրինակա՞ն ճանաչի մեր «օկուպացիան»։ Իհարկե սա լուրջ չէ։

Էլ չեմ ասում, որ «նախադեպ» կոչեցյալն էլ երբեք և ոչ մի տեղ իրական նախադեպ չի եղել։ Հակառակ պարագայում ինչու՞ չաշխատեց, օրինակ, Կոսովոյի նախադեպը Արցախի համար։ Կամ Աբխազիայի և Հարավային Օսիայի։ Իսկ Ղրիմի՞նը… Եկեք ի վերջո չմոռանանք, որ հիմնադրման պահին ՄԱԿ-ն ուներ անդամ 51 երկիր, այժմ՝ 193: Այսինքն, խորքում մենք ունենք 142 «նախադեպ» և եթե հակամարտությունները լուծվեին նախադեպերով, ապա Արցախի հարցը վաղուց արդեն լուծված կլինիեր։ Ոչ մի նման բան։ Բոլորս էլ հասկանում ենք, որ մեզ համար չափազանց կարևոր այդ խնդրի լուծումները միանգամայն այլ հարթություններում են և այլ ձևեր ունեն։

Երկրորդ կարևոր հանգամանքը, որի մասին ցանկանում եմ խոսել, վերաբերվում է հենց բուն միջազգային իրավունքին։ Հասկանու՞մ եք՝ այսօր Թրամփը իր գահի բարձրությունից թքում է այդ իրավունքի վրա, իսկ հայ փորձագետները տակը կանգնած ծափ են տալիս դրան։ Երևի մտածում են, որ տարածքային ամբողջականության սկզբունքը միջազգային իրավունքի այն նորմն է, որը խանգարում է մեզ Արցախի հարցում։ Բայց արդյո՞ք դա այդպես է։ Իհարկե ոչ։ Այս հարցը որքան էլ նուրբ լինի, այնուամենայնիվ այնքան էլ դժվար չէ, որ կարծեմ, թե մեր սիրելի փորձագետները չեն կարող հասկանալ դրա էությունը։ Նրանք պետք է իմանան, որ հայկական կողմը երբեք չի վիճարկել Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը։ Այն պարզ հիմքով, որ Արցախի Հանրապետությունը երբեք չի եղել Ադրբեջանի կազմում։ Դրա մասին բավական շատ ուսումնասիրություններ և նյութեր կան հրապարակված։ Հետաքրքրվողներին և հատկապես չիմացողներին խորհուրդ եմ տալիս անպայման կարդալ դրանք։

Մինչդեռ միջազգային իրավունքի մի շարք մյուս նորմեր բավական շահեկան են հայկական կողմի համար։ Դրանց շնորհիվ հայկական երկու պետությունները չափազանց շատ խնդիրներ են լուծում։ Այդ թվում նաև կենսական նշանակություն ունեցող կարևորության խնդիրներ։ Այդ իրավունքի սկզբունքներով ու ոգով առաջնորդվելն է, որ թույլ է տվել պաշտոնական Երևանին, օրինակ, զսպել Թուրքիայի հնարավոր ագրեսիան Հայաստանի դեմ։ Նույն այդ իրավունքն է տարիներ շարունակ կասեցրել Ադրբեջանի կողմից նոր լայնամաշտաբ պատերազմ սկսելու ցանկությունը։ Այդ իրավունքն է մեր ձայնը հասցրել աշխարհի ամենաբարձր ամբիոններ և ստիպել գերտերությունների ղեկավարներին հաշվի նստել հայկական շահի հետ։ Ուրիշ շատ բաներ էլ է տվել այդ իրավունքը մեզ, որոնց մասին խոսելն անգամ ավելորդ է։ Հետևաբար չի կարելի կտրել այն ճյուղը, որի վրա նստած ես։ Պարզպես պետք է հասկանալ, որ իրավունքի դաշտում մեր դիրքերը շատ ուժեղ են։ Հասկանալ և գործել։

Եվ վերջինը՝ ամենակարևորը։ Գիտե՞ք ինչը կարող է դառնալ Հայաստանի (բնականաբար ներառյալ Արցախի) անվտանգության, բարեկեցության և հարատևության ամենակայուն հիմքը։ Ասեմ. շան լակոտ չլինելու սկզբունքը։ Դժվար բան չէ դա։ Ընդամենը ազնվություն և խիզախություն պահանջող սկզբունք, որը թելադրում է չդավաճանել դաշնակիցների ու բարեկամների շահերը։ Երբեք չդավաճանել։ Չփոխարինել դրանք ինչ-որ «նախադեպերով» ու պղտոր ջրերում ձուկ որսալու ցանկությունով։ Կանգնել և հայտարարել, որ Գոլանի բարձունքները Սիրիայի անբաժան մասն են։ Որ Ղրիմը Ռուսաստան է, Աբխազիան ու Օսեթիան՝ անկախ պետություններ, իսկ Կոսովոն՝ սերբերի բռնազավթված հայրենիքը։ Այդքանը երբ անենք, Արցախի հարցն էլ իր լուծումը կստանա։ Այ թե նախադեպ կլիներ դա մեզ համար։ Այն էլ ի՜նչ նախադեպ։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար

Հետևեք մեզ նաև Telegram-ում