AM | RU
USD
EUR
RUB

Իմ Աստղիկ տատը

 

- Տատիկ, ո՞ր գույնն ես սիրում ամենաշատը....

- Կանաչը...

- Ինչի՞...

- Բնության գույնն է... Կյանքի գույնը....

Չգիտեմ, կյա՞նքն էր իրեն ավելի սիրում, թե՞ ինքը կյանքին...

Մի տարեկան չկար, 1920 թվականն էր, թուրքերն հարձակվել էին իրենց գյուղի՝ Հարժիսի վրա... Գյուղի բնակիչների մի մասին՝ կանանց ու երեխաներին, ստիպված էին գետն անց կացնել, որպեսզի թշնամու ձեռքը չընկնեն։

Որոտան գետը, իբրև իսկական լեռնային գետ, գարնան-ամռան ամիսներին է՛լ ավելի վարար էր լինում...

Իրեն կապել էին մոր մեջքից, մորը՝ պարանով կապել իրենց եզի պոչից, եզին քշել գետը, որ ափ հանի։ Գետի մյուս ափին քեռիները պիտի դիմավորեին իրենց քրոջն ու մի քանի ամսական զարմուհուն... Եզը գետի հոսանքն ի վար սկսել էր հեռանալ՝ ինչ-որ մի պահի, տեսադաշտից կորելով... Մտածում էին, թե վերջ... շատերի պես իրենք էլ գտան իրենց վաղճանն Հայոց գետերում...

Մեկ-մեկ մտածում եմ, որ մեր գետերն ազնվական են իրենց կուլ գնացած առաքինի հայ օրիորդների ու կանանց կյանքերով, որոնք օտարին բաժին չդառնալու համար իրենց գետն էին նետում։

Տատիկն իրենց տան 8-րդ երեխան էր... Իրենից առաջ ծնողներն 7 երեխա էին ունեցել, որոնք տարբեր տարիքներում տարբեր պատճառներով մահացել էին...

Սահակ պապս՝ տատիկիս հայրը, Անահիտ անունը շատ էր սիրում... բայց իրենց օջախում վիճակված չէր Անահիտ ունենալ, և երեք Անահիտ անունով աղջիկներն էլ մահացել էին...

Այն տարիներին կյանքի ու մահվան համար կռիվն ավելի դաժան էր, բայց մարդիկ՝ ավելի ուժեղ, թե՛ հոգեպես, թե՛ բարոյապես և թե՛ ֆիզիկապես... Նաև դա էր պատճառը, որ 1915 թվականից հետո՝ Եղեռնից կարճ ժամանակ անց, ծնկած ազգը ոտքի կանգնեց... Շատացավ...

Տատիկս ապրեց։ Եզը գետի մյուս ափ էր հանել դեռ մի քանի ամսեկան Աստղիկ տատիս և տատիկիս մորը՝ Սառային, որ աշխարհի ամենաբարի կինն էր... Հետագայում Սահակ պապն ու Սառա տատն ևս երկու երեխա ունեցան՝ Արկադիան և Օլյան...

Օլյա տատիկն ասում է, թե Որոտան գետում տատիկիդ երկրորդ ծնունդն էր... Տատս Սովետի բարքերով մեծացած աթեիստ էր, բայց չէիր ասի թե անհավատ էր... Ասում է, թե կնքել են փոքր ժամանակ... Չգիտեմ... Քրիստոսին Հորդանանում մկրտեցին... Ասում են, Հայի Աստվածը ջրերի Աստվածն է ու մեռոնով մկրտության խորհուրդն է նաև Հայ լինելու հիմքում... Մի գուցե Որոտան գետում էլ հենց «մկրտվեց» Աստղիկ տատս... ու ճակատին գրվեց, որ իր կյանքն էլ իր ազգի պես պիտի պայքար լինի...

Քանի-քանի հիվանդություններ էր տարել՝ է՛լ մալարիա, է՛լ նեֆրիտ, է՛լ որովայնային տիֆ, է՛լ ինսուլտ...

Տատիկիս մայրն իրենց գյուղում բոլոր հիվանդներին խնանում էր, նույնիսկ երբ նրանց հարազատները վախենում էին մոտ գնալ, հատկապես եթե վարակիչ հիվանդություն էր... 

Տատս, երբ որովայնային տիֆով հիվանդ էր, իր հորաքրոջ ամուսինն ասել էր՝ չեմ ուղարկելու հիվանդանոց... էդ տարիներին սարսափելի էին պայմանները՝ դիզենտերիայից ու այլ վարակներից մահերն անհամար էին։ Հիվանդ երեխաներին առվի ջրում էին լվանում։ Հիվանդանոցից շատերը տուն չէին դառնում։

Ասել էր՝ բոլոր երեխաներս էլ մահանան, մեկ է՝ Աստղիկին իմ տնից չեմ հանելու...

Տատս պատմում էր, թե իր կյանքի գաղտնիքը մեղրն է, որ մանկուց շատ է սիրել։ Պատմել են, թե փոքր տարիքում, մինչև մեղր չի կերել, դպրոց չի գնացել։ Նույնիսկ մի անգամ ստիպված են եղել օզողից (մուրացկանից) մեղր խնդրել, որովհետև տան մեղրը վերջացել էր, իսկ Աստղիկն առանց մեղր ուտելու դասի գնացողը չէր...

Մեղրի հետ կապված շատ դեպքեր կային։ Մեկը պատմեմ. 90-ականներին, երբ Գորիսը ռմբակոծում էին, մոմի լույսի տակ էինք ապրում՝ ապաստարաններում։ Փայտից սեղան ունեինք, հայրիկն էր պատրաստել ժամանակին։ Ես էլ իրենից սովորել էի փայտի հետ աշխատելը։ Դեռ 5-6 տարեկան էի, որ մոմակալներ ու խաչեր էի պատրաստում։ Իմ պատրաստած մոմակալներից մեկի վրա մոմը մոռացել էինք անջատել։ Տատիկին երազում իր հորաքույրն է հայտնվում՝ մի գդալ մեղր ձեռքին ու ասում, թե սա պիտի ուտես։ Վերջը երազին ստիպում է, որ տատիկն էդ մեղրն համտեսի... ու հենց էդ պահին քնից արթնանում է, տեսնում մոմակալը վառվել է ու կրակն արդեն փայտե սեղանին է հասնում։ Արագ հանգցնում է կրակը։ Բոլորս քնած էինք։ Փրկվում ենք...

Տատիկիս հորաքրոջ՝ Հայկանուշի մասին մի առանձին պատմվածք կարելի է գրել։ Մի օր, գուցե և կզբաղվեմ դրանով։

Իսկ տատիկի կենսական ուժի մասին ես իմ կարծիքն ունեմ, մեղրից ու գեներից զատ էլի մի կարևոր հատկություն կար։ 

Հումորը։

Մի օր քեռին էր եկել, ընկերներից մեկի հետ՝ քեֆները լավ։ Էս ընկերը սեղանի մոտ սկսել էր «գողականներից» ու կրիմինալ թեմաներից խոսել։ Տատս՝ թե հալա մի պատմի, տեսնամ էդ հինչ պանա։ Էս ընկերը, տատիկի խասյաթից խամ՝ սկսել էր մանրամասն պատմել... Կեսից տատիկը պտտվում է, թե. «հա՜, հետաքրքիր պանա իրևում, տեսնասն վեր ես քինամ, ինձ կընդունե՞ն»։ Տենց էլ մինչև վերջ, էդ ընկերը չհասկացավ, թե ոնց էր տատիկն իր հոգու հետ խաղ անում։

2011 թվին էր, եղբորս 3 օրից բանակ էինք ճամփում։ Ընտանիքով հավաքվել էինք Գորիսում, պատրաստվում էինք։ Էդ օրն արևի խավարում էր։ Տատիկի մոտ հիպերտոնիկ կրիզ է սկսվում, գիտակցությունը կորցնում է։ է՛լ ներարկումներ, է՛լ շտապ օգնություն.... գունատ ու անշարժ դեմք... Հորեղբորս կինն է գալիս էդ պահին, մտնում սենյակ, էդ վիճակին տեսնում, հուզվում։ Էդ ընթացքում դեղերն ազդել էին, ու տատիկի գիտակցությունը կարգավորվում է, աչքերը բացում է, դեռ գունատ դեմքով, բայց տեսնում դիմացը բոլոր հարազատները, թոռները, հարսները, հոպարիս կինն էլ՝ հուզված... Տանում-բերում է, հորեղբորս կնոջը, թե՝ ա՛ հարսնը, մի լաց իլ՝ տեսնամ վեր մեռնեմ՝ վիրաս հունց ես լաց ինիլու...

Էդպիսին էր տատիկը, նույնիսկ «էն աշխարհից հետ գալուց» չէր կորցնում հումորի զգացումը։ Մեծի հետ մեծավարի, փոքրերի հետ՝ իբրև մանկավարժ, իր բառերով ասած՝ միշտ ըզգաստ։ 45 տարվա մանկավարժ էր։

Մեր տանն իր նստելու տեղն ուներ։ Հնուց եկած կարգ է՝ ամենքն իրենց տեղն ունեն նստելու։ Կյանքում չէիր տեսնի սեղանի շուրջ ավելորդ ճառ ասեր, ճառն երկարացներ։ Իր խոսքի արժեքն ու քաշը թե՛ ինքը գիտեր, թե՛ դիմացինին էր զգացնել տալիս։ Ընկած տեղը նույնիսկ կսաստեր՝ թե պուլերը կոխ ես տամ։

Նաև դրա համար էր վայելում բոլորի հարգանքը...

Պատահական չի, դեռ երբ 16 տարեկանում գյուղի դպրոցում ընդունվել էր աշխատելու որպես մանկավարժ, զուգահեռ սովորելով քաղաքի տեխնիկումում, 17 տարեկանում արդեն ուսմասվար էր, ու դպրոցի տնօրենի հետ ձիերով գնում էին գյուղից քաղաք՝ հանդիպումների։ Մի անգամ տնօրենն ասել էր. «Ա՛ստղիկ, քըզանա վախում եմ»։ Տատս էլ, թե. «Վախում ես՝ հեռու կաղնի»։

18 տարեկանում արդեն դպրոցի տնօրենն էր։ 21 տարեկան էր, երբ պատերազմը սկսվեց։

Տեսել էր, ինչպես էին որոշ «տղամարդիկ» մատը կտրում, իրենց ժայռից գցում՝ ոտքը ջարդում և այլ արարքներով փորձում խուսափել ֆրոնտից։

Կուսակցության նիստին հանդիսավոր ելույթ է ունենում և կոչ անում աղջիկներին ջոկատ կազմել՝ գնալ ֆրոնտ։ Չնայած նրան, որ իբրև դպրոցի տնօրեն «բրոնյա» ուներ, ու իրավունք չունեին իրեն տանելու բանակ, կամավոր՝ իր դիմումի համաձայն, ևս 30 գորիսեցի աղջիկների հետ մեկնում են ֆրոնտ...

Շատ քիչ բան է պատմել ֆրոնտից։ զինվորականին վայել ըզգաստության հետ մեկ տեղ նաև զուսպ էր։ Մինչև 85-90 տարեկանը նույնիսկ մենք թոռներով չէինք կարողանում մի նորմալ մարդավարի գրկեինք։ Ասում էր՝ «ա լուրջ պըհեցեք ծեզ է, թիթիզ չեք»։

Բանակում զենիթչիկ էր և քիմինստրուկտոր...

1945 թվականի մայիսի 9-ին ինքն էր հերթապահում հեռախոսի մոտ։ Հաղթանակի ավետիսը զորքին էր հասցրել՝ մի քանի կիլոմետր վազելով։

Հետպատերազմյան տարիներին էլ, երբ ծնողներին, քրոջն ու եղբորն աքսորել էին Սիբիր, նամակ էր գրել Ստալինին... որից հետո ընտանիքն հետ է վերադարձել։

Չգիտեմ, թե ինչ ջանքերով էր պապս կարողացել շահել տատիկի սիրտը։ Հպարտ կին էր տատս, զգացմունքներից չէր խոսում։ Ասում են, թե երբ գնացել էին իրենց տուն՝ աղջկատես, մտել էր սենյակ, ասել եկել եք ինձ տեսնելու՞, վեր էր կացել ամբողջ բոյին կանգնել, թե ես Գալստյան Աստղիկն եմ, տեսա՞ք, դե վեր կացեք գնացեք ստեղից։

Բայց անցած տարի՝ դեպքերից հետո, իր հորաքրոջ տղան՝ Աբոն, անկեղծացավ։

Ասեց՝ մենք ջահել վախտ շառբաշառ էինք, քաղաքում մեր ընկերներով մեզ լավ էինք զգում։ Աստղիկը մի օր ասեց՝ մի հատ ճշտի թե ինչ ձևի տղա է (նկատի ուներ՝ Զախար պապուս)։

Աբոն էլ իր ընկերներով գնացել էր ուսումնարան, որտեղ պատերազմից նոր վերադարձած կապիտան պապս ֆիզկուլտուրա էր դասավանդում (պապս էլ հետագայում 2 ամսում էքստեռն կերպով ավարտեց մանկավարժականը՝ պատմության և աշխարհագրության ֆակուլտետը,իսկ մինչ պատերազմը Չանախչիում էր դաս տալիս։ Պարույր Սևակի էն ֆիզկուլտուրայի ուսուցիչն էր, ով Սևակին գրականություն և հայոց լեզու էր պարապում՝ բոլորից թաքուն Սևակի համար գտնելով Րաֆֆու և այն ժամանակ արգելված այլ գրքեր)։

Պատմում է. «էն վախտ էդ լեզվակռիվ պան չկար, ափեռ-ցըփեռ խոսալ չկար... մինը մի քիչ խելունք չէր պահում՝ եր-եր էր թռնում, տամ էին յեր քիցում։ Էս մեր տղերքան մինը պապիկին կպավ, պապիկը թե՝ էս լակոտին նայի է, սա փորձեց պատասխան տա, պապիկդ նենց մի հատ ծեփեց՝ սա թոփի (գնդակի) նըման տուվեց տափան թռավ հեռու։

Էդ ա, քյացի, Աստղիկին պըտմեցի, ըսեցի՝ կարգին տղայա։ Դե ցույց չտվեց վեշ մի պան, չէիր կարա իրանա պան գիդայիր, բայց դե հենա տեսնում ես»։

Հպարտ էր տատս... Հիշում եմ, մոտ 90 տարեկան էր արդեն, մի օր նստած ասեղ էր թելում։ Թաշկինակի երիզ պիտի գործեր՝ քարկապով՝ թոռների ապագա հարսնացուների համար։

Մաման մոտեցավ, թե բեր օգնեմ թելես, ասեց՝ չէ։ Մոտ 10 րոպե չարչարվում էր, վերջը թելեց, պտտվեց մամային, թե. «տու հի՞նչ հարսն ես, ըսկի չօգնեցիր ասեղ թիլեմ»։

Հարս ու կիսուր հարաբերությունների մի ամբողջ համալսարան էր իրենց հարաբերությունները, հարսների մի ուրույն դպրոց։

Բայց էդտեղ մի այլ՝ թաքնված կողմ կար։ Տատիկը միշտ ուզում էր պահպանել, թե՛ իր ինքնուրույնությունը և թե՛ պիտանի լինելը։ Առանց գործ տեղը չէր գտնում։

Իր 88 ամյակին միասին սղոցով փայտ էինք կտրում մեր այգում։

Տան վառարանը վառելն ու կրակին հետևելը իր պարտականությունն էր։ Իսկ պարտականություններին տատիկը զինվորականի ճշտապահությամբ էր վերաբերվում։

Կյանքի մայրամուտին իր գործը հավերի համար հաց կտրտելն էր։ Թեկուզ դա, բայց միշտ մի գործ, մի օգտակար բան պիտի աներ տանը։ Իր հստակ ֆունկցիան ու պարտականությունները պիտի ունենար ընտանիքում՝ պիտանի լինելու ընդգծված կարևորությամբ։

Միշտ կարդում էր։ Մինչև անգամ 97 տարեկանում՝ Թումանյան էր կարդում։

Անգիր գիտեր շատ գործեր ու նաև սիրում էր հարցեր տալ՝ հանելուկի, առակի տեսքով. թե կռահեցիր՝ «ապրես»-ին էիր արժանանում, թե վայն եկել էր՝ չիմացար՝ անգրագետ կատու պիտակը երկար չէր ջնջվի քեզնից... Դրա պատճառով բարեկամների երեխաներից ոմանք չէին գալիս մեր տուն, որ տատիկի «մամլիչի տակով» չանցնեին։ Հարցերը բազմազան էին՝ մաթեմատիկայից սկսած, գրականությամբ վերջացրած։ Թե փորձությունն անցար՝ կհարգի, թե չէ՝ մի գլուխ կցածրանաս։

Դեռ 90-ականներին ռադիոթատրոն կար, պարտադիր լսում էր։ Միշտ պիտի նորություններից տեղյակ լիներ, Լրաբերի ժամը բաց չէր մնա։

Մի անգամ Թումանյանի քառյակներից մեկն արտասանեցինք, ծանոթ չէր։ Շատ զարմացավ, խնդրեց, որ իրեն ցույց տանք, որ համոզվի, որ Թումանյան է։

Քույրս Թումանյանի գրքերից նվեր տվեց։ 97 տարեկանում նստեց ու անգիր արեց էդ քառյակը։ Վերջին գրքերից, որ կարդացել էր՝ Պապ Թագավորն էր, Միքայել Արամյանցի կենսագրությանը վերաբերվող գիրքը, Ավետիք Իսահակյանի վերահրատարակված գրքերից, Թումանյան։ Ապրում էր գրքով...

Նույնիսկ էդ տարիքում փորձում էր լիարժեք ապրել, լիարժեք ինտերգրված լինել կյանքին, պրոցեսներին...

Մի անգամ մաման մի դեպք էր պատմում 80-ականներից։ Տատիկն ասեց, էս վերջերս էր, մաման թե՝ ա կընեկ, հինչ էս վերջերս՝ 80-ականների պան եմ պատմում... Տատիկն էլ թե՝ հա էլի, էս վերջերս էր...

Սյունիքի մասին հոլովակ էինք միացրել, որտեղ Տաթևն էր, Գորիսը, Կապանը... Ասեցի՝ տատիկ, Կապանում եղել ե՞ս... Տատիկն էլ, թե՝ 100 տարի առաջ... Սկզբից ծիծաղեցինք, հետո շարունակեց. «...6-րդ դասարանում դասարանով էքսկուրսիա էինք գնացել... Հետ գալու ճանապարհին մեր դասարանի տղաներից մեկի դիակն էին բերում գյուղ... Չէր եկել էքսկուրսիա, էդ օրը տավարի սիրա էր, սարում կայծակը խփել էր, տեղում մահացել էր... Էդ էր եղել առաջին ու վերջին անգամ մեր Կապան գնալը...»... Հաշվեցինք մոտ 85 տարի առաջվա դեպք էր...

...Անսահման սիրում էր բնությունն ու կյանքը...

...Շատ բան ենք սովորել մենք մեր տատիկից...

Ատում ենք սուտը, նենգությունը, չարությունը...

Սիրում ենք ճշմարտությունը, բարությունը.... Հայրենիքը...

Ասում էր մարդ պիտի միշտ ՄԱՐԴ մնա... Ասում էր՝ տղամարդը չպիտի «տուտուլ ինի», պիտի լինի՝ զուսպ ու պատասխանատու, կինը՝ համեստ ու առաքինի...

Տված խոստումը միշտ պահում էր...

Էդպես էր տատիկը...

...Բայց կյանքում 2 խոստում կար, որ չպահեցիր, տատիկ...

Մեկ, որ 100 տարի պիտի ապրեիր, ու երկրորդ, որ հըրսանիքիս պիտի պար կյայիր, ու հըրսընքի լավաշը տու քիցեիր իմ ու հարսի օսավը...

Ասում էիր՝ պիտի արխային տառնամ, վեր խաբարը տանեմ Զախարին...

Քո կյանքը մի գիրք էր՝ անահավանական հետաքրքիր, խորհրդավոր, կյանքով լիքը...

Ես իսկապես չգիտեմ՝ դու՞ էիր կյանքն ավելի շատ սիրում, թե՞ կյանքը՝ քեզ...

Մեզ թվում էր, թե բոլորս մահկանացու ենք, դու՝ անմահ՝ մեր ժայռերի պես...

...Կյանքում առաջին անգամ քո ծնունդը պիտի նշենք առանց քեզ...

...Մենք երջանիկ ենք, որ ունեցանք քո ներկայությունը երկար վայելելու հնարավորությունը... ...Իսկապե՛ս վայելելու...

Հիմա ես՝ ավագ թոռդ, քո Գերդաստանի անունից ուզում եմ ասել.

- Տատիկ, մենք լավ ենք, բոլորս լավ ենք... ու է՛լ ավելի լավ ենք լինելու...

Ծնունդդ շնորհավոր, էսօր դարձար 99 տարեկան...

Զաքար ԽՈՋԱԲԱՂՅԱՆ

Լրահոս
Պարոն վարչապետ, ներկայացրե՛ք Հայաստանի զարգացման Ձեր հստակ տեսլականը. Տեսանյութ Ո՞ւմ է ներկայացնում Պյոտր Սվիտալսկին մեր երկրում. Հրանտ Մելիք-Շահնազարյան Կարող է՝ Սվիտալսկին զանգել, լացել է. Արթուր Դանիելյանը և Կոնստանտին Տեր-Նակալյանը դուրս եկան ոստիկանության շենքից Առաջիկա օրերին սպասվում է անձրև և ամպրոպ Սպասում ենք Ադեկվադի տղաներին. Հրանտ Մելիք-Շահնազարյան (ՈՒՂԻՂ) ԼԳԲՏ համայնքի պաշտպանի պաշտպան Ոստիկանությունը բերման է ենթարկել «Ադեկվատ»-ի անդամներին Օրենքի գերակայությունը և իշխանությունների տարանջատման սկզբունքը պետք է հարգել. Ժոզեֆ Դոլը՝ Փաշինյանի կոչի մասին Արթուր Դանիելյանին, Կոնստանտին Տեր-Նակալյանին և «Ադեկվատ» նախաձեռնության մի քանի այլ անդամների բերման են ենթարկել ոստիկանություն (Տեսանյութ) Անկարայում գյուլենականների հետ կապի մեղադրանքով 140 զինվորականի ձերբակալման որոշում է կայացվել Առաջադրված մեղադրանքը չեմ ընդունում անհիմն լինելու պատճառով. Լևոն Երանոսյան Լոռիում վաղը գազ չի լինի Հրապարակվել է ԵՄ-ՀՀ գործընկերության իրականացման զեկույցը Աննա Հակոբյան ջան, տեր կանգնեք ձեր խմբագրությանը, ձեռքից գնում է... Մխիթարյանը չի մեկնի Բաքու. պաշտոնական Ադրբեջանը նախապես չզգուշացված լայնածավալ զորավարժությունների անցկացմամբ խախտել է ԵԱՀԿ հանձնառությունը. ՀՀ ԱԳՆ ԵԽԽՎ-ից քաղաքական գործիչներին հորդորում են զերծ մնալ արդարադատությանը միջամտելուց ՀՅԴ ԳՄ. Փաշինյանը որդեգրել է ժողովրդի գործոնը շահարկող մարտավարություն ՌԴ ԱԴԾ. Ահաբեկիչները քիմիական զենք և անօդաչուներ ունեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի վերջին կժամանեն տարածաշրջան Կոնստանտին Տեր-Նակալյան. Միջադեպ եղել է միայն մամուլի էջերում Ճեպազրույց՝ ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի հետ Ադրբեջանի կողմից Մխիթարյանի ու հայկական ծագում ունեցող երկրպագուների նկատմամբ քայլը ՀՀ ԱԳՆ-ն համարում է ռասիզմի նոր դրսևորում Վաղը ԱԺ արտահերթ նիստ կլինի «Իրատես». Կառավարությունում էլ համաձայն չեն եղել Փաշինյանի երեկվա կոչերին «Ժամանակ». Ո՞վ է այն միակ դատավորը, ում հաջողվել է աննախադեպ հաջողություն գրանցել «Փաստ». Քանի՞ երկիր կա, ուր գործադիրի ներկայացուցիչը կոչ է անում ճնշել դատական իշխանությանը «Ժողովուրդ». Նախարարությունը «Գարդասիլ 4»-ի ներդրման համար դրամաշնորհ է ստացել «Հրապարակ». «Չեմ ուշացել, պոեզդ չի, որ ուշանաս» «Ժամանակ». Նոր օրենքով էլ չի լուծվում մարզպետների ընտրության հարցը «Հրապարակ». Փաշինյանին շատերն են զգուշացրել «Ժողովուրդ». Բակո Սահակյանը տվել է անհրաժեշտ պատասխաններ` հանդարտ, իրեն բնորոշ ձևով «Հրապարակ». ԲԴԽ անդամի հայտարարությունը տարբերվում է կառույցի դիրքորոշումից ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Մայիսի 21 Կալանավորումների ալիք՝ Թուրքիայի բանակում և արտգործնախարարությունում Ավարտվել է Բակո Սահակյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հանդիպումը Ռոբերտ Քոչարյանի համար երաշխավորագիր ներկայացնելը լրացուցիչ լարվածություն առաջացնելու նպատակ չէր հետապնդում. Բակո Սահակյան (Տեսանյութ) Հայտնի է դարձել՝ ինչ հիմքով է դատավորը կասեցրել Մարտի 1-ի գործի վարույթը և դիմել ՍԴ Բացառում եմ, որ մենք ունենանք այդպիսի լարվածություն. Բակո Սահակյան ՀՅԴ-ն հանրահավաք է հրավիրում Ազատության հրապարակում Քոչարյանի և մյուսների գործով վարույթը կասեցվել է. այն ուղարկվել է Սահմանադրական դատարան
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan