Մենք պահանջում ենք, որ թոշակները կրկնակի բարձրացնեն, որպեսզի ազատամարտիկները սովից չմահանան
Նմանատիպ
Շահումյանում, Մարտակերտում, Քարվաճառում Լեոնիդ Ազգալդյանի հրամանատարության ներքո մարտական ուղի անցած ազատամարտիկ, պահեստազորի գնդապետ Վոլոդյա Ավետիսյանի գլխավորությամբ մի խումբ ազատամարտիկներ Երևանի Ազատության հրապարակում կրկին նստացույց են հայտարարել՝ ազատամարտիկներին առնչվող մի շարք խնդիրների լուծման պահանջով։
«Մենք պահանջում ենք, որ թոշակները կրկնակի բարձրացնեն, որպեսզի ազատամարտիկները սովից չմահանան։ Ուղղակի մարդկանց մի մասը չի պատկերացնում, որ խնդիրն, իրոք, շատ լուրջ է, մեր սերունդներն էլ տեսնում են, և Աստված չանի վաղը պատերազմ լինի, պիտի ասեն՝ ազատամարտիկ ա, սոված մեռնում ա, բա ո՞ւմ համար գնամ կռվեմ, ինչի՞ համար կռվեմ»,- Tert.am-ի հետ զրույցում ասել է Վոլոդյա Ավետիսյանը։
Նրա խոսքով՝ մինչ այսօր իրենք պայքարել են, բանակ են ստեղծել, պատերազմ են հաղթել, հիմա էլ անցել են թոշակի, ու տեսնելով ազատամարտիկների խնդիրները՝ որոշել են կոտրել կարծրատիպերը և հանուն մարտական ընկերների, հանուն ապագա սերնդի, դուրս գալ պայքարի։
«Պահանջում ենք ազատամարտիկների կարգավիճակի վերաբերյալ օրենք, նրանց հատկացնել անժամկետ հավելյալ թոշակ սննդի զամբյուղի մինիմալ չափով։ Արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների ընտանիքների անդամների ուսումը դարձնել անվճար, կոմունալ ծառայությունները 50%-ով կրճատել, առողջական ապահովություն սահմանել և այլն»,- ներկայացրել է Վոլոդյա Ավետիսյանը՝ ընդգծելով, որ իրենք պահանջների բավարարման ակնկալիք ունեն, ուղղակի խնդիրը օգնության չափն է։ Իսկ եթե որևէ պատասխան չստանան օրենքի դաշտում, կմտածեն հաջորդ քայլերի մասին։
Հարցին, թե մյուս ազատամարտիկները նման խնդիրներ չունե՞ն, որ չեն միացել իրենց, գնդապետ ազատամարտիկը պատասխանել է. «Դեռ օրը նոր է սկսվում, դեռ կհավաքվենք։ Անցած նստացույցի ժամանակ 300 հոգի մարդ էր եկել, ուղղակի մի մասը չի էլ իմացել նստացույցի մասին, ամեն դեպքում 100%-ով բոլորն այդ խնդիրներն ունեն։ Բայց մարդիկ, երևի, դեռ պետք է սովորեն իրենց իրավունքների համար պայքարել»։
Նշենք, որ ազատամարտիկները նախատեսում են նստացույց անցկացնել մինչև հինգշաբթի։
Հիշեցնենք, որ Վոլոդյա Ավետիսյանի գլխավորությամբ ազատամարտիկները մայիսի 11-ից մի քանի օր շարունակ նստացույց արեցին Ազատության հրապարակում՝ պահանջելով արմատապես վերանայել ազատամարտիկների և մարտական գործողությունների այլ մասնակիցների սոցիալական երաշխիքները և վերանայել զինծառայողների կենսաթոշակի հաշվարկման կարգը։ Նրանք այդ պահանջները նամակի տեսքով ներկայացրին կառավարությանը, սակայն դեռ հստակ և բավարար պատասխան չեն ստացել։
Հիշեցնենք նաև ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մայիսի 30-ին ընդունել էր ազատամարտիկների խնդիրներով զբաղվող քաղաքացիական նախաձեռնության անդամներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել էր ազատամարտիկներին մտահոգող խնդիրներին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը համապատասխան հանձնարարականներ էր տվել հանդիպմանը ներկա ոլորտի պատասխանատուներին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում